Հատված ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հարցազրույցից:
– Սահմանադրական հանձնաժողովի անդամները նշում են, որ վերջնական մասնագիտական եզրահանգում է կատարվել՝ հօգուտ խորհրդարանական համակարգի։ Մայիսի 18-19-ը հանձնաժողովը հանդիպելու է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, ապա Սերժ Սարգսյանը պետք է որոշում կայացնի և փաստաթուղթն ուղարկի ԱԺ։ Մինչ օրս նա միանշանակ կարծիք չի արտահայտել։ Ըստ Ձեզ՝ նախագահն ի վերջո կառավարման ո՞ր տարբերակին է հակված։
– Նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել հենց խորհրդարանական կառավարման ձևի հայեցակարգին, հետևաբար՝ աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ։ Իր վերջին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր, որ, հաշվի առնելով քաղաքական ուժերի հետ հանդիպումները և այն մտահոգությունները, որոնք կապված են խորհրդարանական կառավարման ձևի, հատկապես՝ ներքին և արտաքին անվտանգության և կառավարման կայունության խնդիրների հետ, երկրորդ տարբերակն էլ հնարավոր է՝ լինի տեսականորեն և դրվի շրջանառության մեջ։ Այսինքն՝ այսօրվա գործող Սահմանադրությունն ավելի բարելավվի, և այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում ի հայտ են եկել, վերացվեն, և դա լինի՝ որպես երկրորդ տարբերակ։ Բայց նորից եմ նշում, փաստաթղթի երևացող մասով այսօր միայն խորհրդարանական կառավարման ձևի
հայեցակարգին է հավանություն տվել նախագահ Սարգսյանը և հանձնարարել ուղարկել մասնագիտական խմբին և դրա հիման վրա կազմել նախագիծ։
Կարդացեք նաև
– Ըստ Ձեզ՝ քաղաքական մենաշնորհը կհաղթահարվի՝ այս փոփոխությունների արդյունքում։
– Հարցը բավականին հետաքրքիր է, «այո» կամ «ոչ»-ի դեպքում արձանագրում ենք, որ ունենք քաղաքական մենաշնորհ։ Բայց ասեմ հետևյալը՝ քաղաքական մենաշնորհ ասվածը մի փոքր բարդ է։ Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ Հանրապետականը խորհրդարանում միակ իշխանական թևը ներկայացնող քաղաքական ուժն է։ Ընդդիմադիր դաշտում գործում են տարբեր քաղաքական ուժեր, որ փորձում են ինչ-որ պրոցեսների արդյունքում լինել ընդդիմադիր դաշտի լիդեր, և այստեղ մենաշնորհի խնդիր, կարծես թե, գոյություն չունի, քանի որ 3 ամիս առաջ մենք ունեինք այլ իրականություն։
Էլ չեմ ասում, որ 2012 թ. քաղաքական դաշտը Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրությունների միջոցով ձևավորվեց, մենք ունեինք լրիվ այլ իրականություն։ Ունեինք 2 ընդդիմադիր թև ներկայացնող քաղաքական ուժեր ԱԺ-ում՝ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, ունեինք 3 հոգուց բաղկացած կոալիցիա և այլընտրանք՝ ԲՀԿ, որը մի ոտքով՝ այստեղ, մի ոտքով՝ այնտեղ էր, կամ առնվազն՝ ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն էր: Այստեղ մենաշնորհի մասին խոսելն առնվազն ճիշտ չէր լինի։ Այնպես որ, քաղաքական դաշտում իրադրությունները փոփոխական են, և չի կարելի ասել, որ կամ կա, կամ չկա մենաշնորհ։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում