«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում մայիսի 14-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները ներկայացրեցին սպանության գործով փորձաքննությունների արդյունքները:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ Ավետիսյանների տունը ոչ թե տարբեր անկյուններում տեղակայված սենյակներով տուն է, այլ ուղիղ նեղ տարածություն է՝ բաժնված պատերով:
Նա նշեց, որ փորձագետներն անկողնային եւ այլ պարագաների վրա արձանագրել են սվին դանակով արված վնասվածքներ, եւ մասնավորապես՝ Արմեն Ավետիսյանի անկողնային պարագաների վնասվածքները սվին դանակի հետքեր են պարունակում. «Ըստ փորձագետի եզրակացության՝ հնարավոր է այդ հետքերն անել փորձագիտության ներկայացրած սվին դանակով կամ նմանատիպ սվին դանակով: Պետք է նաեւ նշել, որ ըստ փորձագետի եզրակացության՝ մնացած հետքերը, որոնք սվին դանակի հետքեր չեն, բացառությամբ մի քանի վնասվածքների, որոնք անկողնային պարագաների եւ շորերի վրա են՝ բնական մաշվածության հետեւանքով, հավանաբար, 5.45 տրամաչափի արձակած գնդակների վնասվածքներ են»:
Կարդացեք նաև
Միհրան Պողոսյանը շեշտեց, որ փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ բնակարանում առկա գրեթե բոլոր հրազենային վնասվածքներն անելիս հրացանի փողը հորիզոնական է եղել. «Այսինքն՝ ըստ փորձագետի եզրակացության՝ վերեւից ներքեւ կրակոց չի եղել: Փորձագետը հստակ եզրակացություն է արել, որ հորիզոնական է եղել: Այսինքն՝ մի՛ պատկերացրեք ուղիղ կրակոց. Վերեւից ներքեւ կրակոց չի եղել, կարող է փողը ծռված լինել, բայց կանգնած տեղից դեպի ներքեւ կրակոց ընդհանրապես չի եղել: Բոլոր դեպքերում հրազենը բնական դիրքում է եղել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ