Հայաստանի տոնացույցով այսօր ընտանիքի օրն է: Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նախ մտաբերեց 45 տարի առաջ իր պսակադրության քահանայի տված խրատները՝ ինչպես ջերմացնել ընտանեկան կյանքը, ապա ասաց ամուր ընտանիքի իր բանաձեւը:
«Տան պսակը աստվածապաշտությունն է, տան գեղեցկությունը՝ կանոնավորությունն է, տան օրհնությունը՝ գոհունակությունը, տան փառքը հյուրասիրությունն է: Ինքնաբավ պետք է լինես, աչքդ կուշտ լինի»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Բախշյանը:
Նա նաեւ իր ընտանեկան կյանքից հիշողություններ պատմեց, հաճախ է վիճել ամուսնու հետ, բայց միշտ առաջինն ինքն է ներողություն խնդրել. «Երբ նույնիսկ չէինք խոսում, նամակ էի գրում, նույնիսկ վեց-յոթ էջով ու դնում բարձի տակ, ամեն կռվից սթրես էի ապրում, թե ինչու սա ասացի: Յուրան կարդում էր, դնում բարձի տակ, հաջորդ օրը նամակը հանում էի, կարդում, թե ինչ է գրել: Երբ խռովության ժամանակն անցնում էր, նստում էինք ու խոսում: Մեր կռիվը եղել է միայն քաղաքականության հետ կապված, ազնիվ խոսք: Իմ տան մեջ ընդդիմություն եմ եղել Յուրային ու ասել, թե ժողովուրդն ինչ է մտածում իրենց իշխանության մասին»:
Նա ընտանիքներին տվեց նաեւ իր խրատները. «Չեմ տարանջատի կնոջ ու ամուսնու դերակատարությունը, երկուսն էլ կարեւոր առաքելություն ունեն, պարզապես այդ առաքելությունները տարբեր են: Ընտանիքում կինը այն մերանն է, մթնոլորտը ստեղծողը, որը դարձնում է տաք օջախ, որտեղ հաճելի է ամուսնուն ու երեխային տուն վերադառնալ»:
Կարդացեք նաև
Հետո դժգոհեց, որ ընտանեկան օրենսգիրքը չի աշխատում Հայաստանում, ու որպես ընտանիքի վատ օրինակ բերեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի օրինակը. «Խաչատրյան Սուրենի ընտանիքում գործում են իրենց ընտանեկան շահերը, իրենց համար կարեւոր չէ, որ պետության մեջ կան օրենքներ, որոնք կարգավորում են հասարակության մեջ հարաբերությունները»:
Նրա խոսքով, սոցիալական վիճակը ուղից համեմատական է ընտանիքի խաղաղությանը. «Լուրջ սոցիալական խնդիր կա ու կոնկրետ այս պահին տղամարդիկ հաշվում են՝ հոսանքի թանկացման դեպքում ինչքան են վճարելու, ահաբեկված ասում են՝ բա ոնց պահեմ ընտանիքս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ