Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական կրթությամբ հետաքրքրվում են նաև աղջիկները

Մայիս 15,2015 10:59

Շիրակի մարզի ավելի քան 60 պատանիներ և երիտասարդներ մասնակցում են «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած ռազմահայրենասիրական ծրագրին։ «Ես եմ իմ հայրենիքի պաշտպանը» խորագրով ծրագրի շրջանակներում Գյումրիի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն ու քոլեջների սաները ներգրավվել են «Հայ ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմում, Արցախյան ազատամարտ», «Միջազգային մարդասիրական իրավունք», «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմաներով դասընթացների, շարային պատրաստության պարապմունքներ են անցնում Գյումրիում տեղակայված զորամասում, մասնակից են դառնում հայրենասիրական թեմաներով ֆիլմերի դիտում-քննարկումների։ Ծրագրի ընթացքում նրանք այցելել են նաև Շիրակի մարզի Ազատամարտի թանգարան, Ծիծեռնակաբերդ, «Եռաբլուր» պանթեոն, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ:

«Ես եմ իմ հայրենիքի պաշտպանը» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագիրը դրամաշնորհի է արժանացել «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգում։

«Արաքս կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ա. Խաչատրյանը նշում է, որ, ճիշտ է, երեխաները դպրոցում անցնում են «Ռազմագիտություն» առարկան, սակայն իրենք՝ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, շփումների արդյունքում պարզել են, որ աշակերտների մոտ կա զրույցների, ոչ ֆորմալ կրթության պահանջ։ Ա. Խաչատրյանն ընդգծեց մի շատ կարևոր հանգամանք. զորամասեր այցելությունները ցույց են տվել, որ հրամանատարական կազմը պատրաստ է հասարակական կառույցների, հանրության հետ համագործակցության. «Խիստ զբաղված լինելով՝ այնուհանդերձ, նրանք ժամանակ են հատկացնում պատանիների հետ հանդիպումներին, մանրամասն պատասխանում նրանց հուզող հարցերին։ Նման միջոցառումների նպատակն է ծրագրի մասնակիցներին ծանոթացնել բանակային առօրյային, որպեսզի բանակ զորակոչվելիս տեղեկացված և պատրաստ լինեն զինծառայությանը»։

ՀԿ նախագահը նշեց, որ «Արաքս կենտրոնը» 2014-ին նույնպես համանման ծրագիր է իրականացրել ՀՀ նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհի միջոցով, և որպես արդյունք հատուկ շեշտեց, որ նախորդ ծրագրի ավարտից հետո մի քանի պատանի ընդունվել է ռազմական և ավիացիոն ինստիտուտներ, ինչը խոսում է իրենց գործունեության արդյունավետության մասին։ Ընդ որում, ռազմական կրթությամբ հետաքրքրվում են նաև աղջիկները։ Ըստ տիկին Խաչատրյանի՝ նման հանդիպումները խորքային ազդեցություն են ունենում հասարակության վրա։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031