Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Դեմ ենք հոսանքի թանկացմանը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը Ազատության հրապարակում նախաձեռնել էր հոսանքի թանկացման հարցով հանրային քննարկում: Քաղաքացիները քննարկումից հետո «Ոչ հոսանքի թանկացմանը», «Ազատ, անկախ Հայաստան» կոչերով իրազեկման երթ անցկացրին Երևանում:
Նախաձեռնության կազմակերպիչներից քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը դրական համարեց, որ գոնե այս անգամ իրենք բավականին շուտ են իմացել թանկացման մասին ու ասաց. «Անցյալ անգամ ուշ էինք իմացել, դրա համար արդյունքի չհասանք: Բայց այս անգամ բավականին շուտ ենք իմացել և այս անգամ խոսքը ոչ թե 4, այլ 17 դրամի մասին է: ՀԷՑ-ը չգիտեմ ինչ հիմնավորումներով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է թանկացման առաջարկ: Մենք դեմ ենք. սա գլոբալ հարց է: Բացի հոսանքի թանկացումից թանկանալու են նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչը հանգեցնելու է արտագաղթի»: Մեր այն դիտարկմանը, ո՞րն է պատճառը, որ այսօր Ազատության հրապարակում այնքան էլ մեծ բազմություն չկա, Վաղինակ Շուշանյանը պատճառաբանեց, թե իրենք տեղեկատվության տարածման խնդիր ունեն: Դառնալով իրենց քայլերին՝ նշեց. «Աշխատելու ենք փողոցային պայքարի մեթոդները կիրառել, քանի որ իրավական դաշտը, արդարադատության համակարգը թանկացողների ձեռքում է»:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը խնդրի լուծումն այսպես է տեսնում. « Սա ուղղված է ժողովրդին քամելուն և կեղեքելուն: Կարծես թե հենց իրենք խոստովանեցին, որ նպատակը ՌԴ-ից վերցվող պարտքը փակելն է և իրենք էլ են ընդունում, որ դրա պատճառը վատ կառավարումն է: Ցինիզմն այն է, որ ասում են, թե հարգելի քաղաքացիներ, դուք պիտի վճարեք: Հարգելի քաղաքացիներն էլ պիտի մտածեն, թե ինչ անեն նման ցինիկների և հանցագործների հետ:
Պիտի դուրս գան փողոց և վերացնեն ասպարեզից նման կառավարությանը»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միջոցներով, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Քաղաքացիական անհնազանդություն, սրբել դրանց»: Մեր հակադարձմանը, իրենց օրինակով տեսանք, թե նման անհնազանդության կոչերն ինչի են հանգեցնում,ազատազրկմանը, ինչո՞ւ ժողովուրդը պետք է ընտրի այդ ճանապարհը, նա պատասխանեց. «Բայց նաև ազատ արձակեցին, քանի որ իրենց ռեսուրսը չի դիմանում ճնշմանը»:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց «սրբելու» հետ ու նշեց. «Խնդիրը համակարգային է: Սա տեսանք նաև գազի թանկացման հարցում: Աշխարհում նման բան չկա, որ վերադիրներն այսքան մեծ լինեն առանց խոշոր հարկերի: Իշխանությունները հերիք չէ լրիվ լիազորությունները տնտեսական մենաշնորհեցին, հիմա էլ ընդդիմադիր ուժերում իրենց մարդկանց ներդնում»:
Մեր հարցին՝ այս ամենն ու՞մ խղճին է նստում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Կառավարությունը, բոլոր օղակներն են մեղավոր են: Ժողովուրդը թող նորմալ իշխանություն ունենար, նորմալ հանձնաժողով և նման իրավիճակ չէր լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ