Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան է գալիս GUCCI ընտանիքից՝ Լաուրա Գուչին եւ Քուվեյթի արքայադուստրը

Մայիս 14,2015 20:14

Հայտնի «GUCCI» բրենդը ստեղծող ընտանիքի անդամ Լաուրա Գուչին կայցելի Հայաստան: Լաուրա Գուչին Հայաստանում ներկա կլինի հունիսի 8-11-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) եւ կին ձեռներեցների ասոցիացիայի կողմից  կազմակերպող «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովին:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ կին ձեռներեցների ցանցը մեր երկրում ստեղծվել է ՀԵԿԱ-ի կողմից, որը հանդիսանում է այս նույն անվամբ համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: Նշենք, որ այս կազմակերպությունը աշխարհում ամենամեծ եւ ազդեցիկն է, որպես կին ձեռներեցների համաշխարհային կառույց:

Լիլիթ Ասատրյանն ասաց, որ այս կառույցի հովանավորությամբ կազմակերպվող համաժողովին ներկա են լինելու բազմաթիվ հայտնի դեմքեր, ընդ որում, բացի Լաուրա Գուչիից, նույն համաժողովին մասնակցելու համար Հայաստան կայցելի նաեւ Քուվեյթի արքայադուստրը, որը արաբ կին ձեռներեցների ասոցիացիայի նախագահն է, եւ աշխարհում 100 ամենահայտնի արաբ կանանցից մեկը, որը նաեւ հայտնի է որպես մեծ բարերար:

Aravot.am-ի այն հարցին՝ թե ի՞նչ կտա այս համաժողովն ու հայտնի անձանց այցը Հայաստանին եւ հայ կին գործարարներին, Լիլիթ Ասատրյանն ասաց. «Նախ՝ Հայաստանի վարկանիշի վրա կազդի: Բացի այս, ես մեծ ակնկալիք ունեմ, որ մեր երկիրը մեծ հետաքրքրություն կներկայացնի խոշոր ձեռներեցների համար, կանանց ձեռներեցության շրջանակներում համագործակցելու ծրագրեր իրականացնելու եւ ներդրումներ կատարելու առումով»:

Մեր այն հարցին էլ՝ համաշխարհային ճանաչում ունեցող կին ձեռներեցները, որոնք այցելելու են Հայաստան, մեր երկրի տնտեսության հատկապես ո՞ր ճյուղով են  հետաքրքրված, տիկին Ասատրյանը հավաստիացրեց, որ նրանց հետաքրքրությունների շրջանակները շատ տարբեր են՝ սկսած տեքստիլից, նորաձեւությունի, կրթությունից մինեչեւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա:

Լիլիթ Ասատրյանի խոսքերով՝ համաժողովը շատ ընդգրկուն է լինելու, որտեղ կքննարկվեն կանանց ձեռներեցության զարգացման վերաբերյալ հարցեր,  նախատեսվում է նաեւ այցելություն հայաստանյան արտադրողներին, ցուցահանդես էքսպո՝ երկկողմանի եւ  բազմակողմանի հանդիպումներ կազմակերպելու հնարավորությամբ, բիզնես հանդիպումներ, որի ընթացքում հնարավոր կլինի գործընկերներ գտնել, ինչպես նաեւ կին արվեստագետների ցուցահանդես կլինի:

ՀԵԿԱ-ի կողմից կազմակերպվելու է մշակութային ծրագիր՝ Հայաստանի մշակութային ժառանգությունը օտարերկրյա մասնակիցներին ներկայացնելու համար:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի միջոցառումները, ինչպես ասաց Լիլիթ Ասատրյանը,  աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստանում, եվրոպական երկրներում, Թունիսում, Մարոկկոյում, Գերմանիայում Բահրենում եւ այլուր, կազմակերպվում է նախագահների, առաջին տիկնանց կամ թագավորների բարձր հովանու ներքո եւ մասնակցությամբ:  Իսկ Հայաստանում այն կկազմակերպվի կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանավորությամբ:

Մեր այն հարցին՝ ի՞նչն է դրդել համաշխարհային այդ կազմակերպությանը ինքնուրույն մեր երկրում կազմակերպել նման միջոցառում, Լիլիթ Ասատրյանն ասաց. «Պարզապես մեզ՝ հայ կին ձեռներեցների ասոցիացիային գնահատելով են նման որոշում կայացրել: Ընդ որում, այս համաժողովին ներկա են լինելու կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի վարչության եւ համաշխարհային կոմիտեի անդամներ, հայտնի կին գործարարներ, պետական մարմինների,  ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ ու փորձագետներ: Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ ու դեսպաններ»:

Նշենք, որ կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան աշխարհի շուրջ 120 երկրների կին ձեռներեցների միավորում է, որտեղ ընդգրկված են 5 միլիոնից ավելի կանանց: Այս կազմակերպությունը, ինչպես ասաց տիկին Ասատրյանը, խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031