Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, քննարկել են նախագահի աշխատանքային այցի արդյունքները Ռուսաստան ու ԱՄՆ, հաղթանակի միջոցառումները:
Նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա պատասխանեց նաեւ հարցին, թե Աբովյանի ընտրություններում ինչու է ՀՀԿ-ն սատարում Վահագն Գեւորգյանին, որը հայտնի է որպես Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ եւ ինչ կարգապահական խախտում էր արել քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը, որին ՀՀԿ-ն հեռացրեց կուսակցության շարքերից: Հարց հնչեց նաեւ թե ՀՀԿ-ի հետ ինչ կապ ունի Վահագն Գեւորգյանը:
«Ներեցեք դուք չեք որոշում՝ ով է ՀՀԿ-ականի հետ կապ ունի կամ երբվանից կապ ունի: Մեր գործադիր մարմնի ներկայացուցիչ Ռուբեն Թադեւոսյանը երեկ ամբողջ օրը եղել է ձեր կայքերի նյուզմեյքերը, ամբողջական տեղեկատվություն տվել է, ավելացնելու բան չունեմ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արտաշատում Հովիկ Աբրահամյանի որդու առաջադրվելուն, շարունակեց. «Արգամ Աբրահամյանը առաջադրվել է, չպետք է դրանից սենսացիա ստեղծել: Նրան անձամբ ճանաչում եմ՝ պարկեշտ, կիրթ, դաստիարակված անձնավորություն է: Չեմ կարծում, որ եթե քաղաքացին առաջադրվում է, նրա հայրը, քեռին, հորեղբայրը ունի պաշտոն կամ ընդդիմության ներկայացուցիչ է, նրանք իրավունք չունեն»:
Պարոն Շարմազանովը վստահեցրեց, որ քաղաքապետերի առաջադրումներին գործադիր մարմնի նիստում չեն անդրադարձել. «Կուսակցության գործադիր մարմինն ու խորհուրդը չի քննարկել ոչ Աբովյանի, ոչ Ալավերդու քաղաքապետերի խնդիրները, ոչ առաջադրումները: Այդ հարցերը քննարկվում են կուսակցության ստորին օղակներում, մարզային կառույցներում»:
Հարցին, թե Ծառուկյանի հովանավորյալին սատարելով՝ Ծառուկյանին բարեկամական քա՞յլ չէր, ասաց՝ Ծառուկյանին հանգիստ պետք է թողնենք, կարիք չկա ցանկացած առիթի դեպքում կարծիքներ հնչեցնել, մարդը հայտարարել է, որ դուրս է գալիս քաղաքականությունից ու առաջին անգամ չէ, որ այս կամ այն համայնքում ՀՀԿ-ն պաշտպանում է անկուսակցականի:
Լրագրողի պնդմանը, թե Վահագն Գեւորգյանը ինչ կապ ունի ՀՀԿ-ի հետ, պարոն Շարմազանովն ասաց՝ «Հարցրեք աբովյանցիներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ