Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին իրենց կուսակցության ներկայացրած առաջարկներից, ասաց, որ պետք է վարչապետն ունենա 3-4 տեղակալ, այսինքն՝ փոխվարչապետ: Հիմա Հովիկ Աբրահամյանն ունի ընդամենը 1 տեղակալ: Նրա խոսքերով՝ սուպերմենը նույնիսկ չի կարող գլուխ հանել այնքան գործերից, որքան վարչապետն ունի:
Aravot.am-ը Խոսրով Հարությունյանին հարցրեց՝ ընդդիմադիրները ճիշտ հակառակն են պնդում, որ մեր պետական ապարատը ուռճացված է, որ նախարարները մի քանի տեղակալ ունեն, կոֆե եփող, քարտուղարուհիներ եւ այլն, որը այս փոքր երկրում, փոքր բյուջեի դեպքում տնաքանդություն է: Հիմա Դուք առաջարկում եք մի քանի փոխվարչապե՞տ:
Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Գիտեք, տարբերություն կա քարտուղարուհիների եւ փոխվարչապետների մեջ: Դրանք տարբեր ֆունկցիա ունեցող մարդիկ են: Ես խոսում եմ քաղաքական պատասխանատուների մասին, չեմ խոսում քարտուղարուհիների, վարորդների, կամ ուրիշների մասին»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, քարտուղարուհիների մասով համաձա՞յն եք, որ ուռճացված է՝ նա պատասխանեց. «Իհարկե, վիճելու խնդիր չի: Եթե անցում կատարվի փոխվարչապետների համակարգին, ապա կառավարության աշխատակազմը լուրջ փոփոխության կենթարկվի: Ես այս առաջարկն արել եմ դեռեւս 97-ին: Այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ ես մշակել եմ կառավարման համակարգի մոդելը»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իր այդ մոդելով աշխատում է բրիտանական կառավարությունը եւ դա շատ արդյունավետ կառավարման տարբերակ է:
Մեր դիտարկմանը, որ մենք Բրիտանիա չենք՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Բայց մենք ուզում ենք, չէ,՞ դառնանք»:
Մեր հարցին՝ այդքան փոխվարչապետների ո՞նց ենք աշխատավարձ տալու՝ նա պատասխանեց. «Այդ աշխատակազմը, որ կրճատեք, դրանց գումարներով ոչ միայն 3-4 փոխվարչապետ, այլ մի 10 հատ էլ նախարար կլինի ավելացնել: Այնպես որ, մի անհանգստացեք: Այստեղ խնդիրը արդյունավետության մեջ է: Ընդ որում, հանուն արդյունավետության, կարելի է գնալ նաեւ թանկ լուծումների»:
Մեր հարցին՝ բա վարչապետն ի՞նչ անի, եթե այդքան փոխվարչապետ միայն լինի՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Վարչապետը կառավարողն է, համակարգողն է: Այսօր մեր վարչապետը, բոլոր ժամանակների վարչապետը, ցավոք, իմ ժամանակ էլ է այդպես եղել, առավոտը լույսը բացվում էր՝ խորհրդակցություն էինք սկսում՝ ամենօրյա հարցերով, մինչեւ գիշերվա 12-ը խորհրդակցություններ էինք անում: Այդ ռեժիմով աշխատող վարչապետը ժամանակ ունի՞ մտածի վաղվա օրվա մասին, այն մյուս օրվա մասին, մի հատ հասկանա, թե ապագայում ինչ է լինելու: Նա սկի ժամանակ չունի, որովհետեւ ցանկացած խնդիր բերում են, ասում են՝ շեֆ ջան, մի հատ արի այս հարցը քննարկենք՝ վսյո՛: Հետո որ չի ստացվում՝ շեֆ ջան, չե՞ս հիշում, դու ասացիր: Այսինքն, չկա որեւէ պատասխանատվություն: Ապակենտրոնացումը պետական կառավարման համակարգի ամենաարդյունավետ մոդելն է»:
Ըստ նրա, նախարարը պետք է իր որոշման համար պատասխանատվություն կրի, իրավունք չունի ասելու՝ վարչապետն ասաց, ես արեցի. «Ո՛չ, վարչապետն ասաց, նախագահն ասաց…դուք եք արել, դուք եք պատասխանատվություն կրում, ուրեմն հրաժարական տուր: Հիմա մենք առաջարկում ենք փոխհամաձայնեցված ստորագրությունների ինստիտուտ: Այսինքն, ցանկացած որոշում, որ ընդունվում է կառավարության կողմից, առնվազն 3 հոգի պետք է ստորագրի»:
Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ այսօրվա նախարարներից որեւէ մեկը չի զգում իրեն իր որոշումների համար թիվ 1 պատասխանատուն. «Բոլորը սպասում են, թե վարչապետն ինչ կասի կամ նախագահը ինչ կասի: Այդպես չի լինում: Եթե դուք առողջապահության, ԿԳ նախարար եք եւ այլն, դուք այդ ոլորտի բացառիկ պատասխանատուն եք: Եթե ձախողված է ոլորտը, պետք է նախ պահանջել նախարարից, հետո նոր վարչապետից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ