Երբեմնի ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, իր վերջին հանրահավաքն անցկացրեց ս/թ մարտի 1-ին՝ հայտարարելով, որ երկամսյա դադար է վերցնում։ Արդեն անցյալ շաբաթվա վերջին խորհրդարանական բրիֆինգների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ատելի ռեժիմից կարելի է ազատվել, եթե ժողովուրդը հարյուր հազարներով դուրս գա փողոց, պետք է սկսել մի գործընթաց, որը հույս է ներշնչում ժողովրդին, եւ այդպիսի մի գործընթաց կարծես թե նշմարվում է՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ։ «Ես վստահ եմ, որ մենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի հետ նման գործընթաց սկսելու ենք»,- ասել էր Զուրաբյանը։
ՀԱԿ երբեմնի գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն, որ փորձում է ուշքի գալ փետրվարյան «նոկդաունից» հետո, չի կարծում, թե ինչ-որ լուրջ զարգացումներ տեղի կունենան։ Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե առաջիկայում քաղաքական ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, նա պատասխանեց. «Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ընդհանրապես ներքաղաքական, քաղաքական որեւէ զարգացում բացառել հնարավոր չէ, բայց եթե լինենք մի քիչ ավելի պրագմատիկ, ապա ես ինքս այս պահին ինչ-որ լուրջ ներքաղաքական բեկում քաղաքական պրոցեսներում չեմ տեսնում»։
Երբ հիշեցրինք Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք այդ բոլոր ճանապարհները անցել ենք, ցանկացած պատճառ՝ էլեկտրաէներգիայի սակագնից բռնած, Սուրիկ Խաչատրյանի որդու հետ վերջին միջադեպով վերջացրած, կարող է ներքաղաքական զարգացումների պատճառ դառնալ։ Կարո՛ղ են, տեսականորեն։ Բայց եթե դուք ինձ եք հարցնում, ես, որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, ասում եմ, որ առաջիկայում լուրջ ներքաղաքական բեկումնային զարգացումներ չեմ տեսնում, չնայած նաեւ, հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական վիճակը, առկա աղքատության, գործազրկության լրջագույն դրությունը, չեմ բացառում նաեւ որեւէ անսպասելի ներքաղաքական պրոցես»։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում