Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ամուսնալուծությունների թիվն աճում. Փորձագետների դիտարկումները

Մայիս 15,2015 13:37

Այսօր՝ ընտանիքի միջազգային օրը, հոգեբան Իրինա Ծատուրյանը նկատեց, որ լուրջ խնդիր է ամուսնալուծությունների ցուցանիշը:

Ըստ նրա, ամուսնալուծությունները երեք տարիքային շրջաններում են լինում 1-7, 7-15, եւ 15-ից հետո: Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում ամուսնալուծվում են 1-7 տարվա շրջանում:

«Պատճառներն են, որ երիտասարդները չգիտեն ամուսնության ինստիտուտն ինչ է ու աղջիկը առաջին հարմար տղայի հետ ամուսնանում է: Երկրորդ պատճառը մեզ համար սոցիալական գործոնն է, ֆինանսապես խառնվում են ծնողները ու հետո, գալիս են անախորժությունները, որովհետեւ ընդունված է՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց հոգեբանը:

Նա նկատեց, որ կան դեպքեր, երբ ծնողներն են որոշում՝ երեխաներն ում հետ ամուսնանան ու ծնողներն էլ ընտրում են հարսնացու կամ փեսացու, ինչը մեծամասամբ հանգեցնում է ամուսնալուծության. «Աշխարհը նման բաժանության պատճառ չի տեսել: Ամուսնալուծության պատճառ է նաեւ արտագնա աշխատանքը: Այնտեղ դե ֆակտո կամ դե յուրե նոր ընտանիք է ստեղծում»:

Սեքսապատոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ ասաց, որ ընտանիքի մոդելը վերջին տասը տարում փոխվել է՝ հաշվի առնելով կին-տղամարդ հարաբերությունների փոփոխությունը. «Ամուսնական կոնֆլիկտների համար են մեզ դիմում, ինչը չկա նախկինում: Ամուսնալուծությունների պատճառներից մեկը պատասխանատվության բացակայությունն է ամուսնությունից առաջ: Չեն ուսումնասիրում անձը, առանց պատկերացնելու, թե արդյոք նույն տանիքի տակ կարող են ապրել՝ ամուսնանում են: Պակասել է նաեւ զիջելու ունակությունը»:

Նրա խոսքով, բաժանությունների հաջորդ պատճառը՝ սեռական կյանքում նախընտրությունների բախումն է, երկար տարիներ «փակ» ապրած երիտասարդները կայքերում սեռական կյանքի մասին տեղեկատվություն են ստանում ու նրանց զգալի մասը կարծում է, թե ինչ տեսնում են կայքերում, այդպես ապրելն է ճիշտը:

Հոգեբանն էլ շարունակեց, որ շատ ընտանիքներ այսօր «փլուզվում են» միայն այն բանի համար, որ տղաները առաջնորդվում են հոր օրինակով ու սիրուհի պահում. «Նուրբ պահ կա, հայ տղամարդը այն սեռական հաճույքները, որ կարող է թույլ տալ սիրուհու հետ՝ չի կիրառում կնոջ հետ: Սա էլ հոգեբանական հիմք ունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031