ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում բազմաթիվ անգամ ստուգվել են կասկածելի անձանց բնակարանները՝ նրանց հայտնաբերելու նպատակով։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից ստացվել է գրավոր պատասխան, որ այն անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից։ Նախաքննական մարմինը ձեռնարկել եւ ձեռնարկում է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից կամ հնարավոր մասնակցություն ունեցած բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն, քրեական գործով նախատեսված գործողությունների եւ միջոցառումների քննչական պլանի համաձայն, իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Քննության շահերից ելնելով՝ արդյունքների մասին նախաքննության այս փուլում առավել մանրամասն տեղեկություններ չեն կարող հրապարակվել: Միաժամանակ հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը՝ քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին հանրությունը կիրազեկվի։
ՀՀ Քննչական կոմիտե