Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Նաիրա Զոհրաբյանն այսօր կանգնած է ուղիղ մեջքով»

Մայիս 14,2015 15:18

Այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ ինքն ընդդիմության առանցքում դարձյալ ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին է տեսնում. «Միայն նման մեծ կուսակցությունների համախմբման արդյունքում հնարավոր է ծրագրեր մշակել եւ խնդիրներ վեր հանել: Քանի դեռ ԱԺ-ից դուրս չի ձեւավորվել այն առանցքը, որի շուրջ կմիավորվեն նաեւ մյուս քաղաքական ընդդիմադիր ուժերը, ես կարծում եմ, արմատական որեւէ փոփոխություն մեր երկրում չի կարող տեղի ունենալ»:

Սակայն, խորհրդարանական վերջին ճեպազրույցներում, խոսելով խորհրդարանական եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», համագործակցության հնարավորությունների մասին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ի տարբերություն նախկինի, իրենք այժմ ԲՀԿ-ի աջակցությունը չեն վայելում: Նաեւ նկատել էր, որ շատ ԲՀԿ-ականներ այսօր ակնհայտորեն ՀՀԿ խմբակցության անդամ են ու խորհրդարանում ՀԱԿ-ն իբրեւ արմատական ընդդիմություն, միայնակ է մնացել:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այդ առիթով լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ հայտնի իրադարձություններից հետո իրավիճակ է փոխվել ու բնական է, որ ԲՀԿ-ին ժամանակ է պետք`հետագա անելիքները հստակեցնելու համար: Նաեւ, որ իրենք դեմ են հեղափոխական գաղափարներին ու սրացումներին:

Լրագրողները Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցին`այս ամենի համատեքստում ի՞նչ կերպ է տեսնում ՀԱկ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը: «Լեւոն Զուրաբյանին չեմ մեկնաբանելու, քանի որ ամիսներ առաջ ինքս էլ ասել եմ, որ ըստ էության, եռյակ ձեւաչափ այսօր գոյություն չունի: Բայց դա չի նշանակում, որ վաղը չի կարող նոր եռյակ կամ քառյակ ձեւավորվել»:

ՀԱԿ-ին, բանախոսը արմատական ընդդիմություն է համարում, բայց նկատում է, որ ԲՀԿ-ն նույնպես ընդդիմություն է եւ ոչ ոք չգիտե, թե վաղը ԲՀԿ-ն ի՞նչ դիրքերից հանդես կգա: Եթե ԲՀԿ-ն արմատական դառնա, իր կարծիքով, ընդդիմությունը կրկին ուժեղ դիրքերում կհայտնվի. «ԲՀԿ-ն իր դերն ու նշանակությունը քաղաքական դաշտում պահպանել է եւ կփորձի ավելի ամրացնել: Կփորձի պահպանել նաեւ այն վստահությունը, որը մինչ այժմ եղել է ԲՀԿ-ի նկատմամբ»:

Aravot.am-ի դիտարկման հետ, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ այլ կշիռ ուներ, այժմ բոլորովին այլ ուժ է, որը համարժեք չէ նախորդին՝ Լյուդմիլա Սարգսյանը համաձայնեց`հավելելով. «Բնականաբար, Գագիկ Ծառուկյանի ֆենոմենով ԲՀԿ-ն շատ ավելի ուժեղ դիրքերից էր հանդես գալիս: Բայց այսօր, ԲՀԿ-ն թոթափել է իր վրայից այն բեռը, որը կուտակվել էր նրա ուսերին`փետրվարյան հայտնի օրերից հետո եւ ես ԲՀԿ-ն տեսնում եմ, որպես մի առողջ ուժ, որը փորձում է նորից հավաքել այն թափը, որն ուներ: Ինչքանո՞վ ու ի՞նչ չափով կստացվի`ժամանակի խնդիր է, բայց ցանկությունն ու պայքարը տեսանելի է: Նաիրա Զոհրաբյանն էլ բավական փորձառու քաղաքական գործիչ է եւ կարողացավ իր շուրջ համախմբել խմբակցությունը շատ բարդ իրավիճակում եւ այսօր կանգնած է ուղիղ մեջքով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031