Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյանը փոշմանելու բան չունի

Մայիս 14,2015 17:20

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի՝ haqqin.az ադրբեջանական կայքին տված հարցազրույցը երեկ ալեկոծեց համացանցային հանրույթը: Մեծամասնությունը դեմ արտահայտվեց Տիգրան Խզմալյանի քայլին՝ նրան մինչև անգամ դավաճան անվանելով: Կարծիքներ հնչեցին այն մասին, թե արդյոք ո՞րն է իմաստը գնալ ադրբեջանական հարթակ և խոսել լրիվ ներքին լսարանի համար, կամ համեմատություններ հնչեցին մոտավորապես այս կերպ. «Սա նույնն ա, երբ տանը անախորժություն ա պատահում, կինը վազում՝ հարևանին բողոքում ա»: Ուրիշներն էլ կարծում են, թե այսպիսով Խզմալյանն «ուզում է իրեն նստեցնեն, որ «տանջվածի դափնեպսակ» ունենա»:

Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը Խզմալյանի՝ ադրբեջանական կայքին հարցազրույց տալու իմաստը չի տեսնում, բայց միևնույն ժամանակ նշում է, որ նրան քննադատելու իրավունք էլ չկա. «Բավականին զավեշտալի է, որ հայ հասարակության մի ստվար հատված բավականին ցավագին է տանում Տիգրան Խզմալյանի այդ հարցազրույցը, որը գլոբալ առումով ոչ մի նորություն չի պարունակում (բոլորը հոյակապ գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանում իշխող ռեժիմը), սակայն այդ նույն մարդիկ մշտապես լռում են, երբ Սաշիկը քերթում ա գործարարներին, երբ ոստիկանները նախագահականի դեմը տշում են բանակում սպանված զինվորների մայրերին, երբ տարին մի քանի անգամ թանկանում է էլեկտրաէներգիայի ու գազի սակագինը, երբ արտագաղթը վերածվել է համազգային աղետի, երբ այս իշխանությունները երկիրը տանում են վերջնական կործանման, և չկա որևէ ուժ, որը կանխի այդ գործընթացը: Այնպես որ՝ Սերժի ու ռեժիմի ամորձիներից կախվածները չեն, որ իրավունք ունեն ոռնալու Տիգրան Խզմալյանի վրա, իրեն քննադատելու կամ չքննադատելու իրավունքը ունեն նրանք, որոնք իրականում պայքարում են, որ Հայաստանը դառնա Հայաստան…»:

Հիշեցնենք, որ հարցազրույցում Տիգրան Խզմալյանը մասնավորապես նշել էր. «Ղարաբաղյան կլանը արդեն դարձել է անբովանդակալից առասպել, որը վերածվել է օլիգարխների և գանգստերների խառնածին կլանի: ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալա-ոստիկանական բռնապետություն, և ղարաբաղցիներն այս կլանում արդեն մեծամասնություն չեն կազմում: Հակազդել դրան կարող է միայն քաղաքացիական հասարակությունը, ավելի ճիշտ` դրա այն հատվածը, որը կարող է դուրս գալ կրեմլյան բռնապետության դեմ պայքարի»:

Ընդհանուր առմամբ՝ արձագանքը քննադատական էր, և ընդհանուր ձևակերպումն այն է, որ ըստ էության Տիգրան Խզմալյանը, ադրբեջանական կայքում քննադատելով ՀՀ իշխանություններին, ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին:

«Առավոտի» հետ զրույցում, սակայն, Տիգրան Խզմալյանը նշեց, թե այս բոլոր կարծիքները ծիծաղելի են: Նա հավաստիացրեց, թե չի փոշմանել այդ հարցազրույցը տալու համար և պատրաստ է ցանկացած խոսքի տակ ստորագրել: Մեր այն դիտարկմանը՝ արդեն իրեն ազգի դավաճան են անվանում, նշում, որ մեր կեղտոտ սպիտակեղենը հանել է դուրս և ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցրել, պարոն Խզմալյանն արձագանքեց. «Ադրբեջանական քարոզչամեքենային ջուր և արյուն լցնում են այն մարդիկ, որոնք երկիրը դարձրել են բռնապետություն, և այդ մարդկանց սպասավորները»:

Ազգի դավաճանի որակումների հետ կապված պարոն Խզմալյանն առանձնապես մտահոգված չէ: Տիգրան Խզմալյանն ասաց, թե իր անկեղծ կարծիքն է հայտնել, մենք էլ հակադարձեցինք՝ դա գուցե նպատակահարմար լիներ հայտնել տեղական ԶԼՄ-ներին, բայց հիմա մտավախություն չունի՞, որ այդ քննադատական կարծիքը ադրբեջանական քարոզչամեքենան կօգտագործի իր օգտին, պարոն Խզմալյանը պատասխանեց. «Գրեթե ամեն օր մեր տեղական լրատվամիջոցներով հայտնում եմ նույն կարծիքը: Ինչ վերաբերում է սպիտակեղենին, ապա կարելի է նաև այն չլվալ, դուրս չբերել, կարելի է զուգարանի ջուրը չքաշել, կեղտոտ ամանները չլվալ: Մենք 25 տարի է՝ դրանով ենք զբաղված, դրա համար էլ մեր տունը գարշահոտության, կեղտի, արյան մեջ է: Ինչո՞ւ հիանում ենք ադրբեջանցի գրողի անկեղծությամբ կամ Հրանտ Դինքի քաջությամբ, բայց թույլ չենք տալիս սեփական կարծիք հայտնել: Կեղծավորությունը չպետք է դառնա պետական քաղաքականություն»: Ըստ Տիգրան Խզմալյանի՝ նրանք են ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնում, որոնք «ձայն չեն հանում, երբ ազգային հերոսներին սպանում և բանտեր են նետում, թուրքական դրոշը տարին մեկ այրելով՝ համարում են իրենց գործը արված»:

Տիգրան Խզմալյանը նշեց, որ հարցազրույցի նախաձեռնությունը եղել է ադրբեջանական կողմից Facebook-ով, ինքն էլ համաձայնել ու գրավոր պատասխանել է հարցերին՝ պայմանով, որ չեն խեղաթյուրելու: Տիգրան Խզմալյանը այդ լրատվամիջոցը «հակահիգիենիկ» համարեց: Հետաքրքրվեցինք՝ չի՞ վախենում՝ այդ «հակահիգիենիկ» լրատվամիջոցին հարցազրույց տալուց հետո իր վարկանիշն ընկնի, նա պատասխանեց՝ ոչ, ու հավելեց, թե այդ հարցազրույցում նաև անուղղակիորեն ցույց ենք տալիս, որ անգամ այդ՝ ազատ արտահայտվելու հարցում են մեզ զիջում: Մեր դիտարկմանը՝ մտահոգություն չունի՞, որ իր հնչեցրած քննադատությունները գուցե մեր դեմ օգտագործվեն, Տիգրան Խզմալյանն արձագանքեց. «Մեր ազգի դեմ խոսում է մեր աղքատությունը, արտագաղթը, այլ ոչ թե այդ մասին անկեղծ ու ճշմարիտ կարծիքը: Եթե մի հարցում ստել եմ, ես դրա համար պատրաստ եմ պատասխանել: Ես հիմա փոշմանելու բան չունեմ»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յատկապէս այսպիսի պարագաներում, նկատի ունենալով նիւթը, լաւ կը լինի որ կացութեան վերաբերեալ ձեր մտածողութեան, արժեւորման եւ վերլուծումների մէջ, բարեհաճիք նաեւ նկատի ունենալ Արտասահմանի հայերը:

    Ի՞նչ իմաստ, օգուտ կամ նպատակ կարող է ունենալ Խզմալյանի գործած արարքը…

    Ի՞նչ ազդեցութիւն, բացի մի հատից (ազերիներով հետաքրքրուած իսկ չեմ այստեղ)՝ ցասում, պժգանք, զզուանք եւ ցաւ պատճառել հայերի մասսայան մեծամասնութեան, աշխարհի ամէն կողմ:

    Եւ ի՞նչ է արդեօք օգուտը, ներազգային այդ ազդեցութեան… Սթափեցնել հայերի՞ն: Ճիշտ հակառակը:

    Խզմալյան եւ իր նման ափ մը զզուելի էակները փաստում են հիմնականօրէն երկու բան միայն՝

    ա. նկատի ունենալով թէ ինչպիսի ազատութեամբ են կատարում իրենց ծայրահեղ պոռթկումները, իրենք իսկ ապացոյցն են՝ թէ Հայաստանում վիճակը այն չի, ինչ որ իրենք ասում են:

    բ. անոնք լաւապէս հասկացնում են հայերի մեծամասնութեան որ, եթէ անոնց նմաններն են այժմու իշխանութեան այլընտրանքը, ուրեմն լայնօրէն նախընտրելի է ունենալ ու պահել այժմու իշխանութիւնը, իր բոլոր թերութիւններով:

    Իսկ եթէ մարդ, դիմացից, անոնց ծայրահեղական ոճը, պժգալի մօտեցումը եւ անմիտ խօսելակերպը իւրացնէր, ապա իր կարգին ունենալու էր հետեւեալ պոռթկումը՝ տեսնելով այդ տեսակի իբրեւ թէ «հայեր», երեւի իսկական բռնատիրութիւնը բաղձալի է, հայութեան համար…

  2. NY says:

    Человек с утра до вечера, сидит в интернете и строчит “quotes of the day” . Не понимаю его поступка. Лучше бы занимался своей режисурой. От такой недоделанной оппозиции еще страшнее, чем от “режима”…Если они придут к власти, мы через год потеряем государство , в буквальном смысле слова.

  3. Delea Organizacion says:

    Ով հայ ժողովուրդ, Քո միակ փրկությունը Հայաստանից չարտագաղթելու և արդարության համար պայքարելու մեջ է:
    ՀՅԴ-ական ընկեր Սարուխանյանը հայտարարել է, որ Հայոց հողերի պարտատերը Ռուսաստանն է (Ռուսաստանը երբեք միտք չի ունեցել և այսօր էլ միտք չունի հայերին վերադարձնել նրանց պատմական հողերը)։ Նույն դաշնակցությունն է, որ մի այլ երրորդ ուժի՝ Արևմուտքի պետությունների ու ՄԱԿ-֊ի դռներն է ծեծում, որ ճանաչեն հայերի ցեղասպանությունը (իսկ դա անօգուտ, պարապ զբաղմունք է)։
    Մոտավորապես դաշնակցության նման է մտածում Երևանի «Հայ դատ» կազմակերպությունը։ Դեռ ավելին, եթե դաշնակցությունը կարևոր տեղ է տալիս հայոց լեզվի ու հայ դպրոցի պաշտպանությանը, հայ նոր սերնդի հայկական կրթությանը, «Հայ դատը» լեզվի, ազգային կրթության, հայախոսության, հայագրության, այսինքն մեր բուն գոյության հարցը անկարևոր է համարում (վկա նրանց ամսագիրը), միայն՝ հողեր, հողեր։ Երևի կարծում են հողեր գոռալով, պահանջելով, ինչ-որ մեկը (Ռուսաստանը կամ Արևմուտքը) հայերին հող կտա, ու չեն մտածում, որ մինչև իրենք հող են ուզում, արհամարհելով մեր լեզուն ու դպրոցը, Հայաստանն ու հայ ազգը կարող են օտարանալ, խորթանալ, վերանալ, ու այդ դեպքում եթե Հայաստան չլինի, հողերի ի՞նչ միավորում պիտի կատարվի։
    Բացի դրանից, «Հայ դատը» նաև հայերի նոր թշնամիներ է որոնում, այս անգամ էլ մատը դրել է հրեաների վրա։ Երեք ճակատով է «կռվում»՝ պանթուրքիզմի, պանիսլամիզմի և սիոնիզմի դեմ, իհարկե, Ռուսաստանին ապավինելով։ Ու թեև Ռուսաստանը ասել ու ասում է, որ ինքը պանթուրքիզմի և պանիսլամիզմի դեմ կռվելու միտք չունի, իսկ սիոնիզմի հետ հաշտվելու քայլեր է անում, մեր «Հայ դատը» իր նույն գիծն է տանում, «կռվում» է այդ երեք ուժերի դեմ։
    Մեր անկախականները ապավինելով արևմտյան երրորդ ուժին՝ թշնամություն ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Կարծում եմ, որ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի նկատմամբ թշնամանալը նույնպիսի անմտություն է, ինչպիսին որ դրանց ապավինելն է։ Զարմանալի է, ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Արևմտյան որևէ պետություն կամ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպանի ու սատար լինեն։ Ի նչ հիմար մտայնություն է սա։ Մենք մոռանում ենք, որ ամեն ազգ, ամեն պետություն, իր շահերն ունի, ինչո՞ւ պետք է որևէ պետություն իր շահերը զոհի հանուն հայերի։ Ոչ մի խելացի պետություն այդպիսի զոհաբերում չի անի։ Դա նույնն է որ մենք մտածենք Վրաստանի մասին ու թողած մեր հարցերը օգնենք Վրացուն,դա ուղակի աբսուրդ է:
    Ռուսաստանից հիասթափվում են ու հայհոյում։ Բայց ինչո՞ւ եք հույսեր կապել, ո՞վ է ձեզ ասել, թե Ռուսաստանը հայերի փրկիչն է։ Ռուսաստանը՝ ինքը այդպիսի բան չի ասել։ Այդ դուք եք հնարել, սիրելի հայրենակիցներ և դուք էլ հույսեր եք կապել Ռուսաստանի հետ ու հիմա էլ հիասթափվում եք։ Պետք է արդար լինել, այս 300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը։ Մենք աներեսի նման նորից հույս ենք կապում, որ Ռուսաստանը վերջապես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարևան մահմեդականների։ Եվ այս 300 տարի է նաև խրատում ենք ռուսներին, թե գիտեք մահմեդականները վատն են, նաև ձեզ են թշնամի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպանեցեք։ Հայերը ինչքան հոդվածներ, գրքեր են գրել ռուսներին համոզելու համար, որ մեզ պաշտպանեն։ Միշտ անարդյունք։ Ռուսական պետությունը շատ է փորձված, իր շահերը լավ է հասկանում, մենք՝ անպետական, մեր պետական մտածողությունը կորցրած հայերս չէ, որ նրան պետք է սովորեցնենք։ «Քեմալը Լենինին խաբեց», «Ադրբեջանցիները կաշառել են Կրեմլին», «Քաղբյուրոյի անդամների կանայք կամ խնամիները թաթար են և թուրք, դրա համար մեզ չեն պաշտպանում»,— այսպիսի տհաս, ուղղակի տխմար մտքեր են արծարծում շատ ու շատ հայեր։ Ոչ, սիրելիներ, Լենինը շատ լավ գիտեր Քեմալն ով է, և իր երկրի շահերի տեսակետից միանգամայն ճիշտ քաղաքականություն էր վարում նրան ամեն կերպ օգնելով, մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմալի հետ և Կարսը կորցրինք։ Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ։ Եվ մեծագույն հիմարություն է թաթար ու թուրք կանանց կամ խնամիների հետ կապել հայերի կողմը չանցնելու ռուսական քաղաքականությունը։ Դա 300 տարվա պատմություն ունի։ Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իրենք՝ ռուսները մեր կողմը պետք է պահեն։ Ինչո՞ւ։ Սա ինչ անխելքություն է։
    Ով հայ ժողովուրդ, Քո միակ փրկությունը Հայաստանից չարտագաղթելու և արդարության համար պայքարելու մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031