Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիստները՝ «հայտնի» տաքսիստի մասին. «Ինքնահռչակվել է ու մի հատ էլ խորհրդում աչյոտ չի տվել» (Տեսանյութ)

Մայիս 15,2015 14:10

Տաքսու վարորդներին ամենևին դուր չի եկել անհատ տաքսիստ Արման Գալստյանի հանդիպումը Գագիկ Բեգլարյանի հետ: Նրանք այդ հանդիպման մասին չեն իմացել, չեն էլ լիազորել այդ անձին հանդիպել նախարարի հետ: Ավելին, նա անգամ հանդիպումից հետո չի էլ եկել ու իր գործընկերներին տեղեկացրել, թե ինչ է զրուցել նախարարի հետ: Տաքսիստները հավաստիացրին, որ Արմանի մասին չգիտեին, անգամ չեն էլ տեսել, որ նա տաքսի է վարում:

«Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ նախագահ Համլետ Մանուկյանը հայտարարեց. «Այդ հանդիպումը ոչ մի նորմալ արդյունք չի տվել, ընդհանուր համաձայնության չեկած խոսակցություն է: Մեր պահանջները չեն իրականանում»:

Նա նշեց, որ իրենց պետք է սակագները իջեցվի, դառնա 5000 դրամ՝ Երևանում, 3000 դրամ՝ Գյումրիում, 1500 դրամ՝ գյուղերում, չեն ցանկացել բուժզննում, տեխզննում, նման բաներ պետք չեն, քանի որ մարդիկ ժամանակ չունեն, այդքան բժիշկներ էլ չկան:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե Արմանն ինքնահռչակվել է ու հանդիպել է նախարարի հետ, այնուհետև հայտարարել, թե ուզում է ավտոպարկեր ստեղծել, ինչի դեմ տաքսիստները պայքարում են տարիներ շարունակ: Նա մանրամասնեց. «Ինքը որոշ օլիգարխ թևից ներմուծված է, որ ուզում են ՀՀ-ում պարկեր ստեղծվեն և անհատները լցվեն տաքսու պարկերը»:

«Անհատ տաքսու վարորդների իրավունքների կենտրոն» հ/կ համանախագահ Արսեն Պետրոսյանը վրդովվեց. «ԶԼՄ-ներից ենք մենք իմանում, որ նախարարը հանդիպում է ոմն անձնավորության հետ, որը եղել է մեր կողքին այդ պայքարում մեզ հետ: Բայց այդ հանդիպումից հետո էլի ակտավորումները նույն կերպ շարունակվում են: Այս պայքարի մեջ ենք, ոչ մեկս անկախ իրարից քայլեր չենք անում, դա համաձայնեցվում է մեկը մյուսի հետ: Այնինչ Արմանը առանց մեզ հետ այդ մասին խոսելու գնացել է, հետո էլ չի ցանկանում մեզ հանդիպել: Նախարարն էլ քայլ է անում ձիով, ուզում է սեպ խրել անհատ տաքսու վարորդների մեջ, ինչ-որ մեկին կանչելով բանակցությունների սեպարատ: Մենք կողմ ենք, որ բանակցությունները լինեն բաց ու թափանցիկ»:

Տաքսու վարորդները նշում են, թե Արմանը «եկա, տեսա, հաղթեցի» սկզբունքով եկել ու հիմա առանձին խաղ է խաղում ու «մի հատ էլ խորհրդում աչյոտ չի տվել»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ այդ տղան մուտք գործեց իրենց շարքերը, կասկածելի չէ՞ր, պարոն Հովհաննիսյանը նշեց, թե սկզբից էլ կասկածելի էր, մտածում էին ԱԱԾ-ից է: Տաքսիստները նշում են, թե այդ ո՞նց եղավ, որ միանգամից եթեր տրամադրեցին, այնինչ իրենք տարիներ շարունակ ցանկացել են այդ եթերը, ոչ ոք չի տվել:

Նշենք, որ տաքսու վարորդները ասուլիսից հետո գնացին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ հանդիպելու նախարարի կամ փոխնախարարի հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031