Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչում մեղավորը լրագրողներն են. «Հրապարակ»

Մայիս 14,2015 10:45

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է կամ, որ ավելի ճիշտ է՝ օրհասական։ Գործիչներն ասուլիսներով են հանդես գալիս, փնտրում ու գտնում են մեղավորների, կառավարության վատ քաղաքականությունը պատճառ բերում։ Բայց պարզվում է, որ այդ ամենի պատճառն ընդամենը լրագրողներն են։ Իշխանությունը սկսել է իր անգործության, վատ համբավի, թերարժեքության մեղավորներ ման գալ հենց լրագրողների շրջանում: Բերենք բավականին վերջերս, ինչպես նաեւ տարբեր ժամանակներում հնչած մի քանի մտքեր, որոնցում կառավարության, իշխանության եւ իշխող կուսակցության ներկայացուցիչներն իրենց աշխատանքային եւ, ինչու չէ՝ մտավոր արատները բարդում են լրագրողների վրա։

Հոդվածի պատճառն օրերս ԱԺ-ում տեղի ունեցած թեժ քննարկումներն են։ Սկսենք հենց դրանից։

06.05.2015թ. – Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթաևգ Միրումյանն Ազգային ժողովում ներկայացնում է «Եկամտահարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին նախագիծը։ Միրումյանը չի կարողանում հստակ ներկայացնել օրենքը, եւ ստացվում է, որ դրսում աշխատող մեր հայրենակիցների եկամտի 13 տոկոսը հարկվելու է։ Մեծ աղմուկ է բարձրանում, եւ հենց տեղի էմոցիաները լրագրողները փոխանցում են հանրությանը։ Հետո, երբ բանը բանից անցել էր, Վախթանգ Միրումյանը մեկնաբանում է, թե իմաստն է՝ արտերկրում շինարարությամբ զբաղվող կազմակերպություններին գրանցվել Հայաստանում ու եկամտահարկը վճարել այստեղ։ Փոխնախարարն ասում է, որ օրենքի մեկնաբանման մասով մամուլն ապատեղեկատվություն է տարածել։ Փաստորեն, մեղավորը մենք ենք, Միրումյանը կապ չունի։ Ոչ թե ինքն է սխալ մեկնաբանել, այլ պատգամավորներն ու լրագրողներն են սխալ հասկացել։ Հավանաբար, վարչապետ Աբրահամյանն էլ լրագրողներին նկատի ուներ, երբ կառավարության նիստում կոչ էր անում հետայսու օրենքները ճիշտ ներկայացնել։

06.05.2015թ. – ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դժգոհում է լրագրողներից, ովքեր, ըստ իրեն, տնտեսության միայն խնդիրներն են մատնանշում, մինչդեռ լավագույնս չեն լուսաբանել «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը։ «Նույնիսկ մասնակիցներն էին զարմացած, որ Հայաստանում այդքան տեսականի է արտադրվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Տնտեսությունը, փաստորեն, ունի բազում առավելություններ, Հայաստանում արտադրվում է հսկայական տեսակի ապրանք, որոնք արտահանվում են զանազան երկրներ։ Իսկ այն, որ ներմուծումը գերազանցում է արտահանմանը մի քանի անգամ, իսկ արտահանումն ու ներմուծումը գնալով պակասում են, միմիայն լրագրողների մեղքն է։ Այ, եթե այսուհետ գրենք միայն տնտեսության առաջընթացի մասին, ինքնըստինքյան այդպես կլինի։

28.04.2015թ. – Իրեն պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառի բացմանը Գագիկ Ծառուկյանն ասում է, որ այլեւս քաղաքականություն չի վերադառնա. «Քաղաքականության էջն ինձ համար փակ է»։ Լրագրողի հարցին, թե ինչն ստիպեց հեռանալ քաղաքականությունից, պատասխանում է. «Ես ուզում էի ժողովրդի համար։ Եթե քո պես լրագրողներ չլինեին, որ լիարժեք աշխատանքը ճիշտ գնահատեին, այդպես չէր լինի։ Հասկանալի՞ է, թե՞ ոչ։ Ես ո՛չ անձնական շահ եմ ունեցել… բոլորն էլ գիտեն… ուզեցել եմ օգտակար լինել, լավ լինել երկրի համար, զարգացման համար, իմ ժողովրդի համար։ Բայց ձեր պես լրագրողները, որ լուն դավա են սարքում եւ սխալ բաներ են գրում, դրա համար էլ այդպես ա լինում»։ Փաստորեն, դարձյալ լրագրողներն են մեղավոր, որ Գագիկ Ծառուկյանը հանձնվեց, որ չուներ հստակ օրակարգ։ Հավանաբար, լրագրողները նրան հրավիրեցին նախագահի նստավայր որպես ընդդիմության լիդեր ու այնտեղից դուրս հանեցին որպես անկուսակցական ու ապաքաղաքական գործարար:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031