Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության սպասածից շատ մարդ է գնում շաքարային դիաբետի, ճնշման ու քաղցկեղի դեմ ստուգվելու (տեսանյութ)

Մայիս 15,2015 13:55

Արդեն մի քանի ամիս է՝ բնակչության ռիսկային խմբերում սկրինինգային հետազոտություններ են իրականացվում` առավել բարձր մահացություն բերող 3 հիվանդությունների` սրտանոթային համակարգի, չարորակ նորագոյացությունների եւ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով:

Զարկերակային գերճնշման եւ շաքարային դիաբետի ախտորոշման համար  հետազոտվում են 35-ից 68 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիները, արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով էլ` 30-ից 60 տարեկան կանայք անցնում են ՊԱՊ թեստի հետազոտություն:

Այսօր առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նախարարությունում հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ հետազոտություններում բնակչության ընդգրկվածությունն իրենց սպասվածից ավելին էր, մինչդեռ մինչ ծրագրի մեկնարկը մտավախություն են ունեցել, որ քաղաքացիները չեն այցելի կանխարգելիչ հետազոտությունների, քանի որ պրոֆիլակտիկ նպատակով բժշկի այցելելու մշակույթը մեզանում այնքան էլ զարգացած չէ:

Նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի տվյալներով, տարեսկզից մինչ օրս 7150 կին ենթարկվել է ՊԱՊ թեստի հետազոտության, շուրջ 56 հազար քաղաքացու մոտ էլ որոշվել է արյան մեջ գլյուկոզի մակարդակը: Այս հետազոտությունները քաղաքացիները պետք է անցնեն առաջնային բուժօգնության օղակում` պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում: Հարցին, թե այսօր ոչ բոլոր պոլիկլինիկաներն են հագեցած տեխնիկայով, որպեսզի քաղաքացիներին նորմալ ախտորոշեն, Նելսոն Զուլոյանն ասաց, որ առաջնային բուժհիմնարկների` բուժսարքավորումներով  համալրումը ընթացքի մեջ է:

Թե քանի քաղաքացու մոտ է բարձր գերճնշում ախտորոշվել եւ քանի կին է նախաքաղցկեղային վիճակում, Նելսոն Զուլոյանն ասաց, որ արդյունքները դեռ չեն ամփոփել, սակայն այս պահի դրությամբ պարզ է, որ հետազոտվածների տասը տոկոսի մոտ առկա են զարկերակային գերճնշման տատանումներ:

Aravot.am-ի հարցին, թե քաղաքացիներին ի՞նչ միջոցով են հրավիրում հետազոտվելու եւ արդյոք կա՞ ուսումնասիրություն, թե բնակչության քանի տոկոսն է հրաժարվում այցելելուց եւ ի՞նչ պատճառով, պարոն Զուլոյանն ասաց, որ այս ծրագրի բաղադրիչներից է այս ողջ գործընթացի վերահսկումը. «Աշխատանքային խմբերի գործառույթներից մեկն այն է, որ գնան տեղում վերահսկեն եւ վերստուգեն արդյունքները եւ հետազոտությունները եւ ուղղակի կապ պաշտպանեն այն քաղաքացիների հետ, որտեղ մեր աշխատանքային խումբը խնդիր կտեսնի»:

Նելսոն Զուլոյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են մեկնում արտերկրում հետազոտվելու, հատկապես քաղցկեղի դեպքում եւ երբ Հայաստանն էլ կունենա զարգացում այս ոլորտում, փոխնախարարն ասաց, որ մեր երկրում էլ կան նորագույն այն սարքավորումները, որով հնարավոր է քաղցկեղային հիվանդություններն ախտորոշել:

Ըստ ԱՆ մասնագետների, Հայաստանում մահացության ընդհանուր կառուցվածքում մեծ բաժին ունեն ոչ վարակիչ հիվանդությունները: Առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, ապա` չարորակ նորագոյացությունները, 3-րդ տեղում` շաքարային դիաբետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031