Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսա կրակը, թե ինչպես էին մարդիկ այրվում…». դաժան հիշողություններ՝ Հոռոմի խաչմերուկում կատարվածից (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 14,2015 23:03

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ լսվեց Հոռոմի խաչմերուկում կատարված ողբերգական վթարի գործով քննությունը: Հիշեցնենք, որ Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով «Գազելը» այրվել էր: 7 հոգի, այդ թվում «Գազելի» վարորդ Ռազմիկ Մկրտչյանը տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

Այսօր դատարանը լսեց մի քանի տուժողների ու տուժողների իրավահաջորդների: Դատարանին ցուցմունք տվեց Զարուհի Հովհաննիսյանը, որը որդու՝ դեռ 14 տարին չլրացած Էդմոն Սիմոնյանի հետ գնացել էին Երևան՝ գնումներ կատարելու: Տիկինն ասաց, որ գնումներն ավարտելուց հետո ժամը 16.00 հատվածներում ավտոկայանից նստեցին Գյումրի մեկնող «Գազելը», տեղավորվեցին մեջտեղի հատվածում: Ու քանի որ ընթացքում մութն ընկել էր, ոչինչ չէր երևում, Զարուհի Հովհաննիսյանը տրանսպորտի մեջ հետևել է որդուն, որը հեռախոսով խաղ էր խաղում: «Գազելը իր ընթացքով, սովորական ձևով գալիս էր, հետո չեմ հիշում ինչպես եղավ, ինչ եղավ, շոկային վիճակ էր.., Մեկ էլ տեսնեմ հիվանդանոցում եմ, սկսեցին շորերս հանել, ոտքս ծակեցին, մինչև էդ չեմ հիշում…Ես համարյա երկու- երեք ժամի չափ շոկային վիճակում եմ եղել, գիտակցությունս չեմ կորցրել, էդ ընթացքում ամուսնուս հետ խոսել եմ հեռախոսով, բայց շոկային վիճակ էր մոտս: Ամուսինս զանգեց, ասեցի՝ չգիտեմ, թե որտեղ ենք, ոտքս կոտրված է, «Գազելը» վթարի է ենթարկվել»:

Տուժողը այս ամենը վերհիշելիս լաց էր լինում՝ «Կամազ» վարորդ, ամբաստանյալ Մանվել Վարդանյանին հարցնելով, թե իր երեխայի առողջությունը կարո՞ղ է վերադարձնել: Այնուհետ նեղվեց, թե ինչո՞ւ «Կամազ» վարորդի բարեկամներից և ոչ մեկը չգնաց իր երեխային մայրաքաղաքում տեսնելու, երբ նա քթների տակ պառկած էր հիվանդանոցում: Տիկինը նաև ասաց, որ իր առողջական վիճակը լավ չէ, դեռ բուժումների մեջ է:

Նրա որդին՝ Էդմոն Սիմոնյանը, որին դատարանը հարցաքննեց մանկավարժի մասնակցությամբ, քանի որ անչափահաս է, ասաց, որ ընթացքում ճռռոց է լսել, արգելակման ձայն: Նա ևս մանրամասնորեն չէր հիշում կատարվածը: Հիշում էր, որ ինքն արդեն դրսում նստած էր ու մի աղջիկ իր օգնությունն էր առաջարկում իրեն: Տղան ասաց, որ անգամ հոր հեռախոսազանգին չի կարողացել պատասխանել, քանի ձեռքերը ջարդված էին ու չէր կարող վերցնել հեռախոսը: Հետո եկել է շտապօգնության մեքենան, իրեն սկզբում տարել են Գյումրի բժշկական կենտրոն, այնուհետ մայրաքաղաք:

Դատախազի այն հարցին, թե ի՞նչ տեսավ դրսում,տղան պատմեց, որ դրսում հայտնվելով՝ տեսավ կրակ ու այրվող մարդկանց: Ըստ տղայի, ինքը, ըստ էության, թռել է «Գազելից», քանի որ 30 մետր հեռավորության վրա էր: Տղան նաև ասաց, որ «Գազելը» իր տպավորությամբ երթևեկում էր 80-90 կիլոմետր ժամ արագությամբ:

Ականատես Հովհաննես Չախոյանն էլ պատմեց, որ գնացել էր Երևան ծրագրավորում սովորելու: Գյումրի վերադառնալիս նախավերջին երկու տեղանոց նստարանին էր նստել՝ պատուհանի մոտ: Տեսել է, որ Մարալիկում «Գազելից» մի ուղևոր աղջիկ իջավ, հետո եղել է կիսաքնած վիճակում ու հանկարծ լսել է արգելակման ու հարվածի ձայն: Ըստ նրա, նետվել է դեպի աջ կողմի պատուհանը ու էլ ոչինչ չի հիշում: Հովհաննես Չախոյանը պատմեց, որ գիտակցության է եկել մեքենայի մոտ, երբ սկսել են օգնել վնասվածք ստացածներին. իրեն տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, հետո Երևան՝ բուժումը շարունակելու: Ականատեսներից և ոչ մեկը չէր տեսել, թե «Գազելը»  որ մեքենային է բախվել: Հովհաննես Չախոյանն ասաց, որ չի կարող ասել, թե «Գազելից» ինչ արագությամբ էր ընթանում, բայց, ըստ նրա, հանգիստ էր ընթանում:

Edmon-Simanyan Hovahnnes-Chaxoyan Hrant-Simonyan

Վկայություն տվեց նաև Հրանտ Սիմոնյանը, որի կինն ու որդին եղել են «Գազելում»: Նա ասաց, որ ինքը այդ ժամանակ եղել է Դիլիջանում, և խոսել կնոջ հետ, վերջինս փոխանցել է. «Չգիտեմ որտեղ եմ, բայց ոտքս ջարդված է, ահա տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են այրվում»: Հրանտ Սիմոնյանը իր աներձագին է խնդրել գնալ Հոռոմի խաչմերուկ օգնության, մինչև որ ինքը կհասնի Դիլիջանից: «Աներձագս գնացել, տեսել էր դիակները, ինձ զանգել, հարցնում էր՝ հաստատ խոսե՞լ ես հետները, լսե՞լ ես նրանց ձայնը: 3 ամիս տղայիս գրկելով եմ նստացրել, երկու ամիս պառկեց Երևանում»,-հուզված պատմում էր հայրը:

Հովհաննես Չախոյանի մայրը՝ Մարգարիտա Չախոյանն էլ ասաց, թե Գյումրիում գանգի կոտրվածք էին կասկածում իր որդուն, սակայն մայրաքաղաքում պարզվել է, որ ուղեղի ցնցում էր ստացել: «Ու ձեռքերն էին այրվել»,- լացակումած պատմում էր մայրը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031