Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանն արդարացավ՝ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ վճիռներն այնքան էլ շատ չեն

Մայիս 14,2015 12:24

Բուզանդի փողոցի նախկին բնակիչներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով 160 հազար եվրո փոխհատուցելու վերջնաժամկետը երեկ էր` մայիսի 13-ին, սակայն կառավարությունը ժամկետը ուշացրել է: Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ բյուջեից փոխհատուցման տրամադրումն ուշացել է, հետեւաբար կառավարությունը տույժեր ու տուգանքներ կվճարի: Ըստ նախարարի՝ բոլոր գործերով միասին առավելագույնը 150 եվրո տուգանք կվճարվի:

Արդարադատության նախարարի խոսքերով՝ քանի որ այս հարցը հասարակության ու ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է, ինքը վարչապետի հանձնարարությամբ վերլուծություն է կատարել: Վերլուծության արդյունքները, նրա խոսքով, փաստում են, որ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ վճիռներն այնքան էլ շատ չեն: 2010 հունվարից մինչեւ այս տարվա մայիսի 1-ը, Հովհաննես Մանուկյանի խոսքերով, ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ 31 վճիռ է կայացրել, որոնցով բյուջեից փոխհատուցվել է մոտ 555 000 եվրոյին համարժեք դրամ:

Նախարարը համեմատելով այլ երկրների փորձի հետ ասաց, որ Հայաստանի վիճակն այս առումով բարվոք է: Նույն ժամանակահատվածում ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ 104 վճիռ է կայացրել, որոնցով փոխհատուցվել է 1 մլն 575 հազար եվրո, Մոլդովայի մասով՝ 179 վճիռ՝ մոտ 3 մլն գումարով, Բուլղարիայի վերաբերյալ՝ 300 վճիռ՝ մոտ 4 մլն եվրո գումարով:

«Այսպիսով, պարզ է դառնում, որ Հայաստանի վիճակը բարվոք է, սակայն դա չի նշանակում, որ չպետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Նրա վստահեցմամբ, պետք է օրենքները բարելավվեն, դատական պրակտիկան շտկվի, մինչեւ անգամ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկեն:
Այն կարծիքներին էլ, թե պետք է ֆինանսական տույժերի ենթարկել դատավորներին նման վճիռների համար, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ոչ մի երկրում նման պրակտիկա չկա եւ եվրոպական իրավունքի տեսակետից՝ ընդունելի չէ:
Նշենք, որ Հովհաննես Մանուկյանը Վճռաբեկ դատարանի նախագահն էր, երբ վերոնշյալ բնակիչների նկատմամբ հակաօրինական վճիռներ են կայացվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031