2005 թվականին Բերգեն քաղաքում միանալով Բոլոնյան գործընթացին Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը «սովետական»-ից անցում կատարեց «եվրոպականի», սակայն ոլորտի փորձագետների դիտարկմամբ, անցումը հիմնականում լուծեց խնդրի արտաքին՝ կառուցվածքային մասը, իսկ բովանդակությունն ու կրթության որակը մնաց նույնը:
Բարեփոխումների մեկնարկից տասը տարի հետո ոլորտի մասնագետները գնահատում են ու վերլուծում՝ հանգելով եզրակացության, որ բարձրագույն կրթության համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մեծ մասը կրում են արտաքին ու ձևական բնույթ, իսկ էությունը և բովանդակությունը մնում է անփոփոխ, պարզաբանելով, որ Բոլոնյան ռեֆորմները դրական արդյունք չեն ունեցել դասավանդման և սովորելու, գիտահետազոտական աշխատանքների կամ կառավարման համակարգի աշխատանքի բուն էության վրա:
Միևնույն ժամանակ Բոլոնյան գործընթացի տարիներին Հայաստանը որդեգրել է գիտական աստիճանների բոլոնյան կառուցվածքը, ուսումնական բալերի փոխանցման եվրոպական մոդելը, որակի ապահովման համակարգի ձևավորման ուղեցույցներն ու ստանդարտները, որոնք որոշ դեպքերում մնացել են թղթի վրա ու չեն կիրառվում:
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, դասախոս Արևիկ Անափիոսյանը նշում է, որ ամբողջ բարեփոխումների ընթացքում դասախոսները «մարգինալացված» են եղել:
Կարդացեք նաև
«Ամբողջ բարեփոխումների նպատակը՝ որակյալ կրթություն ապահովելն է, որից հետո ուսանողը կկարողանա մտնել աշխատաշուկա և այնտեղ լինել մրցունակ, և ի վերջո պետությանը տանել դեպի զարգացում: Որտե՞ղ է ապահովվում կրթության որակը, ավաղ ոչ վարչական սենյակներում և քաղաքականության փաստաթղթերում, որակ կարելի է ապահովել միմիայն լսարանում՝դասավանդման և ուսումնառության ընթացքում»,-ասում է Անափիոսյանը:
2012թ իրականացված Բարձրագույն կրթության բարեփոխումների գնահատումը ցույց էր տալիս, որ հարցված բուհերի միայն 18% էր մշակում կարևոր փաստաթղթերը դասախոսական և միջին մակարդակի կառավարման կազմի հետ համատեղ, ինչը վկայում է այն մասին, որ բուհի գործունեության կարևոր հայեցակարգեր մշակվում են նեղ շրջականերում և չեն արտացոլում գործնականում անհրաժեշտ փոփոխությունները:
ՀՀ բուհերում հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ շահեկիցները դեռևս լուրջ մասնակցություն չունեն, իսկ ներքին շահեկիցներից մեկը` դասախոսական կազմը, գրեթե ներգրավված չէ, իսկ մյուսի` ուսանողների, հարցման արդյունքներն էլ հաճախ պատշաճ կերպով չեն կիրառվում և ծառայեցվում որակի շարունակական բարելավման հաջորդող գործընթացներում:
Ազգագրագետ, դասախոս Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ ցանկացած կրթական համակարգի հաջողությունը, եթե անդրադառնում են բովանդակային խնդրին և ոչ կառուցվածքային, ապա այն կապված է պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կարծում է, որ այս հարցում առաջընթացը քիչ է, չնայած վերջին հինգ տարիներին կազմը բավականին թարմացվել է;
«Օրինակ, հումանիտար ոլորտում լսարան են մտնում մարդիկ որոնց հանձնարարած գրականությունը 60-70 ական թվականների գրականություն է, չեմ ասում, որ դա վատն է, բայց հումանիտար գիտությունը անընդհատ զարգացում է, ապրում, և այն չի կարող զարգանալ այն մակարդակով, որ այդ կրթություն ստացողը պահանջված լինի աշխատաշուկայում այդ շրջանի գրականությամբ»,- ասում է Խառատյանը:
«Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Սարգիս Ասատրյանցն էլ գնահատելով ԿԳՆ դերակատարությունը Բոլոնյան գործընթացում, նշում է. շատ բան մնացել է թղթի վրա, քանի որ ներքին օղակում դասախոսների և ադմինիստրացիայի պահպանողական սերունդն է:
«Նրանք «նոստալգիայի» մեջ են ընկնում. խորհրդային կրթությունից լավագույնը չկար: Գուցե ժամանակին լավագույնն էր, բայց ոչ հիմա, երբ ունենք մրցակցություն աշխատաշուկայում: Այն ժամանակ մի կրթական համակարգ էր, ինչ էլ ավարտեիր հետո քեզ աշխատանքի էին տեղավորում, իսկ հիմա չկա նման բան: Կա դաժան մրցակցություն, հետևաբար այսօր այլընտրանք չունի միասնական կրթական տարածքի մեջ լինելը, որովհետև եթե ես այսօր ավարտում եմ այստեղ, բայց գնում եմ աշխատում եմ Ֆրանսիայում, հետևաբար իմ կրթությունը պետք է ճանաչեն»,-ասում է Ասատրյանցը:
Մասնագիտությամբ ազգագրագետ, ԵՊՀ-ի մշակութային մարդաբանության դասախոս Աղասի Թադևոսյանի կարծիքով Բոլոնյան ռեֆորմների միջոցով՝ Հայաստանը փորձում է ինտեգրվել եվրոպական կրթական միջավայրին, սակայն այդ ջանքերը դեռևս գոհացուցիչ արդյունքներ չեն տալիս:
Ըստ նրա դասախոսները և ուսանողները ներքևից չեն բարձրացնում խնդիրները, որպեսզի կրթությունը որակյալ դառնա, շատերի համար էլ իրականացվող ռեֆորմները դիտարկվում են վերևից իջեցվող՝ դիրեկտիվ, ինչի արդյունքում ներքևներում դիմադրություն է առաջանում:
«Ամենամեծ դիմադրությունը դասախոսների «հին գվարդիայի» կողմից է: Դրանք այն մարդիկ են, ում ձեռք է տալիս այս համակարգը, ովքեր առանձնապես չեն ձգտում շատ որակյալ գիտելիք տալ ուսանողին, ովքեր դժգոհ չեն ցածր վարձավճարներից, բայց ովքեր ունեն մեխանիզմներ որոնցով կարողանում են ուսանողի գնահատականի վրա ազդել, դրա դիմաց ստանալով գումարներ»,-ասում է Թադևոսյանը:
ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը իր վերջին ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանն իր անդամակցության տասը տարիներին շոշափելի արդյունքներ է գրանցել:
«Այս տասը տարիների ընթացքում բարձագույն կրթական համակարգը դարձել է բարեփոխումների շրջադարձային փուլ, ավարտել ենք կառուցվածքային բարեփոխումների փուլը: Կրթական կառուցվածքն ամբողջությամբ համադրելի է եվրոպական կրթական ստանդարտներին»,- ասել է Աշոտյանը, ավելացնելով, որ անելիքներ դեռ շատ կան:
Այնուհանդերձ ոլորտի փորձագետների դիտարկմամբ Բոլոնյան գործընթացը ենթադրում էր բարեփոխումներ, որոնք պետք է ներդրվեին նաև բուհերի կառավարման համակարգերում, ինչը սակայն չի արվել, մինչդեռ ցանկացած բարեփոխման հաջողությունը կառավարման համակարգի փոփոխության մեջ է:
Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը նշում է. խնդիրը բուհական կառավարման մեխանիզմների մեջ է:
«Մենք խոսում ենք կարևորագույն ակադեմիական սկզբունքի մասին՝ ինքնավարության: Երբ քննարկում ենք նախարարության գործընկերների հետ ինչ-որ հարցեր, մեզ ասում են բուհերը ինքնավար են կառավարման տեսանկյունից, բայց իրականում այդ ինքնավարությունը տարածվում է միայն վարչական հատվածի վրա, այստեղ չկա ո՛չ ուսանողությունը, ո՛չ դասախոսական կազմը: Բուհերի ներսում իրական ինքնավարություն չկա»,-ասում է Կարաբեկյանը:
Փորձագետի կարծիքով, եթե չկա մասնակցային կառավարման համակարգ, որին մասնակից են դասախոսներն ու ուսանողները, ապա գործընթացը չի կարող հասնել լսարան:
«Չկա մասնակցություն, չկա դրանից բխող նախաձեռնողականություն, նորարարություն: Ես հեռու եմ մեղադրելու դասախոսներին: Նրանք օտարված են ու չունեն մասնակցություն կառավարման գործընթացին»,-ասում է Կարաբեկյանը:
Բոլոնյան ռեֆորմների կայացման հաջողությունը Սամվել Կարաբեկյանը տեսնում է բուհական կառավարման համակարգի ապակենտրոնացման մեջ:
«Չի կարելի կառավարել մի եղանակով մի համակարգ, որի բովանդակությունը խարսխված է ազատությունների վրա: Ի վերջո, կա ակադեմիական ազատությունների խարտիան, և եթե դու ուզում ես այդ միջավայրը կառավարել խիստ, դիրեկտիվ ինստրուկցիաների միջոցով, ապա դա չի կարող հաջողություն ունենալ: Դա կարող է մասնավոր հաջողություն ունենալ երկաթ- բետոնե կոնստրուկցիաների գործարանում, կամ կարտոֆիլագործական հիմնարկությունում: Քո կառավարման մոդելը պետք է հաշվի առնի կառավարման օբյեկտի առանձնահատկությունները ու բովանդակությունը»,-ասում է Կարաբեկյանը:
Եվրոպական համալսարանական ասոցիացիայի վերլուծությամբ, Հայաստանի համալսարանների ինքնավարության աստիճանը կազմում է 47% կազմակերպչական ինքնավարության համար, 66% ֆինանսական ինքնավարության, 91 % կադրային ինքնավարության և 46% ակադեմիական: Սակայն մեծ տարբերություն կա ինքնավարության տեսական չափման և առօրյա որոշումների ընդունման գործընթացների մեջ, որտեղ ինստիտուցիոնալ ինքնավարությունը կարող է ընդհանրապես կիրառում չստանալ:
Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm