Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի որոշումը դատական կարգով բողոքարկման առաջին փորձը

Մայիս 14,2015 17:04

Aravot.am-ն երեկ տեղեկացրել էր, որ կոնկրետ գործով վարույթից հեռացված Շիրակի մարզի քննչականի քննիչը դատարան բողոք է ներկայացրել դատախազի որոշման դեմ։

Նշել էինք, որ քննիչը փորձել է այդ որոշումը բողոքարկել նախ վերադասության կարգով՝ վերադաս դատախազին ներկայացնելով առարկություն: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ` Ա. Հարությունյանը գրավոր պատասխանել էր, թե դատախազի վերոնշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն քննարկումներ ծավալվեցին այս հարցի շուրջ. կարո՞ղ է քննիչը բողոքարկել, թե օրենսդրական կարգավորում գոյություն չունի:

Իհարկե, դա դատախազի լիազորությունն է՝ հեռացնել քննիչին վարույթից, ինչը, ըստ դատախազության, բողոքարկման ենթակա չէ։ Սակայն տեսականորեն չի կարելի բացառել, որ դատախազի որոշումը կարող է լինել անհիմն, որի հետեւանքով կարող է վարույթից հեռացվեր, ասենք , բազմակողմանի քննություն իրականացնող քննիչը։ Բացի այդ՝ դա իր մեջ պարունակում է պատասխանատվության որոշակի տեսակ, քննիչին մեղսագրվում են կոնկրետ գործողություններ եւ միաժամանակ զրկում դրանք վիճարկելու հնարավորությունից։

Քննիչի կարծիքով, որի անուն-ազգանունը չենք հրապարակում , քանի որ նա դեռ վիճարկելու է այս որոշումը դատարանում, իրականում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներով ինքն իրականում կարող է բողոքարկել դատախազի որոշումը։ Ըստ նշված հոդվածի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն դատախազի որոշումը կարող են բողոքարկել, ի թիվս այլոց, քրեական դատավարության մասնակիցները և այլ անձինք: Ընդ որում ՀՀ քր. դատ. օր.-ի 290-րդ հոդվածի 1-ին մասում տարբերակված են «քրեական դատավարության մասնակից» և «այլ անձ» հասկացությունները: Դատախազի որոշմամբ խախտվել են քննիչի իրավունքները և օրինական շահերը: Այս դեպքում քննիչին վարույթից հեռացնելիս՝ դատախազը ՀՀ քր. դատ. օր.-ի 6-րդ հոդվածի 30-րդ կետի իմաստով վարույթ իրականացնող անձ Է, իսկ քննիչը ՀՀ քր. դատ. օր-ի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ այլ անձ է, իսկ ՀՀ քր. դատ. օր-ի 6-րդ հոդվածի 33-րդ կետի իմաստով՝ դիմող է ( յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին` քրեական դատավարության կարգով խախտված իրավունքների պաշտպանության համար)»,- նշում է քննիչը: Եվ ավելացնում՝ «Քննիչին վարույթից հեռացնելու հիմքը առերևույթ դատավարական խախտումներն են եւ վարույթից հեռացնելով ենթարկում է քրեադատավարական պատասխանատվության: «Դատախազը տվյալ դեպքում ինձ վարույթից հեռացնելու որոշման մեջ նկարագրել է մի շարք առերևույթ դատավարական խախտումներ, այսինքն՝ ըստ էության ինձ մեղսագրվել են իրավախախտումներ, կասկածի տակ է դրվել իմ մասնագիտական բարեխղճությունը»,- ինչի մասին հիմնավորումներում նշել է քննիչը՝ արձանագրելով, որ միաժամանակ զրկվել է արդյունավետ պաշտպանության իրավունքից եւ իբրեւ հետեւանք խախտվել է իր անմեղության կանխավարկածը։

ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իսկ ՀՀ սահմանադրական դատարանի 22.09.2009թ. ՍԴՈ-832 որոշման համաձայն՝ անմեղության կանխավարկածը կարող է կիրառվել նաև այլ վարույթների շրջանակներում: ՀՀ սահմանադրական դատարանն անմեղության կանխավարկածի կիրառելիության ոլորտը պարզելու համար վերլուծել է «քրեական մեղադրանք» հասկացության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և հաստատել, որ անմեղության կանխավարկածը կարող է կիրառվել նաև վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների նկատմամբ: Եվ պատասխանատվության ենթարկված քննիչը կարծում է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը տվյալ դեպքով տարածվում է նաև քննիչին վարույթի հեռացնելու եղանակով նրան դատավարական պատասխանատվության ենթարկելու դեպքի վրա, քանի որ դատավարական պատասխանատվությունը հանրային իրավական պատասխանատվության տեսակ է, որը կիրառվում է քննիչի կողմից առերևույթ դատավարական խախտումներ թույլ տալու դեպքում:

Այս թեման արդեն լայն արձագանք է գտել մասնագիտական շրջանակներում։ Իրավաբան Արամ Վարդեւանյանն, օրինակ, ուշադրություն է դարձնում մարդկանց լսվելու իրավունքի ապահովման վրա։ Ըստ նրա՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում կարևորել է հենց մարդկանց լսվելու իրավունքի ապահովման հարցը, և դրա բացակայության դեպքում գտել է մարդու իրավունքների խախտում: «Վերջերս ՀՀ սահմանադրական դատարանը մարդկանց գործունակության վերանայման գործընթացի վերաբերյալ ամրագրեց, որ պետք է ապահովվի վերջիններիս լսվելու իրավունքը, քանի որ ուղղակիորեն վերաբերում է այդ անձանց օրինական շահերին: Կարծում եմ կասկածից վեր է, որ ցանկացած անձ իր նկատմամբ հետևանք առաջացնող, առավելևս բացասական հետևանք առաջացնող (վարույթից հեռացում, իրականացված գործունեության բացասական գնահատում) որոշման կապակցությամբ պետք է ունենա լսվելու իրավունք, անկախ նրանից թե այդ անձը ինչ պաշտոն է զբաղեցնում կամ, որ ոլորտում է աշխատում, հակառակ դեպքում այդ որոշումը չի ապահովի բազմակողմանիության և օբյեկտիվության պահանջները»,- քննիչին վարույթից հեռացնելու դատախազի որոշումը դատական կարգով բողոքարկման առաջին փորձն այսպես է մեկնաբանել իրավաբանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    շատ հետաքրքիր ու ծիծաղելի բողոք էր, իսկ Առավոտը ոնց ճարեց, հալալա

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031