Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը հորդորեց լրագրողներին`ընդդիմությանը թիրախ չդարձնել (Տեսանյութ)

Մայիս 14,2015 14:45

«Փետրվարյան դաժան իրադարձություններից հետո, ընդդիմությունը ծանր հարված ստացավ եւ ժամանակ է պետք, որպեսզի կարողանա իր դիրքերը վերականգնել ու համագործակցության ձեւաչափեր ստեղծել: Այդ ժամանակն արդյունավետ օգտագործվում է»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում խոսելով ընդդիմադիր դաշտի պասիվ վիճակի մասին`ասաց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին`Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ «նման ծանր հարվածից» հետո կարողանում է իր դիրքերը պահպանել. «Որքան տեղյակ եմ, անգամ համալրում են ունենում»: Ընդդիմության առանցքում ՀԱԿ խմբակցության պատգամավորը դարձյալ ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին է տեսնում. «Միայն նման մեծ կուսակցությունների համախմբման արդյունքում հնարավոր է ծրագրեր մշակել եւ խնդիրներ վեր հանել: Քանի դեռ ԱԺ-ից դուրս չի ձեւավորվել այն առանցքը, որի շուրջ կմիավորվեն նաեւ մյուս քաղաքական ընդդիմադիր ուժերը, ես կարծում եմ, արմատական որեւէ փոփոխություն մեր երկրում չի կարող տեղի ունենալ»: Aravot.am-ը հետաքրքրվեց`ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի օրակարգում կա՞ նման հարց: Պարզվեց, սա Լյուդմիլա Սարգսյանի ցանկությունն է եւ ապագայի տեսլականը: «Ես մեզ եւս չեմ համարում այն հիմնական քաղաքական ուժը, որը կարող է առանցքային ուժ լինել»:

Լյուդմիլա Սարգսյանը դիտողություն ուղղեց լրագրողներին, որ գիտակցված կամ չգիտակցված անընդհատ հարվածում են ընդդիմադիր հատվածին`իշխանությանը թիրախ դարձնելու փոխարեն՝ ընդդիմութանն են թիրախ դարձնում: Aravot.am-ը հարցրեց`չի՞ կարծում, որ ընդդիմությունն ինքն է իրեն թիրախ դարձնելու առիթներ տալիս:

Տիկին Սարգսյանը համաձայն է, հասարակության մեջ էլ ընդդիմության նկատմամբ վերաբերմունք է փոխվել: Ու դրա պատճառն, ըստ նրա, այն է, որ խորացել է իշխանության նկատմամբ անվստահությունը: «Եթե կկարողանանք միավորվել`փառք ու պատիվ մեզ, եթե`ոչ, ուրեմն գնում ենք դեպի 2017 թվականի ընտրություններ: Ես պիտի ձգտեմ, որ այդ համախմբումը տեղի ունենա եւ մեր թիմով կփորձենք նպաստել դրան»,- ասաց ընդդիմադիր գործիչը: Բանախոսը չի բացառում, որ համախմբման համար ընդդիմադիրները կօգտագործեն էլեկտրաէներգիայի թանկացումը, նախ այն կդարձնեն առաջիկա քառօրյայի հարց, ապա`քաղաքական օրակարգի:

«Չեմ բացառում, որ նորաստեղծ մի քանի միավորներ էլ միավորվեն, ողջունում եմ բոլորի նախաձեռնությունները եւ հաջողություններ եմ մաղթում»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031