Քանի որ ԵՄ անդամ բոլոր 28 երկրների ղեկավարները եւ վեց արեւելյան գործընկերները հրավիրվել են Ռիգա` մասնակցելու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, նրանք պետք է հասկանան, թե ինչպես կարելի է պաշտպանել գործընկերների ազատ ընտրության իրավունքը, միաժամանակ գտնել հարեւանների հարեւանների հետ խոսելու ձեւ:
«The Parliament Magazine»-ում հրապարակած հոդվածում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանի պատվիրակության նախագահ Հեիդի Հաուտալան նշել է, թե Արեւելյան գործընկերությունը երբեք նպատակ չի ունեցել իր գործընկերների հարեւանների վրա հարձակում գործել, բայց Ռուսաստանն այն այդպես է ընդունում:
Ըստ հեղինակի՝ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ընտրել են ԵՄ-ի հետ ասոցացումը, սակայն պատժվել են առեւտրային հարաբերությունների եւ պատերազմի միջոցով: «Մինչդեռ Հայաստանը 2013 թվականին ամբողջությամբ շեղվեց այդ ուղղուց, բառացիորեն մի գիշերում, երբ Մոսկվան սպառնաց խաթարել այդ երկրի գազամատակարարումը»:
Հաուտալան նշել է, թե 6 երկրներից 5-ը սառած հակամարտություն ունեն եւ բոլորում ներգրավված է Ռուսաստանը: «Ժամանակն է հասկանալ, որ պաշտոնական դիվանագիտությունը ձախողվել է»:
Կարդացեք նաև
Խոսելով հայ-ադրբեջանական շփման գծում այս տարվա սկզբին տեղի ունեցած դեպքերի մասին, Եվրանեսթի պաշտոնյան նշել է, թե ավելի շատ աշխատանք պետք է կատարել քաղաքացիական հասարակության երկխոսությունները քաջալերելու համար: «Սա այն է, ինչ ես կուզենայի տեսնել որպես Եվրանեսթի պատվիրակության ձեռքբերում»:
Անդրադառնալով մայիսի 21-ին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին, Հեիդի Հուալտան գրել է, թե ԵՄ պետք է տարբերակի 6 գործընկեր երկրների հետ իր հարաբերությունները: «Մենք չպետք է բաց թողնենք ավելի սերտ կապեր կառուցելու հնարավորությունները: Մնում է տեսնել, թե Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը, վերջապես, ինչ կորոշեն անել: Հայաստանի հետ նոր համաձայնագրի պատրաստման աշխատանքները շարունակվում են»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ