Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ա ասենք այո, ուզում ա ասենք` ոչ, որոշել են համայնքները պիտի խոշորացնեն»

Մայիս 14,2015 22:15

Մայիսի 17-ին, Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն համայնքների խոշորացման հարցով հանրաքվե: Այն կունենա դեռեւս փորձնական բնույթ, որը կիրառվելու է 3 մարզերում` Լոռիում, Սյունիքում եւ Տավուշում:

Կառավարության եւ բնակիչների կարծիքները դեռեւս հակասական են` կառավարությունը ասում է, որ արդյունավետ ծրագիր է, համայնքների խոշորացմամբ կառավարումը ավելի հեշտ կլինի եւ մեծ գումարներ կկրճատվեն, իսկ բնակչությունը տեսնում է գործազրկություն եւ փոքր համայնքների  վերացման վտանգ: «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» լրագրողների համար երեկ հանդիպում էր կազմակերպել Ալավերդու քաղաքպետարանում, որին մասնակցում էին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, փորձագետ Հայաստան Ստեփանյանը, խոշորացման ծրագրում ներառված Քարինջ համայնքի ներկայացուցիչներ:

«Մինչեւ մարզպետի գալը ժողովուրդը ուրիշ կարծիքի էր, կար տրամադրվածություն, որ մեծամասնությունը ասի ոչ, բայց մարզպետի գալուց հետո, երեւի մեր մարզպետը նորմալ ներկայացրեց բնակչությանը, որն էլ ասեց կարելի է հարգված մարդու ասած խոսքը ընդունել»,-ասաց Քարինջ համայնքի ներկայացուցիչ Սամվել Մխիթարյանը:

Իսկ փորձագետ Հայաստան Ստեփանյանն էլ ասաց, որ սրանք փորձնական ծրագրեր են, եւ մեր գիտելիքները դեռեւս տեսական են: «Տվյալ տարածքի համար դեռ չեն հաշվել բոլոր ռիսկերը, օրինակ` եթե միավորվում են համայնքները, ենթակառուցվածքները ոնց են աշխատելու, բոլոր համայնքներում պահպանելու են նախադպրոցական հաստատությունները, ավագ դպրոցը, միջնակարգ դպրոցը, կամ ո՞վ է իրականացնելու աղբահանությունը, ինչպե՞ս են իրականացնելու, ինչպե՞ս են վերանորոգվելու ճանապարհները եւ ի՞նչ միջոցների հաշվին, սրանք խնդիրներ են, որ պետք է մտածել»:

Քարինջ գյուղի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ոչ միայն բնակչությունն է դեմ, այլեւ իրենց գյուղապետը, բայց, քանի որ «ծառայող» մարդ է չի կարող ընդդիմանալ:

Մարց համայնքի բնակիչ Հրաչիկ Հովհաննիսյանն էլ ասաց. «Ես աշխատած մարդ եմ, գիտեմ, որ այս բոլորը սուտ է, ուզում ա ասենք այո, ուզում ա ասենք` ոչ, որոշել են պիտի անեն»:

Նյութի մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում

Անուշ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031