Մայիսի 13-ից 15-ը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ) հարկային ոլորտի պատասխանատու՝ Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու՝ Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատու՝ Անդրեյ Սլեպնովի, ինչպես նաև Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի կողմից կազմված պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակներում քննարկումներ են կազմակերպվել ՀՀ գործարար համայնքի և ՀՀ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես քննարկումները կազմակերպվել են երեք հիմնական և արդի հարցերի վերաբերյալ, որոնք են՝ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի նախագիծը, ԵԱՏՄ շրջանակներում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրները, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագիծը:
ԵԱՏՀ ներկայացուցիչների կողմից ներկայացվել է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի նախագիծը, որը նախատեսվում է ամբողջացնել մինչև այս տարվա հոկտեմբերը: Նշվել է, որ օրենսգրքի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ գործող մաքսային կարգավորումները արդեն իսկ որոշակի առումներով չեն համապատասխանում ներկա տնտեսական զարգացումներին, վերջին տարիների ընթացքում և ընթացակարգային, և քաղաքական առումով էական փոփոխություններ են տեղի ունեցել և ստեղծվել է նոր իրավիճակ: Արձանագրվեց, որ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը նպատակաուղղված է գործող ընթացակարգերի պարզեցմանը և բիզնեսի համար այլընտրանքային ծախսերի կրճատմանը:
Հարկային ոլորտում առկա խնդիրների շարքում քննարկումների ընթացքում հատկապես կարևորվել են ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման հետ կապված խնդիրները: Նշվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքային գնումներ և ներմուծումներ կատարող մեր տնտեսվարող սուբյեկտների համար ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառումը առավել դյուրին դարձնելու նպատակով առաջիկա օրերին կձեռնարկվեն հարկային ոլորտի համար պատասխանատու ԵԱՏՀ-ի ենթակոմիտեի անդամների հանդիպումներ: Նախատեսվում է, որ առաջիկայում այդ հարցի լուծման ուղղությամբ կարձանագրվեն տեսանելի արդյունքներ:
ԵԱՏՀ ներկայացուցիչների կողմից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի քննարկումների ընթացքում ի թիվս այլ հարցերի ներկայացվել է նաև, որ բանակցություններ են իրականացվում Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ: Հարցի շուրջ քննարկումների ընթացքում կարևորվել է նաև Չինաստանի հետ համագործակցությունը եւ ընդգծվել, որ որոշ ոլորտներում համագործակցության վերաբերյալ բանակցություններ են սկսվելու նաև Չինաստանի հետ:
Ամփոփելով նշենք, որ քննարկումների ընթացքում ԵԱՏՀ ներկայացուցիչների կողմից իրականացվել է հարցերի մանրամասն ներկայացումներ, պարզաբանումներ են տրվել բարձրացված հարցերի և պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա քայլերի վերաբերյալ: Նախատեսվում է, որ քննարկումների այս ձևաչափը կլինի շարունակական և թույլ կտա ի հայտ բերել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խնդիրները, դրանց լուծումները և բացահայտել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման առկա հնարավորությունները:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն