Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Տեսակետ» ակումբում սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս ասաց, որ Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը 7 էջից բաղկացած առաջարկություններ է ներկայացրել հանձնաժողովին՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ընդգրկելու համար:
Օրինակ, առաջարկություններից մեկն այն է, որ Սահմանադրությամբ ամրագրվի այս թեզը. «Մենք գտնում ենք, որ վարչապետից բացի, պետք է լինեն 3-4 փոխվարչապետներ: Դա շատ կարեւոր է: Այսօր ամբողջ պատասխանատվությունն ընկած է վարչապետի վրա: Վարչապետը աչք չի բացում՝ ամենօրյա քննարկումներից: Ըստ էության, վարչապետը ընթացիկ, օպերատիվ աշխատանքով է զբաղվում, մինչդեռ նա պատասխանատու է կառավարության երկարաժամկետ, միջնաժամկետ հեռահար քաղաքականության մշակման համար: Նա ժամանակ էլ չունի դրանով զբաղվելու: Իսկ եթե լինեն փոխվարչապետներ, որոնցից յուրաքանչյուրը ստանձնի համապատասխան ոլորտի համակարգման պատասխանատվությունը, իսկ վարչապետը վեր կանգնի եւ զբաղվի հայեցակարգային խնդիրներով, դրանից կառավարության գործունեությունը, անշուշտ, շահելու է:
Նա ասաց, որ մեր վարչապետը 18 նախարար է համակարգում, դրան գումարած կառույցներ, որոնց հետ ուղղակի պետք է աշխատի. «Այս պայմաններում նույնիսկ սուպերմեն վարչապետը չի կարող գլուխ հանել: Դրա համար կարծում ենք, որ այս ամենը պետք է բերել համակարգի: Մեր առաջարկություններն ուղղված են կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելուն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ