Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում զարմացել են ընդդիմադիրների պահվածքից

Մայիս 14,2015 14:18

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Տեսակետ» ակումբում սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս ասաց, որ Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը առաջարկություններ է ներկայացրել հանձնաժողովին:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված՝ ընդդիմախոսները երկու թեզ են առաջ քաշում: Մեկն այն է, որ այս իշխանություններն ի վիճակի չեն որեւէ լավ բան անեն, դրա համար դեմ ենք, եւ երկրորդը՝ այն նպաստելու է այս իշխանության վերարտադրմանը: Ի՞նչ կարծիք ունեք այս երկու թեզերի մասին:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Առաջին թեզը միանգամից եմ մերժում: Ինչ վերաբերում է նրան, որ խորհրդարանական համակարգին անցումը հնարավորություն է ՀՀԿ-ի համար՝ լավ, միգուցե: Բայց ես այդ դեպքում հարց եմ տալիս՝ 2012-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» չէ՞ որ առաջ էին քաշում սահմանադրական բարեփոխումների հարցը՝ անցում կատարելով կիսանախագահականից խորհրդարանականի: Միակ կուսակցությունը, որ դրա մասին չէր խոսում՝ ՀՀԿ-ն էր: Բա նրանք ինչի՞ մասին էին այդ ժամանակ մտածում, ի՞նչ էին ենթադրում: Ինչո՞ւ այդ ժամանակ այդ հարցը չէին տալիս: Գտնում եմ, որ դա կեղծ քաղաքական հարցադրում է: Վերջիվերջո ՀՀԿ-ն նախաձեռնեց այն, ինչ իրենք էին ուզում: Հիմա ինչո՞ւ են դեմ: Ես որեւէ մեկից հոդաբաշխ մեկնաբանություն չեմ ստացել: Այսինքն, եթե մենք չենք անում՝ վե՞րջ»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ հիմա ժամանակը չէ՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ինչո՞ւ 2012-ին նախագահական ընտրություններին ժամանակն էր, բայց հիմա՝ ժամանակը չէ: ՀՀԿ-ն երբեւէ այդ անցման վերաբերյալ հստակ կարծիք չի հայտնել»:

Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը, նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները, այսպես ասած, զիջումների է գնացել՝ ընդդիմադիրների համար. «Սերժ Սարգսյանն ասաց, լավ, հարգելի՛ ընդդիմախոսներ, եթե ձեզ համար դա կարեւոր է այդքան, ես պատրաստ եմ գնալ դրան: Որպես հետեւողական քաղաքական գործիչ՝ շարունակեց իր գործը: Նա երբեք չասաց՝ կողմ եմ խորհրդարանական կառավարման համակարգին: Նա մի նպատակ է հետապնդում՝  փորձել իր քաղաքական ընդդիմախոսների հետ այս կերպ ձեւավորել համագործակցության հնարավորություն: Անկեղծ ասեմ, ՀՀԿ-ում ուղղակի զարմացած էին, որ այդպես կոշտ ընդդիմացան այս նախաձեռնությանը: Թվում էր, թե  ակնհայտ է, որ առաջարկում ենք այն, ինչ իրենք ուզում էին: Եվ այստեղ փորձել  այլ մեկնաբանություն ներկայացնել ՀՀԿ-ի քաղաքական վարքին, երբ ընդդիմությունն ակնհայտորեն իր իսկ խոստումներին դեմ է գնում՝ բացառությամբ ՀՅԴ-ի, ինձ համար հասկանալի չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031