Մարդկային կապիտալի համաթվով մեր երկրի դիրքերն ավելի ցածր են 15-24 եւ 24-54 տարիքային խմբերում: Այս մասին փաստում է 2015 թ.-ի Մարդկային կապիտալի զեկույցը, որի գլխավոր բաղադրիչը շարունակում է մնալ մարդկային կապիտալի համաթիվը: Զեկույցը հրապարակել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը: Մարդկային կապիտալի համաթվի հիմքում ընկած են երեք հիմնական հասկացություն` կրթություն, զբաղվածություն եւ ժողովրդագրություն:
ԱՊՀ երկրների շարքում ըստ մարդկային կապիտալի համաթվի, Հայաստանը 4-րդն է` զիջելով Ռուսաստանին, Ղազախստանին եւ Ուկրաինային:
Հետազոտական կենտրոնի մասնագետները մտահոգություն են հայտնում, որ 15-24 եւ 24-54 տարիքային խմբերը ավելի ցածր դիրքերում են, քանի որ հենց այդ տարիքային խումբն է ներկայիս աշխատուժի հիմնական մասը կազմում: Ըստ նույն զեկույցի, 15-24 տարեկան տարիքային խմբի` ապագա աշխատուժի հարաբերականորեն ցածր դիրքը պայմանավորված է կրթական համակարգի որակի, աշխատուժի մասնակցության մակարդակի, գործազրկության մակարդակի ցուցանիշների ցածր գնահատականով:
Հայաստանն, ըստ զեկույցի, 124 երկրների շարքում 43-րդ տեղում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ