Ինչպես հայտնի է՝ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանի որոշմամբ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Էդգար Վարդապետյանը հեռացվել է քրեական գործով քրեական դատավարությանը մասնակցելուց՝ այն պատճառաբանությամբ, որ «քննիչը փորձել է ստեղծել քննչական գործողություններ կատարելու պատրանք»: Խոսքը վերաբերում է Շիրակի մարզի Ողջի գյուղի նախկին գյուղապետ Սարգիս Ավագյանի անասնագոմից բնակչի կողմից 490.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 6 գլուխ ոչխար գողանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Ավագ քննիչն էլ, գտնելով որ իրեն քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելով, խախտել են իր իրավունքներն ու օրինական շահերը, կասկածի տակ դրել իր մասնագիտական բարեխղճությունը, դիմել է դատարան՝ բողոքելով հսկող դատախազի՝ իրեն վարույթից հեռացնելու որոշման դեմ: Ի դեպ, նման նախադեպ չի եղել:
Aravot.am –ը դիմեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին՝ խնդրելով պարզաբանումներ ներկայացնել այս թեմայով: Շիրակի դատախազը պարզաբանեց.
«Քննիչը դատախազի կողմից իրեն քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին որոշում կայացնելն ընկալել է որպես իր այսպես կոչված մասնագիտական արժանապատվության իրավունքի խախտում և իր կողմից քննված քրեական գործի շրջանակներում փորձելով հանդես գալ որպես քաղաքացի` քրեադատավարական պաշտպանության միջոցների կիրառման մեխանիզմներ նախատեսող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով ամրագրված դրույթի վկայակոչմամբ դիմել է դատարան, ինչն ընդհանրապես քննիչ-դատախազ փոխհարաբերությունների նկատմամբ չի կարող կիրառելի համարվել: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական դատավարությունն իրականացվում է` ապահովելու համար`
1) անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից.
Կարդացեք նաև
2) անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ:
Դատախազի կողմից կայացված որոշմամբ քննիչին որևէ հանցագործություն կամ այլ իրավախախտում չի մեղսագրվել, պարզապես արձանագրվել է նրա կողմից թույլ տրված կոպիտ դատավարական խախտումը, որի համար նա նույնիսկ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել իր նկատմամբ վարչական վերադասությամբ օժտված մարմնի կողմից: Քննիչն, ըստ էության, իր արարքը հիմնավորել է այն հանգամանքով, որ դատախազի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քննիչի` որպես պաշտոնատար անձի կողմից բողոքարկման ենթակա չէ, եթե նույնիսկ քննիչը դրա հետ համաձայն չէ: Մինչդեռ քննիչի կողմից նշվածն առարկայական հիմնավորում չի կարող ունենալ և նման տրամաբանության պայմաններում նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում կայացվող ցանկացած որոշման կարելի է վերագրել արժանապատվությունը նվաստացնող բնույթ, իսկ քննիչին` դրա զոհ հանդիսացող քաղաքացու կարգավիճակ` դատախազի որոշման հիմնավորվածության վերաբերյալ ունենալով թեկուզ ոչ արդարացի, սակայն ուրույն կարծիք: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ դատախազի կողմից կայացվել է օրինական և հիմնավորված որոշում, իսկ քննիչի կողմից դատական կամ արտադատական կառուցակարգի գործադրմամբ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշման բողոքարկման կարգ ՀՀ օրենսդրության առկա կարգավորումներով չի նախատեսվում:
Ուստի նշվածի համատեքստում ակնհայտ է, որ որպես քաղաքացի հանդես եկող քննիչի կողմից դատախազի որոշման դեմ բողոք ներկայացնելը հետապնդում է քրեադատավարական օրենսդրությամբ բողոքարկման ոչ ենթակա դատախազական ակտերի դատական բողոքարկման նախադեպային պրակտիկա ձևավորելու ոչ իրավաչափ նպատակ, այլ ոչ թե ուղղված է սեփական իրավունքների պաշտպանությանը, քանի որ վիճարկվող որոշումը կայացվել է բացառապես նախաքննության շահերից ելնելով:
Ընդ որում, նշեմ նաև, որ բողոքի հեղինակ քննիչի կողմից մեկ այլ քրեական գործով թույլ տրված ենթադրյալ կեղծիքների կապակցությամբ մարզի դատախազությունը դեռևս սույն թվականի մարտ ամսին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և ներկայումս իրականացվում է նախաքննություն, ինչի ընթացքում քննիչն արդեն անհրաժեշտության դեպքում լիովին իրավասու կլինի օգտվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված իրավունքներից»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ