Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյանը բողոքում է՝ այդքան գումար է ծախսվում Հյուսիս-Հարավ մայրուղու վրա, բայց ասֆալտի կտկտոցը լսվում է

Մայիս 15,2015 12:59

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել են խորհրդարանական լսումներ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Նիստի սկզբում ցուցադրվեց մի ֆիլմ, թե ինչ աշխատանքներ են նախատեսված կատարել ճանապարհի կառուցման համար՝ լուսավորման, արգելափակոցների տեղադրման աշխատանքներ եւ այլն:

Ծրագրի իրականացման համար լուրջ ներդրում է կատարել Ասիական զարգացման բանկը՝ 500 մլն դոլարի չափով: ՀՀ-ում Ասիական զարգացման բանկի տնօրեն Դեյվիդ Դոլն ասաց, որ այդ ծրագիրը շատ կարեւոր է իրենց համար, որը կնպաստի ՀՀ-ի եւ հարեւան երկրների միջեւ հաղորդակցությանը, Հայաստանը կինտեգրվի տարածաշրջանում: Ասիական բանկը 500 մլն դոլարի մի մասը՝ 330 մլն դոլարն արդեն տրամադրել է՝ սկզբնական աշխատանքների համար: Բայց միայն Ասիական զարգացման բանկի տրամադրած միջոցները բավարար չեն:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարները գործուղման մեջ են, ուստի փոխնախարարներն են եկել:

Parliamentary hearings on topic of 'North-South Road Passage' program's process took place at the RA National Assembly

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց, որ շինարարության ընթացքում աշխատատեղեր են ստեղծվել, էական ազդեցություն կա երկրի ՀՆԱ-ի աճի վրա: Իսկ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ասաց, որ նախնական գնահատականներով ծրագրի արժեքը կազմել է 1.5 մլրդ դոլար:

Բացի Ասիական զարգացման բանկից Եվրոպական ներդրումային բանկից վարկ են վերցրել 60 մլն դոլար, եւ 12 մլն եվրո դրամաշնորհ: Փոխնախարարը նշեց. «Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից եւս 120 մլն եվրո կօգտագործենք, որը ուղղորդված կլինի եւս 12 մլն դոլար դրամաշնորհով»:

Նա ասաց, որ աշխատանքները սկսվել են ՀՀ կենտրոնական հատվածից, բայց հիմա արդեն Իրանի հատվածում՝ բարդ լեռնային գոտիներում էլ կարող են շինաշխատանքներ իրականացնել:

60 կմ ճանապարհը կրճատվելու է, քանի որ բարձրակարգ ճանապարհ է լինելու, նաեւ արագանալու է ընթացքը եւ լինելու է հարմարավետ. «Մեր հանրությունը կկարողանա երթեւեկել առավել արագ, հարմարավետ եւ առավել անվտանգ»:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը պարոն Առաքելյանին հարցրեց. «Մենք տեսնում ենք, թե ինչքան մեծ գումարներ են ներդրվում: Որպես քաղաքացի, ուզում եմ իմ անհանգստությունը հայտնել՝ Արարատի ճանապարհը տարբերվում է Թբիլիսիի Բաթումի ճանապարհից: Թբիլիսիի ճանապարհը սահուն ենք անցնում՝ առանց ձայնային դրսեւորումների, որոնք կան մեր ճանապարհի հատվածում: Ուզում եմ հասկանամ՝  ինչպես են բաշխվում գումարները, ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ ինչպիսի՞ որակ ունի այդ ճանապարհը, մենք զգում ենք այն»:

Փոխնախարարն ասաց, որ «Թբիլիսիիի ճանապարհին 110 կմ արագություն կարող եք զարգացնել, մեր ճանապարհահատվածում՝ 50կմ/ժ արագություն, որովհետեւ կառուցման ընթացքում ստիպված ենք սահմանափակել արագությունը: Երբ արագ եք երթեւեկում, կարերի ձայները այնքան չեն ազդում մարդու վրա: Երբ ճանապարհն արդեն ավարտին հասցվի, համապատասխան արագությամբ երթեւեկեք, բոլոր անհարմարությունները կվերանան: Մեր ճանապարհում ջրահեռացման կարեր կան: Այդ կարերը սովորաբար ձայն են ի հայտ բերում: Չկա այնպիսի բետոնապատ ճանապարհ, որի կտկտոցը չզգաք՝ անկախ նրանից՝ դա Վրաստանում է, թե ՀՀ-ում»:

Իսկ որակի հետ կապված փոխնախարարն ասաց, որ լաբորատոր ստուգումներ են ընթանում:

Կարինե Աճեմյանը պնդեց, որ արագ են ընթացել, մոտ 100 կմ/ժ արագությամբ, բայց նորից ձայները լսվել են: Նա հորդորեց այնպես անել, որ մարդիկ զգան ճանապարհի որակը, որ այն առաջին կարգի է, որովհետեւ շատ մեծ ներդրումներ են արվում: Փոխնախարարն ասաց, որ կարերը նաեւ ռետինով ծածկվում են, երբ վերջնական ճանապարհը լինի, ավելի հարմարավետ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031