Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում միտում կա դեպի դասական կիթառի երաժշտություն»

Մայիս 15,2015 14:30

Ըստ գերմանաբնակ կիթառահար Ժորա Սարգսյանի,Հայաստանում էլ անհրաժեշտ են համապատասխան շեշտադրումներ

Ճանաչված երաժիշտներ՝ կոմպոզիտոր, կիթառահար Ռոլֆ Ստրավերը, գերմանաբնակ կիթառահար Ժորա Սարգսյանը եւ ռուս կիթառահար Արտյոմ Դերվոյեդը օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վարպետության դասընթացներ անցկացրին: Նշենք, որ Ժորա Սարգսյանը կիթառահարների միջազգային 23 ասոցիացիաների անդամ է, այդ թվում՝ գերմանական Վուպպերտալի կիթառահարների ասոցիացիայի փոխնախագահն է, Եվրոպայի դասական կիթառի դասատուների ասոցիացիայի անդամ, Ասիայի կիթառի միջազգային ֆոնդի հանձնաժողովի անդամ է:

Ռոլֆ Ստրավերը եւ Ժորա Սարգսյանը հանդիպել են 2011թ., Գերմանիայում: Ընդ որում, Ստրավերը լսելով հայազգի կիթառահարին, մինչ այդ էլ ուսումնասիրելով հայկական երաժշտություն, իր «Երեք հայկական էսքիզները» նվիրել է նրան: Նույն թվականին էլ այդ ստեղծագործության համաշխարհային պրեմիերան կայացել է Երեւանում: Իսկ դրանից հետո ամեն տարի Ռոլֆ Ստրավերն այցելում է Հայաստան, ունենում հեղինակային երեկոներ հայաստանցի երաժիշտների մասնակցությամբ: Վերջերս էլ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Ստրավերը ունեցավ հեղինակային երեկո, որտեղ հնչեցին իր նոր երկերը, այդ թվում՝ դաշնամուրի եւ թավջութակի համար (Վարդուհի Մինասյան եւ Արմինե Պետրոսյան) գրված «Էլեգիան», որը հեղինակը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ ծրագրել է ստեղծել թումանյանական տեքստերով վոկալ շարք եւ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, այն հայ հանդիսատեսին կներկայացնի ընթացիկ տարվա աշնանը:

Մեզ հետ զրույցում Ժորա Սարգսյանը նշեց, որ Երեւանում վարպետության դասընթացներ անցկացնելու հիմնական նպատակն էր ծանոթանալ այսօրվա երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում եւ կոնսերվատորիայում սովորող երաժիշտների մակարդակին: Ուրախ է, որ մեր երաժշտական հաստատություններում ուսանում են ավելի քան 1300 կիթառահարներ, որոնց դասավանդում է շուրջ 140 մանկավարժ: «Կիթառի հանդեպ նման վերաբերմունքն, իհարկե, ուրախացնող փաստ է: Բայց միայն ուսումնական, նույնիսկ բարձրակարգ ընթացք ապահովելը բավարար չէ: Ինքս պատրաստ եմ ասոցիացիայիս հրավերով կազմակերպել հայաստանցի կիթառահարների մասնակցությունը ոչ միայն գերմանական, այլեւ այլ երկրների միջազգային մրցույթներին, փառատոներին, բայց անհրաժեշտ է, որ այստեղ՝ Հայաստանում, արտերկրյա ճանաչված երաժիշտների մասնակցությամբ հաճախ անցկացվեն վարպետության դասընթացներ, կայանան համերգներ աշխարհահռչակ կիթառահարների մասնակցությամբ: Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեցի, թե պետք է հասնել նրան, որ մեր կոմպոզիտորներն էլ անդրադառնան կիթառին: Թե չէ՝ գոնե ինձ հայտնի են միայն Էդուարդ Բադալյանի ստեղծագործություններն ու փոխադրումները եւ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի կամերային երկերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ժորա Սարգսյանը հավելեց նաեւ, որ Հայաստանում կիթառը մեծամասամբ ասոցացվում է գնչուական երաժշտության, ֆլամենկո ոճի, ռոմանսների, բալլադների հետ, մինչդեռ հայտնի ռոք, փոփ, ջազ խմբերում ստեղծագործող կիթառահարները սկսել են դասական կիթառից: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, այսօր աշխարհում միտում կա դեպի դասական կիթառի երաժշտություն: Օրինակ, Իտալիայում, մեկ տարվա ընթացքում կազմակերպվում է շուրջ 15 միջազգային փառատոն, մրցույթ: Ժորա Սարգսյանն էլ հավաստիացրեց, թե հարկ եղած դեպքում կօժանդակի ամեն ինչով, միայն թե Հայաստանում գոնե մեկ միջազգային մրցույթ անցկացվի: «Անշուշտ, մտերիմ եմ մերօրյա ճանաչված կիթառիստների հետ, այդ թվում՝ բրիտանացի Դեյվիդ Ռասելլի, լեհ Մարչին Դիլլայի, իտալացի Անիելո Դեզիդերիոյի, որոնք համագործակցում են ղեկավարածս ասոցիացիայի հետ (ասոցիացիան ունի 6740 երաժիշտ), հիմնականում դասեր անցկացնելով ամառային դպրոցներում: Ի դեպ, նման դպրոցների ստեղծումն այսօր անհրաժեշտ է Հայաստանին»,- ասաց երաժիշտը: Ժորա Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ աշնանը Համբուրգի ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում կկայանա իր մենահամերգը տեղի նվագախմբի հետ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ Արտյոմ Դերվոյեդը, Ժորա Սարգսյանը, Ռոլֆ Ստրավերը եւ կոնսերվատորիայի պրոռեկտոր Արկադի Ավանեսովը:

«Առավոտ» օրաթերթ

14.05.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031