Աբովյանում երեկ անակնկալ զարգացումներ են տեղի ունեցել։ Առավոտյան Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) է զանգահարել Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Արամ Հարությունյանը եւ հայտնել, որ նրան հեռացնում են ՀՀԿ-ից։
Իշխող Հանրապետականը հունիսի 7-ին նշանակված Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գեւորգյանին։ Պալաչը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ չի հանելու թեկնածությունը։
– Այնպիսի տպավորություն է, որ այն ժամանակ, երբ իշխանությունը խնդիր ուներ Գագիկ Ծառուկյանի հետ, օգտագործեց ձեր հակասությունները նրա դեմ, հիմա, երբ իրենք արդեն հաշտվել են, դուք իրենց, ըստ էության, էլ պետք չեք, ու հիմա այսպես են վարվում ձեզ հետ, չե՞ք կիսում այս կարծիքը։
– Թե ՀՀԿ-ն ինձ ինչ է տվել եւ ես ՀՀԿ-ին ինչ եմ տվել՝ թողնում եմ մեր քաղաքի բնակչության դատողությանը, չեմ ուզում ՀՀԿ մասին խոսել, ես փոքր մարդ եմ, թող իրենք պատասխանեն այդ հարցին, թե ինչո՞ւ են ինձ հեռացրել։ Հեռացնողները լավ գիտեն՝ ես ինչ եմ արել Աբովյան քաղաքում իրենց համար, ու ես էլ արդեն լավ իմացա՝ իրենք ինձ համար ինչ արեցին:
Կարդացեք նաև
– Չե՞ք փորձելու ավելի բարձր մակարդակով բացատրություն ստանալ։
– Ես փոքր մարդ եմ, որ բացատրություն ստանամ, դա թողնում եմ նրանց խղճին։ Նորից եմ կրկնում, ես ՀՀԿ համար ոնց եմ աշխատել՝ իրենք դա լավ գիտեն, ՀՀԿ-ն ինձ համար ոնց է աշխատել՝ դա այսօր շատ լավ երեւաց։ Մնացածը՝ ասելիք չունեմ։ Ես առաջադրվել եմ քաղաքապետի թեկնածու եւ փորձելու եմ նորմալ, քաղաքակիրթ ճանապարհով ընտրություններին մասնակցություն ցուցաբերել, որպեսզի մեր քաղաքը վերջապես ընտրված քաղաքապետ ունենա։
– Տեւական ժամանակ առաջ (2012թ.), երբ ձեր հարաբերությունները Ծառուկյանի հետ ծայրահեղ լարված էին, «ՀԺ»-ն ձեզ հարցրել էր՝ մտավախություն չունե՞ք, որ Ծառուկյանն ու իշխանությունները կհաշտվեն ու վերջում դուք պրոբլեմ կունենաք։ Դուք ասացիք՝ ոչ։ Հիմա, փաստորեն…
– Ես էլի պրոբլեմ չունեմ։ Ծառուկյանին ու իշխանություններին ես ցանկանում եմ, որ միշտ հաշտ ու համերաշխ լինեն։ Ես հաստատ ինչ-որ մեկի հակասությունից օգուտ քաղող տղա չեմ, ես ցանկանում եմ, որ ոչ մեկ իրար հետ չկռվի, չվիճի։ Ինչ վերաբերում է ինձ, ես անում եմ այն, ինչը կաներ նորմալ մտածող քաղաքացին։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում