Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը մայիսի 14-ին «Պոստ սկրիպտում մամուլի ակումբում ներկայացրեց ընտանիքի սպանության գործով փորձաքննությունների արդյունքները:
Նա նշեց, որ սպանության պահին տան առաջին սենյակում՝ հյուրասենյակում, Աիդա Ավետիսյանն է գտնվել, որը չի հասցրել տեղաշարժվել: Երկրորդ ննջասենյակում գտնվել են Սերյոժա Ավետիսյանը եւ Հասմիկ Ավետիսյանը՝ պապիկը եւ տատիկը: Նրանց դիրքերը, փաստաբանի խոսքերով, վկայում են այն մասին, որ Հասմիկ Ավետիսյանը արթնացել է եւ անկողնուց տեղաշարժվել է:
«Փորձագետի եզրակացություններով հիմնավորվեց, որ նույնիսկ պապիկը պայքարել է: Երբ որ ստացանք դատաբժշկական փորձաքննության արդյունքները, պարզեցինք, որ բացի հրազենային վնասվածքներից նրա վրա կային նաեւ քերծվածքներ, այսինքն՝ բութ գործիքով վնասվածքներ, որոնք ըստ փորձագետի եզրակացության նրա ձախ աչքի վերին կոպի, աջ ուսահոդի, ձախ ենթակողի, որովայնի աջ կողմնային պատի շրջանում էին: Այսինքն՝ դատաբժշկական փորձաքննությամբ ակնհայտ երեւում էր, որ պապիկը փորձել է պայքարել: Ինքնաձիգի փողի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, ինչը նշանակում է՝ նա հասցրել է փողից բռնել, բացի դա խզակոթի վրա եւս հայտնաբերվել է նրա ԴՆԹ-ն, ինչը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ կրակող անձը փորձել է խզակոթով հարվածել նրան: Նրա վրա քերծվածքներ կային, որոնք մեր պատկերացմամբ՝ նրան խզակոթով են հասցվել»,- հայտարարեց նա:
Կարդացեք նաև
Լուսինե Սահակյանը հավելեց, որ ըստ դատաբժշկական փորձաքննության Արմեն Ավետիսյանը երրորդ ննջասենյակում արթնացած է եղել. Նրա դիակը հայտնաբերել են գետնի վրա, իսկ Արաքսյա Պողոսյանը անկողնու մեջ է եղել, փոքրիկ Սերյոժա Ավետիսյանն էլ՝ նրա գրկում. « Դատաբժշկական փորձաքննությամբ հիմնավորվեց, որ Արաքսյա Պողոսյանը մարմնական վնասվածքը ստացել է կտրող ծակող գործիքով: Ինչպես գիտենք Սերյոժա Ավետիսյանը կտրող ծակող գործիքով վնասվածքներ ուներ, դա վկայում էր այն մասին, որ ամենայն հավանականությամբ, ինքնաձիգի սվինի հասցրած վնասվածքներ են, արդեն իսկ գենետիկական եզրակացություն է ստացվել, որ սվին դանակի վրա հայտնաբերվել է արյան խառնուրդ, ինչը նշանակում է, որ մեկ անձի արյուն չէ: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանել է Սերյոժա Ավետիսյանի արյան խմբին եւ կարող է համապատասխանել նաեւ Արաքսյա Պողոսյանի արյան խմբին: Սա տրամաբանական է, որովհետեւ նրա ձեռքի վրա կա կտրող, ծակող գործիքի հասցրած վնասվածք, որովհետեւ նա Սերյոժա Ավետիսյանին փորձել է իր գրկում պահել: Ամենայն հավանականությամբ, այդ ընթացքում, երբ հանցագործը փորձել է վնաս պատճառել Սերյոժա Ավետիսյանին, վնասվել է նաեւ Արաքսյա Պողոսյանի ձեռքը: Վնասվածքները պատճառվել են նրանց կենդանության օրոք»:
Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ հստակ է՝ Արաքսյա Պողոսյանը փորձել է իր մարմնով պաշտպանել երեխային՝ Սերյոժա Ավետիսյանին. «Երբ որ նայում ենք մոր վնասվածքներին եւ անձանց նկարագրությունները, որոնք տեսել են երեխային, հստակ երեւում է, որ Սերյոժա Ավետիսյանը եղել է մոր գրկում, եւ հավանաբար, դա է պատճառը, որ մայրն անկողնուց դուրս չի եկել, որովհետեւ փորձել է իր մարմնով փոքրին պաշտպանել»:
Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ փորձագիտական եզրակացության պատկեր է ստացվում, որ Ավետիսյանները փորձել են ինչ-որ գործողություններ կատարել. «Շատ փոքրիկ տուն է, մի ուղղության վրա եւ մի քանի քայլ անելով կարողանում ես տան մի ծայրից մյուսն անցնել: Ավետիսյանները, ըստ էության չեն հասցրել, եթե նույնիսկ փորձել են պայքարել, այդ ամբողջն այնքան կարճ ժամանակահատվածում է եղել, որ ուղղակի չեն հասցրել ինչ-որ գործողություններ ձեռնարկել, որ նրան վնասազերծեին: Բայց Սերյոժա Ավետիսյանը փորձել է դա անել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ