Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ես կուզեմ, որ ինքը թոկը կախի վիզը ու մեռնի». կրքեր՝ Շիրակի դատարանում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 14,2015 21:30

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ այսօր լսվեց Հոռոմի խաչմերուկում անցած տարվա նոյեմբերի 10-ին տեղի ունեցած վթարի գործով քննությունը: Հիշեցնենք, որ միմյանց էին բախվել Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու 45-ամյա Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Գազելը» այրվել էր: 7 հոգի, այդ թվում «Գազելի» վարորդ Ռազմիկ Մկրտչյանը տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: Քրեական գործ էր հարուցվել «Կամազ» մակնիշի վարորդ 45-ամյա Մանվել Վարդանյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

IMG_7389 IMG_7391 IMG_7405 IMG_7407 IMG_7413

Երկու անգամ հետաձգվելուց հետո այսօր, վերջապես, սկսվեց դատավարությունը. այն տեւեց բավական երկար՝ ժամը 12.00-ից մինչեւ 18.00-ն, անցավ լարված մթնոլորտում: Տուժողի իրավահաջորդները, տեսնելով «Կամազ»-ի վարորդին, պարբերաբար հուզվում էին, նեղվում էին նաեւ նրա փաստաբան Լիանա Բալյանի միջնորդությունների ժամանակ: Դատական նիստը սկսվելուն պես Մանվել Վարդանյանի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց արագացված դատաքննություն նշանակելու մասին: Փաստաբանը պատճառաբանեց, որ ամեն դատական նիստին թե՛ իր պաշտպանյալը, թե՛ տուժողները չեն կարող վերապրել կատարվածը, հատկապես, որ, ըստ փաստաբանի, այս դեպքը շատ է քննարկվում սոցիալական կայքերում, չպիտի շահարկել տուժողների վիշտը: Փաստաբանի այս միջնորդությունը չընդունվեց տուժողների իրավահաջորդների կողմից, քանի որ արագացված դատաքննության ժամանակ նշանակված պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցավոր արարքի համար նախատեսված առավել խիստ պատժի 2/3-ը: Այս մասին նրանց մեկնաբանեց դատավորը, իսկ նրանցից ոմանք պահանջում են ամենախիստ պատժի ենթարկել Մանվել Վարդանյանին, հետեւաբար եւ չհամաձայնեցին միջնորդությանը:

Դատախազ Արտյոմ Ավետիսյանը եւս առարկեց, ու դատարանը որոշեց գործը քննել ընդհանուր կարգով:

Լսելով դատարանի որոշումը՝ փաստաբան Լիանա Բալյանը ինքնաբացարկ հայտնեց Արթիկի դատախազ Արտյոմ Ավետիսյանին: Ըստ փաստաբանի, սույն քրեական գործը գտնվում է այս դատախազի հսկողության ներքո,սակայն վերջինս գործի հենց սկզբից կանխակալ մոտեցում է ունեցել իր պաշտպանյալի նկատմամբ ու տարել է միակողմանի քննություն: «Նա մերժել է մեր բոլոր միջնորդությունները, այդ թվում քննիչ Մանանդյանին վարույթից հեռացնելու միջնորդությունը»,- ասաց Լիանա Բալյանը: Փաստաբանը նշեց, որ ինքը 3 անգամ սույն քրեական գործով բացարկ է հայտնել Արթիկի քննիչ Մանանդյանին, քանի որ նա դեպքի օրը շոգային վիճակում գտնվող «Կամազ»-ի վարորդին առանց փաստաբանի մասնակցության հարցաքննել է, վերջինս էլ իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Հոգեբանական ծանր վիճակում գտնվող ու գլխի վրա վնասվածքներ ստացած վարորդին հարցաքննել են որպես կասկածյալ՝ նոր միայն բժշկական օգնություն կանչել նրա համար:

Ըստ փաստաբանի, քննիչը թելադրել է, որ Մանվել Վարդանյանը գրի, թե խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովության մասին օրենքի պահանջները, բացի այդ, քննիչը իր պաշտպանյալի մոտ անձնական վիրավորանքներ է հասցրել իրեն: Դատախազ Արտյոմ Ավետիսյաննն էլ պնդեց, որ քննությունը կատարվել է բազմակողմանի ու օբյեկտիվ, փաստաբանի միջնորդությունն էլ անհիմն է: Դատարանը չբավարարեց Լիանա Բալյանի՝ դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Նշենք, որ դատը հաճախակի էր ընդմիջվում փաստաբանի միջնորդությունները քննելու նպատակով, այդ ընթացքում տուժողի իրավահաջորդներից ոմանք վեճի էին բռնվում փաստաբանի հետ ու իրենց զայրույթն էին արտահայտում՝ ուղղված «Կամազ»-ի վարորդին: Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած Արամայիս Շիրազունու որդին՝ Գուրգենը, ամեն մի ընդմիջման ժամանակ դատարանի դահլիճում հուզվում էր: Տեսնելով «Կամազ»-ի վարորդին՝ անընդհատ գոռում էր. «Ես կուզեմ, որ ինքը մեռնի, թոկը գցե վիզդ մեռի, ես քեֆ կանեմ»: Դատարանի կարգադրիչները փորձում էին հանգստացնել նրան՝ ասելով, թե այդպես խոսելու դեպքում ի՞նչն է փոխվում, որին ի պատասխան՝ վերջինս հայտարարում էր, որ չի կարող հանդուրժել Մանվել Վարդանյանի ֆիզիկական ներկայությունը: Ամբաստանյալի մասին խոսելիս՝ երբեմն տականք էր անվանում նրան, դատավորը ստիպված էր լինում միշտ կարգի հրավիրել տուժողի այս իրավահաջորդին: Կրքերը բորբոքվեցին նաեւ այն ժամանակ, երբ փաստաբան Լիանա Բալյանը միջնորդություն ներկայացրեց համալիր փորձաքննություն նշանակելու մասին՝ նշելով, որ «Գազելի» վարորդ Ռազմիկ Մկրտչյանը տեսել է բեռնատար «Կամազը», սակայն արագությունը չի իջեցրել, ոչինչ չի ձեռնարկել: Փաստաբանը նաեւ հայտարարեց, որ «Գազելը» ունեցել է անսարքություն: Սա շատ զայրացրեց «Գազելի» մահացած վարորդի աղջկան՝ Հասմիկ Մկրտչյանին, որը սկսեց վիճաբանել, թե փաստաբանը հեքիաթ է պատմում:

Դատական նիստի առաջին ընդմիջման ժամանակ վիճաբանությունը տեղափոխվեց դատարանի միջանցք, ծանր հոգեվիճակում գտնվող տուժողներն ու հարազատներին կորցրած իրավահաջորդները թունդ լեզվակռվի մեջ էին մտել փաստաբանի հետ:

Մանրամասները` տեսանյութերում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031