Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կմասնակցի՞ Ռիգայի գագաթնաժողովին

Մայիս 14,2015 17:15

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ կգնա, քանի որ առջևում ընտրություններ ու այլ հարցեր կան

Այսօր ժամը 20.00-ին սպասվող ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես կգա յուրօրինակ հաշվետվությամբ՝ ԱՄՆ և ՌԴ կատարած իր այցերի մասին, որոնք, մեղմ ասած, քննադատվեցին: ԱՄՆ-ում ՀՀ նախագահին չընդունեցին երկրի ղեկավարի մակարդակով, Ռուսաստանում էլ՝ Մոսկվայում, Հայրենական պատերազմին նվիրված շքերթին շատ վերլուծաբանների տպավորությամբ՝ մի տեսակ մեզ պատիվ չէր բերում այն հանգամանքը, որ մասնակցում էին «ՀՀ-ն ու Աֆրիկան»: Ինչևէ, շատ հարցերում հստակեցումներ կմտցվեն այսօր երեկոյան սպասվող նիստում:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չժխտեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում կքննարկեն Սերժ Սարգսյանի՝ գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը: Նա մասնավորապես փոխանցեց. «Սովորաբար օրակարգը ձևավորվում է, երբ նիստը սկսվում է: Այն ձևավորվում է կուսակցության նախագահի և ԳՄ անդամների առաջարկության հիման վրա՝ տեղում: Նախապես նման օրակարգ չի ձևավորվում»:

Հստակեցրինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ քննարկվի նաև Սերժ Սարգսյանի՝ Ռիգայի գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը, պարոն Թադևոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, քանի որ մենք բոլոր հարցերին ըստ անհրաժեշտության և օպերատիվության անդրադառնում ենք»: Արտասահմանյան այցերի մասին հաշվետվություն ներկայացնելու առիթով ասաց. «Նախագահը հաշվետվություն չի ներկայացնում, նա տեղեկություններ է ներկայացնում կատարված աշխատանքների, այցերի և այլ գործընթացների և երևույթների վերաբերյալ, և նման տեսակետներ արտահայտում են բոլորը՝ կախված հարցի քննությունից և դրվածքից: Մինչև վաղը սպասեք, և Ձեր հարցերին սպառիչ պատասխան կտանք»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի ցանկանում գուշակություններով զբաղվել ու կանխատեսել՝ Սերժ Սարգսյանը կմասնակցի, թե ոչ: Բայց համոզմունք է հայտնում, որ «նման հարցերը ՀՀ-ում հրապարակային քաղաքական, պետական շահերի շրջանակներում չեն որոշվում, այլ իշխանության պահպանման շրջանակում են քննարկվում: Իսկ թե այդ շրջանակում ինչ որոշում կկայացվի՝ չեմ կարող ասել»:

Մեր դիտարկմանը, թե ի՞նչ երեսով պետք է Սերժ Սարգսյանը մեկնի Ռիգայի գագաթնաժողովին, քանի որ հաշվի չի առել անգամ Վենետիկի հանձնաժողովի պահանջը՝ սահմանադրական բարեփոխումներ իրականացնել միայն քաղաքական կոնսոլիդացիայի պարագայում, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Կգնա, քանի որ առջևում ընտրություններ են, այլ հարցեր կան»:

Միևնույն ժամանակ հիշեցրեց, որ եվրոպացիներն էլ իրենց լավ չեն պահել նախորդ ընտրություններին տված գնահատականների առիթով: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի չառնելուն, Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ այդ մասին նաև հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե Սերժ Սարգսյանի մասնակցել-չմասնակցելու հարցը ոչ թե պետք է ՀՀԿ նիստում քննարկվի, այլ համապատասխան պետական ինստիտուտներում, որքան էլ իրենք չընդունեն, բայց դե ֆակտո նա երկրի նախագահն է:

Դառնալով Ռիգայի գագաթնաժողովից ակնկալիքներին՝ Արմեն Մարտիրոսյանը առանձնապես մեծ սպասումներ չհայտնեց. «Մեծ ակնկալիքներ չունեմ, քանի որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, ակնկալիքների տեղ չի թողնում: Այդ թվում Սերժ Սարգսյանի հարցազրույցը Պոզներին թույլ չի տալիս հույս ունենալ, որ մենք եվրոպացիների հետ շատ խորը հարաբերություններ կհաստատենք: Ընդհակառակը՝ ԵՏՄ-ացման գործընթացն անշեղորեն ընթանում է Հայաստանում: Եվ այն գործընթացները, որոնք մինչև այժմ տեղի են ունեցել, ցավոք, խոսում են այն մասին, որ անկախ նրանից, որ ոչինչ չենք շահում՝ շարունակում ենք ավելի խորացնել: Չեմ բացառում այն իրավիճակը, որ ինչ-որ ժամանակ հետո այլ ինտեգրման գործընթացներ կարող են սկսել ոչ եվրոպական ուղղությամբ»:

Արմեն Մարտիրոսյանը սկզբունքորեն դեմ չէ այն կարծիքներին, որ հնարավոր է Ռիգայում այդպես էլ ՀՀ-ԵՄ փաստաթուղթ չստորագրվի, քանի որ այն ժամանակատար գործընթաց է՝ Եվրահանձնաժողովը պետք է փաստաթուղթ ստանալու համար մանդատ ստանա և գուցե չհասցնի մինչև մայիսի 21-ը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031