Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլանդիայի կրթության նախարար. «Մի կողմ դնենք քաղաքական տարբերությունները եւ աշխատենք լավ կրթություն ձեւավորելու շուրջ»

Մայիս 14,2015 12:04

Այսօր, մայիսի 14-ին, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովը եւ Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ժամանակ, որը վարում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Լիտվայի կրթության եւ գիտության նախարար Մարիտե Սեյլեն նշեց, որ անհրաժեշտ է առաջ ընթանալ՝ հաշվի առնելով քաղված դասերը: Նրա ձեւակերպմամբ, Բոլոնիայի գործընթացը խթանիչ է Եվրոպայի աճի համար, եւ ի հեճուկս որոշ քննադատությունների, ակնհայտ է, որ եվրոպական բարձագույն կրթության տարածքը առաջընթացներ է գրանցել, ինչի դրսեւորումներից են որակավորումների ճանաչման ավելի թափանցիկ եւ արդարացի լինելը, ուսանողների մրցունակ, շարժունակ լինելը:

Իսլանդիայի կրթության նախարար Իլուգի Գինարսոնը շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Երեւանի նման գեղեցիկ քաղաքում: Նախարարի ասելով, այսօր քաղաքական տարբերությունները կարող ենք մի կողմ դնել եւ ավելի լավ կրթություն ձեւավորելու շուրջ աշխատել: Իլուգի Գինարսոնը փաստեց, որ ներկայումս Եվրոպայում գործազրկության բարձր մակարդակ է, ցածր տնտեսական աճի տեմպեր, ու այս պարագայում կրթությունը, գիտությունը եւ գիտելիք մնում են լավագույն հնարավորությունները՝ պատկերը փոխելու եւ տնտեսական աճը խթանելու համար: «Կրթության մյուս առանցքը մեր հավերժական փնտրտուքն է ճշմարտության եւ ընկալման»,- հավելեց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով, Եվրոպական կրթական տարածքը ընդհանուր արժեք է , ըստ ՀՀ ԿԳ նախարարի, Երեւանում քննարկելիք եւ ընդունելիք որոշումները, Բոլոնյան գործընթացը հաջողված ընթացքը բացառիկ հնարավորություն են համամարդկային միասնական արժեքներով նոր սերունդ ձեւավորելու համար: «Չպետք է մոռանալ, որ կրթությունը, նախ և առաջ, հոգի է՝ խարսխված համընդհանուր արժեքների վրա»,-նշեց ՀՀ ԿԳ նախարարը: Նա հավելեց, որ կրթական բարեփոխումները պահանջում են քաղաքական կամք եւ լիդերներ:

Կրթության, մշակույթի երիտասարդության հարցերով ԵՄ հանձնակատար Տիբոր Նավրաչիչն էլ ընդգծեց, որ մեր հասարակության առանցքը լուրջ հարվածներ է ստացել. խոսքի ազատությունը, միտքը հարձակումների են ենթարկվել, Փարիզում, Քենիայում եւ այլուր ու բոլորս պետք է պահենք ժողովրդական արժեքների ազատությունը եւ երկխոսության հնարավորությունը: Նրա ասելով, բարձրագույն կրթության հաստատությունները միշտ էլ անփոխարինելի են եղել Եվրոպայի համար, այսօր էլ բարձրագույն կրթությունը եւ եվրոպական արժեքները կարեւորագույնն են մնում:

ԵՄ հանձնակատարը անդրադարձ կատարեց նաեւ Էրազմուս Մունդուս բարձրագույն կրթություն բնագավառում իրականացվող համագործակցության և շարժունության ընդլայնմանն ուղղված ծրագրին: Նա եւս խոսեց Եվրոպայի տնտեսական վիճակի մասին ու փաստեց, որ երիտասարդները լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած, հատկապես զբաղվածության խնդիրն է ծառացած: ԵՄ հանձնակատարը կարեւորեց միջառարկայական կապերը, հմտություններ, բարձրագույն կրթության հաստատությունների կենսունակությունը: Նրա ասելով՝ քրոնիկ, կերպով թերֆինանսավորված բարձրագույն կրթությունը ոչ մեկին էլ պետք չէ, եւ հարկ է ճիշտ օգտագործել ոչ միայն պետական, մասնավոր ռեսուրսները, այլեւ այլընտրանքային ռեսուրսներ ներգրավել, բուհերն էլ դարձնել էլ ավելի հաշվետվողական եւ ինքնավար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031