Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր մենագրություն՝ երեւանյան գագաթաժողովին ընդառաջ

Մայիս 15,2015 13:30

Բոլոնիայի գործընթացի մայիսի 14-15-ին երևանյան գագաթաժողովին ընդառաջ՝ լույս է տեսել պրոֆեսորներ Սերգո Երիցյանի եւ Արմեն Ճուղուրյանի «Բոլոնիայի գործընթացի հետագիծը» մենագրությունը, որտեղ ներկայացված են բարձրագույն մասնագիտական կրթական բարեփոխումներին առնչվող հեղինակային համառոտ դիտարկումներ եւ մեկնաբանություններ: Ինչպես նշվում է աշխատության առաջաբանում ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի կողմից, «Մեր երկիրը հաստատակամ և կայուն քայլերով իրագործում է Բոլոնիայի գործընթացի թե ռազմավարական եւ թե մարտավարական նպատակադրումները:

Այդ մասին են վկայում նաեւ վերջին տարիներին բազմաթիվ հայրենական և միջազգային փորձագետների զեկույցները, որոնցում ներկայացվում են ՀՀ-ում ընթացող բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների արդյունքները, նշելով մեր հաջողություններն ու անելիքները այս ուղղությամբ»:Հատկանշական է, որ դեռևս տասը տարի առաջ, Բոլոնիայի գործընթացի մեկնարկի ակունքներում կանգնած նախկին նախարար Ս. Երիցյանի կողմից Բերգեն քաղաքում ստորագրվեց Բարձրագույն կրթության եվրոպական տարածքին (ԲԿԵՏ) Հայաստանի Հանրապետության անդամակցության համաձայնագիրը:

Եվ հիմա, մեկ տասնյակի հեռավորությունից, արդեն մենագրության հեղինակի դիրքերից, համեմատական վերլուծություններ են արվում բարձրագույն կրթական համակարգում մեր ձեռքբերումների և հետագա անելիքների ուղղությամբ: Հրատարակված մենագրությունում շեշտադրումներ են կատարվում Բոլոնիայի գործընթացի գործիքակազմի կիրառման արդյունքներին, վերլուծելով ԲԿԵՏ-ում ուսանողության շարժունության դրսեւորումները, աշխատաշուկա-բուհ փոխառնչությունները, ակադեմիական կրեդիտների կուտակման եւ փոխանցման արդյունավետությունը, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի սոցիալ-տնտեսական տասնամյա հետագիծը:

Երևանյան գագաթաժողովը կազմակերպվում է «հարեւանության» սկզբունքով, եւ դրան մասնակից են դառնում ոչ միայն Բոլոնիայի գործընթացի համաձայնագրին միացած, այլև համաձայնագրից դուրս գտնվող երկրները: Այս առումով, հրատարակված մենագրությունը նույնպես հետաքրքրաշարժ վերլուծություններ է պարունակում Բոլոնիայի գործընթացի անդրօվկիանոսյան արձագանքի շրջանակում: Հրատարակված մենագրությունն արժևորվում է նաև նրանով, որ այն հստակ նախանշում է Բոլոնիայի գործընթացին մեր հանրապետության անդամակցության ներազգային և միջազգային շահերի ներդաշնակեցման ուղիները և ԵԲԿՏ ճարտարապետության մարտահրավերները:

Հեղինակների կարծիքով, Հայաստանի Հանրապետությունն այս տասը տարիների ընթացքում անդամակցելով Բոլոնիայի գործընթացին և այդ ոլորտում ունենալով տեսանելի հետագիծ՝ պետք է հաստատակամորեն հետամուտ լինի կրթական բարեփոխումների ոլորտում որդեգրած իր քաղաքականությանը ու մրցակցային դիրքեր գրավի կրթական ծառայությունների մատուցման միջազգային շուկայում: Բոլոնիայի գործընթացի երևանյան գագաթաժողովին ընդառաջ` այս նոր հրատարակումը սիմվոլիկ է նաեւ ժամանակային առումով եւ կարող է օգտակար լինել կրթության կառավարիչների, ուսանողների և պրոֆեսորադասախոսական համակազմի, ինչպես նաև կրթական բարեփոխումներով հետաքրքրվողների համար:

ՆՈՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ

14.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031