Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գալաջյանին դատարանի որոշմամբ պարտավորեցնում են հրապարակայնորեն ներողություն խնդրել

Մայիս 14,2015 17:55

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Արայիկ Մելքումյան) մասնակիորեն բավարարեց ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի հայցն՝ ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի 3 աշխատակիցները դատական հայցով դիմել են դատարան ընդդեմ «Իրավունք» թերթի, որը հրապարակել և հրատարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը: Նրանք պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և յուրաքանչյուրին փոխհատուցել 3 մլն ՀՀ դրամ:

Դատարանի վճռի համաձայն՝ iravunq.com կայքում պետք է հերքում հրապարակվի կապված նշված հոդվածում հրապարակված զրպարտիչ տեղեկությունների վերաբերյալ: Հովհաննես Գալաջյանից հօգուտ Գրիգոր Գևորգյանի և Արման Սահակյանի պետք է բռնագանձվի 250.000-ական դրամ, ինչպես նաև հրապարակայնորեն վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրի Գրիգոր Գևորգյանից և Հովհաննես Մկրտչյանից, Արման Սահակյանից:

Դատական վճիռը պատրաստ չէր, ուստի այն չտրամադրվեց կողմերին: Դատական նիստի ավարտից հետո Aravot.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալաջյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ «ակնհայտ անհիմն դատական ակտ էր» ու մանրամասնեց. «Մասնավորապես կողմը զրկվել էր օրենքով սահմանված կարգով ժամանակին հայց ներկայացնելու իրավունքից, որը դատարանը հաշվի չառավ: Ավելին, սույնի հետ կապված ավելի քան նորմալ ապացույցներ ներկայացվեց, որ դա ընդամենը քննադատողական դատողություն է: Վճիռը պատրաստ էլ չէր, չտրամադրեցին, տրամադրելուց հետո կուսումնասիրենք և օրենքով սահմանված կարգով կվիճարկենք այն վերադասության կարգով»: Լևոն Բաղդասարյանը զերծ մնաց գնահատականներ տալուց՝ վստահեցնելով, որ «դրա գնահատականը կտա մեդիան ու գլխավոր խմբագիրը»:

Արման Սահակյանը վճիռը նախադեպային համարեց ու նշեց. «Այն, որ ՀՀ-ում հայկական պատմության մեջ առաջին անգամ դատարանի կողմից և առաջին ատյանում փաստվեց խտրականության և ատելության խոսքի հրահրման փաստը, դա արդեն առաջընթաց է մեր հանրապետության համար ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման տեսանկյունից: Սակայն մենք պահանջ էինք նաև ներկայացրել պարտավորեցնել խտրականության և ատելության կոչերի հրահրման փաստը հրապարակել հենց կայքի միջոցով: Դատարանն այն մերժեց, որը մեծ բաց չեմ համարում»:

Մեր այն հարցին՝ մտահոգություն չունե՞ն, որ բողոքարկման դեպքում վերաքննիչ ատյանում հնարավոր է բավարարվի Հովհաննես Գալաջյանի վերաքննիչ բողոքը, Արման Սահակյանը պատասխանեց. «Չունենք մտավախություն: Եթե վերաքննիչ դատարանը որոշի բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, մենք գնալու ենք մինչև Եվրադատարան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան (իրավաբան) says:

    Շնորհավորում եմ հայցվորներին՝ ՀՀ սահմանադրության հաղթանակի համար:
    Եվ իհարկե, ՀՀ քաղաքացիներին:
    Եվ դատական իշխանությանը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031