Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգն օրերս ուշագրավ տեղեկություն էր հայտնել, որի մասին մի քանի ամիս է, ինչ խոսակցություններ են գնում: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նա նշել էր, թե Եվրամիությունն ու Հայաստանը նպատակ ունեն երկկողմ հարաբերությունների առաջիկա համաձայնագրում, քաղաքական մասից բացի, ներառել նաեւ տնտեսական հատված:
Թե ինչ փաստաթուղթ կընդունի Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ, եւ արդյոք դա կարո՞ղ է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Ռիգայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում կամ առհասարակ ընթացիկ տարում՝ դեռեւս հստակ չէ: Սակայն հստակ է, որ պաշտոնական Երեւանը հստակ շահագրգռվածություն է ներկայացնում ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելու հարցում, եւ ԵՄ-ում էլ գիտակցել են, որ նույնիսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմաններում հնարավոր է գտնել այն սահմանները, որոնք բավարար կլինեն բոլոր կողմերի համար, այդ թվում եւ Ռուսաստանի:
Շվեդ դիվանագետ Մորթեն Էնբերգը, սակայն, մեկ այլ խիստ ուշագրավ միտք էր արտահայտել: Նա հայտնել էր, որ երեւանյան բանակցություններում քննարկվել է, թե միջնորդական ինչ դեր կարող է ստանձնել Հայաստանը Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում․ «Այժմ մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել Ուկրաինայում տեղի ունեցածի պատճառով: Քննարկել ենք, թե կառուցողական միջնորդի ինչպիսի դեր կարող է ստանձնել Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակում՝ միաժամանակ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: Հույս ունենք՝ ԵՏՄ շրջանակում Հայաստանը կարող է կառուցողական դեր ստանձնել Արեւելյան գործընկերությունը Ռուսաստանի հետ քննարկելու ժամանակ, որպեսզի փարատվեն այն մտահոգությունները, թե Արեւելյան գործընկերությունն ուղղված է Ռուսաստանի դեմ, ինչը այդպես չէ»:
Սա, իսկապես, հետաքրքրական նորություն է, որի մասին բարձրաձայնել է եվրոպացի դիվանագետը: Ի դեպ, օրերս Լեհաստանի եւ Շվեդիայի արտգործնախարարությունների քաղաքական տնօրեններն էին Հայաստան ժամանել` Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու համար, նրանց ընդունել են ՀՀ իշխանությունները, եւ խոսքը, հավանաբար, հենց այդ բանակցությունների մասին է:
Կարդացեք նաև
Որքանո՞վ է իրատեսական նման հնարավորությունը, եւ իսկապես` գործը երբեւէ կարո՞ղ է հասնել նրան, որ Հայաստանը ստանձնի միջնորդի դեր Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում` այլ հարց է: Կարեւորը տվյալ դեպքում, ինչպես ասում են, տեղեկության ի հայտ գալն է:
Պաշտոնական Երեւանը` միջնորդի դերում Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում, իհարկե, բավական հավակնոտ է հնչում: Անկախ նրանից, թե երբ, ինչպես ու ինչ պայմաններում կկարգավորվեն առհասարակ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները, Հայաստանի կողմից միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն հայտնելը կարեւոր ազդակ կարող էր դառնալ նախ՝ Հայաստանի վարկանիշի համար, քանի որ դա ենթադրում է վստահություն Հայաստանի նկատմամբ, դա էլ իր հերթին մեր պետության` գործոն դառնալու նպատակը:
Բացի այդ, հետաքրքրականն այն է, որ նման հայտարարություն է հնչում եվրոպացի դիվանագետի կողմից: Եթե Ռուսաստանը խուսափում էր ընդգծել Հայաստանի կարեւորությունը` թեկուզ միայն հայտարարությամբ, ապա ԵՄ-ն եւ Միացյալ Նահանգները, կարծես, վերջին շրջանում ավելի անկաշկանդ են Հայաստանի կարեւորությունը, նույնիսկ առավելությունը Ադրբեջանի նկատմամբ ընդգծելու հարցում, որը բավական դրական փաստ է:
Այս մթնոլորտում Հայաստանի իշխանությունները բավական անելիք ունեն: Ամեն ինչ պետք է անել քաղաքակիրթ աշխարհի տրամադրությունները, դրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պահպանելու ուղղությամբ: Իսկ Հայաստանի համար իսկապես բարենպաստ պայմաններ են ստեղծվել, որոնք ավելի ակնհայտ երեւացին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակից դեռ շաբաթներ առաջ:
Հայաստանի դրական իմիջի ձեւավորման վրա իսկապես մեծ ազդեցություն ունեցան ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգով մատուցված պատարագն ու Հռոմի պապի հայտնի ելույթը, օրերս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում կայացած միջկրոնական աղոթքին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերի մասնակցությունը: Ամերիկահայ հանրաճանաչ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի առաջին այցը Հայաստան, «System of a Down» ռոք խմբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարը որոշակիորեն դրական ֆոն ու մթնոլորտ են ձեւավորել Հայաստանի շուրջ, որը չպետք է թողնել, որպեսզի հենց այնպես անցնի:
Առհասարակ, վերջին ամիսներին աշխարհաքաղաքական պրոցեսները, մասնավորապես Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում լարվածության հիմքում վերադասավորումները, ուժերի ու ազդեցության համար մղվող պայքարը նոր հնարավորություններ են ստեղծել տարածաշրջանային առումով առավել նախաձեռնողականություն ցուցաբերելու հարցում, նոր գաղափարներով ու ծրագրերով հանդես գալու տեսանկյունից: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի իշխանությունները ինքնուրույնություն դրսեւորեն:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2015 թ.
Փաստորեն >Առավոտ<-ը և մի շարք իր նման կառավարվող ԶԼՄ-ներ շարունակում են այս մարմնավաճառի` Քիմ Քարդաշյանի կեղտոտ անունը շաղկապել ազգային խնդիրների հետ: Եվ նույն այս թերթում վարկաբեկում են ազատամարտիկներին: Ինչպիսի~ ամոթ…