Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Երևանի Մանկական զբոսայգում նշվել է Համբարձման տոնը։ Տոնակատարությունը մեկնարկել է Տերունական աղոթքով և ավանդական ուտեստների օրհնությամբ։
«Համբարձման տոնը շարժական է, նշում ենք Սուրբ Զատկից 40 օր հետո։ Դարեր շարունակ մեծ տոնախմբությամբ նշվող ազգային տոներից է, որի նշանավորումը, սակայն, վերջին տասնմյակներում պակասել էր։ Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն իր աջակցությամբ մեծ կարևորություն է տալիս ազգային տոներին. օրինակ, Բարեկենդանը այս տարվանից դասվեց Երևանի տոների շարքում և նույնկերպ մտորում ենք միախմբել ժողովրդական, հոգևոր, ազգագրական ծիսակատարությունները և Համբարձման տոնը ևս պատարագից հետո մեծ շուքով համատարած նշել»,- ներկայացրել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող Պետրոս ավագ քահանա Մալյան։
Համբարձման տոնակատարությունը անցկացվել է ավանդական ծիսակարգով՝ ազգագրական երգ ու պարով, վիճակի տոնահանդեսով։
«Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը ջանում է աջակցել ազգային տոների տարածմանը՝ երևանյան երիտասարդությանը ներգրավելով ազգային տոնակատարություններին, այսպիսով` ներկայացնել դրանց ակունքները, պատմությունը, նշանակությունը։ Նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։
Երևանի քաղաքապետարան