Մայիսի 12-ի դռնբաց դատական նիստում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ նախագահական ընտրություններից առաջ մահափորձ կատարածների՝ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ գումարի փոխհատուցման պահանջով բերված բողոքը:
Այսօր դատարանը Ա. Հունանյան, Մ. Հարթենյան, Լ. Գրիգորյան կազմով հրապարակեց իր որոշումը, որը ուժի մեջ է մտնում մեկ ամսվա ընթացքում, եթե չբողոքարկվի:
Պ.Հայրիկյանը դիմել էր առաջին ատյանի դատարան:
Դատարանում վիճարկվել էր ՀՀ կառավարության 291-Ն որոշմամբ բուժման նպատակով հատկացված 20 միլիոն 500 գումարի, երկրորդ վիրահատության եւ բուժման համար անհրաժեշտ 20 միլիոն 500 գումարի հարցը:
Կարդացեք նաև
Ըստ վերաքննիչ դատարանում այսօր հրապարակվածի, մինչեւ 10.04.2015թ. ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար երեք հազար դրամ գումարի, դեղամիջոցների, վիտամինների եւ բուժման հետ կապված այլ հավելումներ ստանալու համար ութ օրվա համար ծախսված 2 միլիոն 424 000 դրամի ՝ ընդհանուր 42 524 000 դրամի նկատմամբ սկսած 1.02.2013 թվականից մինչեւ կատարման պահը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջների մասին Կենտրոնի դատարանին փետրվարի 13-ի վճռի դեմ բողոքներն էլ քննել:
Վերաքննիչ դատարանը որոշեց Վարդան Սեդրակյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի, գործն ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Փետրվարի 13-ի՝ 41 միլիոն դրամ բռնագանձելու մասով բեկանել:
Դատարանը որոշեց նաեւ Վարդան Սեդրակյանի վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով:
Պ. Հայրիկյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի:
Ըստ այս որոշման, 42 միլիոն 524 000 դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տոկոսների բռնագանձման հայցապահանջը մերժելու մասով այն կմնա օրինական ուժի մեջ:
42 միլիոն 524 000 դրամ գումարի նկատմամբ օրենքով սահմանված կարգով երկու տոկոսը Հայրիկյանից պետտուրք բռնագանձելու մասով դատարանի վճիռը բեկանվեց եւ «փոփոխեց», այդպիսով պետական տուրքի հարցը համարելով լուծված:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ