Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ստեղծել «չգողանալու» համակարգ

Մայիս 15,2015 10:04

Օրերս նյութ էի պատրաստում քրեակատարողական հիմնարկների մասին եւ այդ ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցի՝ Հայաստանում դատապարտյալ լինելը թանկ հաճույք է: Տասնամյակների ընթացքում մշակված է կոռուպցիոն համակարգ, որի շրջանակներում, օրինակ, ազատազրկվածներին կերակրում են նրանց հարազատները՝ բացառությամբ ծայրահեղ աղքատների: Դա ՔԿՀ աշխատակազմին հնարավորություն է տալիս՝

ա/ դուրս գրել սննդի գումարներ եւ «ուտել» դրանք,

բ/ կաշառք վերցնել ամեն մի հանձնուքի համար:

Բայց ամենավատը դա չէ: Ենթադրենք, եկավ մեկը եւ անկեղծորեն ցանկացավ քանդել այդ համակարգը եւ ամեն ինչ կազմակերպել օրենքով: Շատ հավանական է, որ այդ դեպքում դատապարտյալներին ընդհանրապես ոչ մի սնունդ չհասնի, եւ ՔԿՀ-ներում սկսվեն «սոված ապստամբություններ»: Որովհետեւ կոռումպացված, հանցավոր համակարգը լավ թե վատ գործում է, իսկ օրինական համակարգ ստեղծելու ոչ միայն շահագրգռություն չկա, այլեւ գաղափար չկա, թե ինչպես է այն գործելու:

Նույնը՝ ստվերային շրջանառությունը: Եթե Հայաստանի տնտեսվարողները, գոնե մասամբ, «սեւ նալով» չաշխատեն, դրանց մեծ մասը կփակվի: Իսկ «սեւ նալ» նշանակում է կոռուպցիա եւ գողություն՝ ոչ միայն հարկային եւ մաքսային մարմինների, այլեւ ցանկացած պաշտոնյայի, որից կախված է որեւէ, թեկուզ չնչին տնտեսական հարց: Քանդել կամ, եթե կուզեք, կազմաքանդել այդ հանցավոր համակարգը, որի հոգեբանական հիմքերը դրվել են առնվազն 50 տարի առաջ, կնշանակի ընդհանրապես կազմալուծել այսօր գոյություն ունեցող տնտեսական կապերը:

Կար խորհրդային ֆիլմ, որը կոչվում էր «Կանգ է առել գնացքը» (1982), որտեղ քննիչը՝ Օլեգ Բորիսովի հերոսը, անկեղծորեն փորձում էր պարզել, թե ինչու է տեղի ունեցել վթարը: Բայց նրան, ի վերջո, բացատրում են, որ եթե ամեն ինչ լիներ օրենքով եւ տեխնիկական նորմերին համապատասխան, ապա ընդհանրապես ոչ մի գնացք տեղից չէր շարժվի: Իհարկե, հանցավոր համակարգի պահպանումը նույնպես աղետալի է՝ «Սովետի» հետագա ճակատագիրը դրա փայլուն ապացույցն է: Բայց եկեք խոստովանենք, որ 1990 թվականից հետո մեզ չհաջողվեց ստեղծել սկզբունքորեն այլ համակարգ:

Այդ գիտակցությունը, ցավոք, առայժմ չկա: «Նրանք ավազակ են եւ գողանում են, բայց գուցե կգան ազնիվները, որոնք չեն գողանա»՝ այդ պարզունակ խոսակցությունները գուցե սփոփիչ են լյումպենացված զանգվածի համար, բայց դրանց արժեքը զրոյական է. այս համակարգում չգողանալը բացառված է: Իսկ ինչպես ստեղծել «չգողանալու» համակարգ՝ դրա մասին մենք մշուշոտ պատկերացում ունենք:

Միակ բանը, որը կարող եմ առաջարկել՝ դադարել մեղավորներ փնտրել եւ ամբողջական պատասխանատվություն վերցնել սեփական կյանքի համար:

Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, խնդրում եմ կարդացեք այս նյութի հեղինակի եւ իմ երկխոսությունն ու կարծիք հայտնեք` https://www.aravot.am/2015/05/08/569359/

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կեղծիք, ֆոտոշոփ կա՞ր, թե՞ չկար: Չկար: Մնացածը Ձեր կարծիքն է եւ մեկնաբանությունները, որոնք մենք հարգում ենք:

  2. Տիգրան Ավետիսյան (իրավաբան) says:

    Դուք չեք հոգնում նույն բանը անընդհատ գրելուց:
    Ես շուտով կհոգնեմ էս գրածս գրելուց:
    Մանտրայի պես որ գրում եք -ինչի ակնկալիք ունեք?
    Կգրեի՞ք 19-րդ դարի դասական երաժշտության մասին:-հավեսով կկարդամ:

  3. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, ցավալի է որ Ձեր տեսակետը թերեվս արտահայտում է Տեր Պետրոսյանի 25 տարի առաջվա «ադմինիստրացիաի» կարծիքը երեվի, որի պատճառով էլ թերեվս Հայաստանում իրական շուկայական հարաբերություններ չհաստատվեցին (ինչպես որ այն տեղի չունեցավ եվ Ռուսաստանում եվ միուս… իհարկէ բացի Բալթյան երկրներից): Եթե այն տարիներին կարելի լիներ սփյուռքից հրավիրել իրավաբանության եվ շուկայական հարաբերությունների մասնագետ տնտեսագետների եվ հարկավոր օրենքները կիրառվեր, կարղում եմ մարդկանց գիտակցության մեջ աստիճանաբար «սովետական կոռուպցիոն գողանալու» մտածելաձեվը գուցե հաղթահարվեր…ինչպես այն տեղի ունեցավ իմ նման «հայրենադավների» հետ «արեվմուտք» տեղափոխվելուց հետո: Իրական շուկայական հարաբերությունները իրենք իրենց կառավարում են եվ »գողանալը» ինքնին «ձեռնտու» չի լինում, եթե պետության ավտորիտար դերը տնտեսության մեջ բացառվում է…

  4. Աբո says:

    Իսկ միգուցե կարիք չկա՞ ստեղծել «չգողանալու» համակարգ:Ինձ թվում է, որ շատերին դուր է գալիս այս համակարգը,իսկ ում դոր չի գալիս՝ պարզապես հեռանում է:
    Ես չեմ կարող ասել այս համակարգը լավն է, թե վատ:Պարզապես կա մարդկանց մի տեսակ,որոնք միայն աւդ համակարգում են իրենց լավ զգում:Նրանք՝ և ոչ էլ նրանց սերունդները, թույլ չեն տա փոխել այդ համակարգը: Պարզ օրինակ՝ լիսկան և իր տղան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031