Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ի մաքսային ու հարկային ոլորտների մասնագետները եկել էին մեր գործարարների խնդիրներին ծանոթանալու (Տեսանյութ)

Մայիս 14,2015 16:51

«ԵՏՄ-ն հնարավորություններից օգտվելու միություն է եւ պետք է հասկանալ՝ ինչպիսի օգուտներ պետք է քաղել այս միությունից: Որքան շատ խնդիր ներկայացնի Հայաստանը, այնքան հնարավորությունը մեծ է, որ այդ խնդիրները կլուծվեն ԵՏՄ հանձնաժողովում»,-այսօր կառավարության մամուլի սրահում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի անդամ Արա Նռանյանը:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության հրավերով եռօրյա այցով`մայիսի 13-15-ը մեր երկրում են գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, հարկային ոլորտի պատասխանատուներ, որոնք հայկական կողմի հետ քննարկում են մաքսային նոր օրենսգրքի նախագիծը, հանդիպում հայաստանյան գործարարներին` լսելու, թե ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո մաքսային, հարկային ինչպիսի՞ խնդիրների են բախվում:

«Խնդիրներ իսկապես կան. մասնավորապես` ԱԱՀ-ի վերադարձելիության հարցը, բեռնափոխադրումների խնդիրը եւ այլն»,-ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:

ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Թիմուր Սուլեյմենովը նույնպես հաստատեց, որ գործարարները ռուսաստանցի գործընկերների հետ գործարքներ անելիս ԱԱՀ-ի հետ կապված բարդությունների են հանդիպում: Նա ասաց, որ այս օրերին այդ բոլոր հարցերը բարձրացվում են եւ լուծման ճանապարհներ են փնտրում:

Հարցին, թե հայաստանյան գործարարները խնդիրներ են ունեցել նաեւ Ռուսաստանում ստեղծված ֆինանսական վիճակի պատճառով, ԵԱՏՀ առեւտրի ոլորտի պատասխանատու Անդրեյ Սլեպնյովն ասաց, որ ամբողջ Ռուսաստանում է առեւտրաշրջանառությունը անկում ապրել եւ ժամանակի ընթացքում կկարգավորվի եւ որ ԵՏՄ-ն լավ հնարավորություններ է տալիս, պարզապես պետք է արգելքները հաղթահարվեն:

Անդրեյ Սլեպնյովը հույս հայտնեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելուց հետո, այդ երկրի հետ տնտեսական կապերը էլ ավելի կզարգանան:
Նա նաեւ հայտնեց, որ ԵՏՄ շրջանակներում այլ երկրների, մասնավորապես Վիետնամի հետ կնքված պայմանավորվածությունները նույնպես կնպաստեն, որ Հայաստանը այս երկրի միջոցով դուրս գա ասիական շուկա: Ըստ նրա՝ Չինաստանը եւս կարեւոր գործընկեր է ԵՏՄ-ի համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031