Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ավագ դպրոցի խնդիրների մասին
Հայաստանում ավագ դպրոցների 95.5 տոկոսը գործում են քաղաքային համայնքներում, իսկ գյուղական վայրերում հիմնականում գործում են 12-ամյա միջնակարգ դպրոցներ, այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում գործող 770 միջնակարգ դպրոցից 703-ը գտնվում են գյուղական համայնքներում: Այստեղից ստացվում է, որ գյուղաբնակ աշակերտները զրկված են հոսքային կրթություն ստանալու հնարավորությունից: Սրան գումարած՝ գյուղական համայնքներում աշակերտների համար շարունակում է լուրջ խնդիր լինել ավագ դպրոց հաճախելու հասանելիությունը, եւ ասել, թե այնտեղ եւս երեխաները հնարավորություն ունեն հաճախելու ավագ դպրոց՝ սխալ է, քանի որ հաշված թվով աշակերտներ են կարողանում իրենց նման «շռայլություն» թույլ տալ՝ պայմանավորված, մասնավորապես, սոցիալական վիճակով եւ այլն:
«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով թեմային եւ պատասխանելով հարցին՝ արդյոք անհավասարություն, իրավունքների խախտում չէ՞ հենց այս հանգամանքը, որ գյուղական համայնքներում շատ աշակերտներ զրկված են ավագ դպրոց հաճախելու հնարավորությունից, չէ՞ որ 2008-2009 թվականներին, երբ ծնվում էր ավագ դպրոցի գաղափարը, նպատակը մեկն էր՝ բարձրացնել միջին մասնագիտական կրթության որակը, կրճատել կրկնուսույցների դերը, ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հետեւյալն ասաց. «Ֆորմալ տեսանկյունից, իհարկե, անհավասարություն է, որովհետեւ մենք ասում ենք, որ քաղաքային ավագ դպրոցներում ապահովում ենք հոսքային ուսուցում, երեխաներն իրենց նախընտրած առարկաները կարող են ավելի շատ ժամերով անցնել, այսինքն՝ այն կրթությունը, որ ստանում են ավագ դպրոցներում, հնարավորություն է տալիս աշակերտներին նախընտրած առարկաներն ավելի խորացված անցնել, բայց խնդիրը հետեւյալի մեջ է, քանի որ ավագ դպրոցները չեն արդարացնում իրենց, մենք չենք կարող ասել, որ դրանց ստեղծումը լավ էր, լավ արդյունք տվեց ու հետեւաբար, քանի որ այդ դպրոցները չեն կայացել ու այն, որ գյուղի աշակերտները չեն օգտվում դրանցից՝ առանձնապես վատ չէ, քանի որ այնպես չի, որ քաղաքում ավագ դպրոց հաճախող աշակերտներն առանց ռեպետիտորի հետ պարապելու ընդունվում են բուհ: Երկու դեպքում էլ՝ այն երեխաները, որոնք ուզում են ընդունվել լավ համալսարաններ, պետպատվերով, պարապում են մասնավոր: Երբ որ քաղաքի երեխաները շահեն ավագ դպրոցներից, այս դեպքում, նոր կարող ենք ասել, որ գյուղի երեխաները տուժեցին: Սակայն ֆորմալ տեսանկյունից, իհարկե, անհավասարություն է, որովհետեւ ենթադրենք՝ ես գյուղում եմ ապրում եւ ուզում եմ խորացված հումանիտար կրթություն ստանալ, իսկ դա չկա…»:
Հաջորդ հարցին էլ՝ եթե դիտարկենք այն հանգամանքը, որ կրթության հասանելիության խնդիրները հետագայում դրսեւորվում են նաեւ բուհ ընդունվելիս, մի՞թե գյուղերից բուհ ընդունվող աշակերտների թվի նվազումը պայմանավորված չէ տեղի աշակերտների համար ավագ դպրոցների անհասանելիությամբ, մեր զրուցակիցը նշեց. «Այո, նաեւ դրանով է նպաստում: Բայց մի խնդիր կա, երբ երեխաները սովորում են ավագ դպրոցում, այնտեղից բուհ դիմողների թիվն ավելի շատ է լինում, ցանկացողներն ավելի շատ են, իսկ գյուղերում կան դասարաններ, որտեղից ոչ մեկը չի դիմում բուհ ու այստեղ խնդիրը ֆինանսական է, որովհետեւ ծնողն ի վիճակի չէ ուսման վարձ վճարել ու Երեւանում ուսանող պահել, քաղաքում մնալու խնդիրն էլ կա: Սա է պատճառը, որ գյուղի երեխաները շատ բաներից զրկվում են: Ես շատ լավ երեխաների գիտեմ, որ նորմալ, ընդունակ երեխաներ են, սովորելու ցանկություն ունեն, բայց յոթերորդ-ութերորդ դասարանից ծնողներն արդեն իրենց հասկացնում են, որ ի վիճակի չեն ուսանող պահել, այս երեխաները կոտրվում են, հույսները կտրում»: Անդրադառնալով նաեւ մեր այն հարցին, որ ավագ դպրոցների ֆինանսավորումը կրկնակի ավելի է 12-ամյա հիմնական դպրոցների ֆինանսավորումից, ինչն էլ պատճառաբանված է իբրեւ կրթության որակն ապահովելու, հոսքային կրթություն տալու հիմնավորմամբ, արդյոք ճի՞շտ է այս տարբերությունը, եւ ուսման առումով, զգացվում է կրթության որակի տարբերություն ավագ եւ 12-ամյա հիմնական դպրոց ավարտած աշակերտների միջեւ, կրթության փորձագետը պատասխանեց. «Կարծեմ այդպես չէ, գործակից կա, որով ես գիտեմ, որ 1,40 է եւ որքանով տեղյակ եմ, ավագ դպրոցների ֆինանսական վիճակն այդքան էլ լավ չէ: Բացի այդ, այսօր ավելի շատ երեխաների տարբերությունը զգացվում է նրա անհատից, ընտանիքի կարողությունից, շատերը կան, որ գնում են վատ դպրոցներ, բայց ընտանիքն օգնում է, լրացուցիչ պարապում են: Շատ բան կախված է նրանից, թե ընտանիքը դպրոցից դուրս ինչքան գումար է դնում երեխայի կրթական ծառայությունների վրա, հիմա մի նոր ծառայություն էլ կա, կոչվում է դասապատրաստում: Ընտանիքներ կան, որ երեխաներին ապահովում են այս ծառայություններով ու այս երեխաներն ավելի արտոնյալ պայմաններում են հայտնվում, ինչպես նաեւ այն երեխաները, որոնք հաճախում են հայտնի, մասնավոր դպրոցներ, որտեղ աշակերտներն ընտրովի են: Քանի որ ավագ դպրոցները դեռ իրենց շատ չեն արդարացրել, գյուղի երեխաները ֆորմալ են տուժում»: Մեր այն դիտարկմանը, որ արդեն քանի տարի է անցել, բայց մինչ այսօր առանձնապես բարձր արդյունք չենք արձանագրել ավագ դպրոցների գոյությունից, դեռ քանի՞ տարի կպահանջվի, որպեսզի ավագ դպրոցը տա ցանկալի ցուցանիշներ, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց. «Պետք է նստել ու հասկանալ խնդիրները: Կարծում եմ, մենք ուսման տեւողությունը երկարացրել ենք, այսինքն՝ 10-ամյակից անցել են 12-ամյա կրթության, սական դպրոցը չենք դարձրել հետաքրքիր: Ստացում է, որ երեխաներն ավելի երկար են հաճախում դպրոց, ավելի մեծ տարիքում ավարտում, շատերը նույնիսկ ավարտելուն պես բանակ են գնում, կամ՝ 18 տարին լրանում է, բայց նրանք դեռ դպրոցն ավարտած չեն լինում: Հիմա եթե մենք այս տարիքի երեխաներին չենք կարողանում հետաքրքրել, արդեն շատ դժվար է դառնում: Շատ երեխաներ արդեն 11-րդ դասարանը դժվար են գնում, 12-ն էլ չեն ուզում գնալ, ձանձրանում են: Եթե մի բանի ժամկետը երկարացվում է, պետք է հետաքրքիր լինի ու աշակերտի համար այն բանտում նստելու ժամկետի պես չլինի, իսկ հիմա, նրանց համար նստելու ժամկետն է երկարացվել, ոչ թե սովորելու»:
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2015 թ.