Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անորակ բետոն, 83% ատկատ. Լեւոն Զուրաբյանը Վերահսկիչ պալատի բացահայտած թալանի հարցն է բարձրացնում

Մայիս 15,2015 14:06

«Մեզ ներկայացվեց մի շատ տպավորիչ կլիպ, իբր որեւէ խնդիր ընդհանրապես գոյություն չունի ծրագրի իրականացման գործում: Մինչդեռ իրականությունը բավականին հեռու է այդ վիրտուալ, գլամուրային պատկերից, որը մեզ ներկայացվեց»,- այսօր խորհրդարանում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ լսումների ժամանակ այսպիսի դիտարկում արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա հարց ուղղեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ մեջբերելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ մամուլում արված գնահատականներից եւ հայտարարություններից. «Իշխան Զաքարյանն ասել է՝ «Շինարարության այն ձեւը, որ ընտրվել է՝ խայտառակություն է»: ՎՊ-ն, օրինակ, հայտնաբերել է, որ 3 սմ-անոց հաստության քարերի փոխարեն օգտագործվել է 30 սմ-անոց քարաբեկորներ: ՎՊ-ն արձանագրել է, որ ջրահեռացման համար ինչ սարքել են, ջրագոյացման հետեւանքներ են տալիս: Նրանք արձանագրել են, որ բետոնն անորակ է, դադարեցրել են աշխատանքները: ՎՊ գնահատականներով՝ այնպիսի ուռճացված բյուջեներ են ներկայացված, որ շինարարության գինն ավելացված է 83 տոկոսով: Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ գումարներ են: Եթե սա ճիշտ է, այդ գումարը համեմատելի է այն պարտքի հետ, որը կուտակվել է ՀԷՑ-ում՝ էլի թալանի հետեւանքով: Միայն այդ գումարների շնորհիվ հնարավոր է այնպես անել, որ էլեկտրաէներգիայի գինն ընդհանրապես չբարձրանա»:

Լեւոն Զուրաբյանն ուսումնասիրել է նախարարության տրամադրած տեղեկանքը եւ կասկածներն ամրապնդվել են, որ բավականին բարձր տոկոսներ են նախատեսվել չնախատեսված ծախսերի համար՝ Տրանշ 1-ի համար՝ 21.6 տոկոս, Տրանշ 2՝ 17 տոկոս: Սրանք շատ բարձր տոկոսներ են: Ուրեմն սա քիչ էր, որ ՎՊ գնահատականներում ներկայացված է, հիմա էլ չնախատեսված ծախսերի միջոցով ենք այս ամենին մի բան էլ ավելացնում: Խոսքը գնում է աննախադեպ ծավալի թալանի, յուրացումների մասին»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ է եղել այն հատվածների հետ, որտեղ ՎՊ-ն արձանագրել էր անորակ շինարարությունը, քանդվել է, նորի՞ց է սարքվել. «Ի՞նչ եք արել այն ուղղությամբ, որ այս թալանի դեմն առնեք, եթե իհարկե, դա հնարավոր է եւ եթե այն չի իրականացվում ամենաբարձր կենտրոնների կողմից»:

Arthur AraqelyanՏրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ նշված բոլոր թերությունները արձանագրված են եղել տեխնիկական հսկողություն իրականացնող թիմի կողմից: ՎՊ մասնագետներն արձանագրել են այն բոլոր թերությունները, որոնք այդ պահի դրությամբ արդեն արձանագրված են եղել ծրագրի կառավարիչ ինժեների կողմից: Դա հրապարակված է եղել: Բոլոր թերությունները վերաբերել են հիմքի նախապատրաստմանը: Բոլոր կետերով, որոնք իրականությանը համապատասխանում են, թերությունները արձանագրված են եղել, ոչ մի կոպեկ դրա դիմաց չի վճարվել եւ արդեն այն հատվածում, որտեղ ճանապարհը պատրաստ է, թերությունները վերացված են. «Ճանապարհի մի հատվածի համար, օրինակ, նշված էր, որ խճանյութի խոնավության աստիճանը պետք է լինի որոշակի մի տոկոս: Քանի որ բետոնե ծածկը ոչ թե ասֆալտբետոնե է լինելու, այլ՝ միայն բետոնե, խճանյութը խոնավանալու է հենց բետոնացման աշխատանքներից, որովհետեւ բետոնը խոնավ է»:

Փոխնախարարն ասաց, որ հնարավոր չի, որ նախագծող կազմակերպությունը այլ տոկոս ներառի՝ չնախատեսված ծախսերի տակ. «Բոլոր նախագծային աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթներով ընտրված ընկերությունների կողմից: Նախագծային աշխատանքները եւս կամայական բնույթ չեն կարող կրել»: Ավելին, փոխնախարարն ասաց, որ Տրանշ 1-ում նույնիսկ խնայողություններ են ունեցել, շինաշխատանքներում հնարավոր է ինչպես հավելյալ ծախսեր, այնպես էլ խնայողություն:

Ինչ վերաբերում է 83 տոկոս շինաշխատանքների ուռճացված գումարներին՝ Արթուր Առաքելյանը վստահեցրեց. «Չարաշահումներ չէին, խնդիրներ են եղել, որոնք վերացված են ամբողջությամբ եւ դրանց դիմաց գումարներ վճարված չեն: Դրա համար մենք շատ հանգիստ ենք վերաբերվում այդ խնդիրներին: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսված է թափանցիկ եւս մի մեխանիզմ, որը ենթադրում է, որ նախագծի բոլոր լուծումները դրվում են հանրային քննարկման: Դա բացարձակ չի կրել ձեւական բնույթ: Շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել: Չի կարող գնահատական հնչի, որ 83 տոկոս տարբերություն է: Բոլոր նախագծերն առկա են, եւ եթե կգտնվեն այնպիսի փորձագետներ, որոնք նման գնահատականներ կտան, մենք մեր ինժեներական թիմով շատ լուրջ վեճ կունենանք նրանց հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031