Վարդան Այվազյանը հեգնում է, որ «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար գուցե Բրեժնեւին հարցնեն
«ԵՏՄ ենք մտնում, ՌԴ օրենքն ասում է, որ եկամտահարկը կիսվում է տեղական բյուջեի եւ ռուսական կենտրոնական բյուջեի միջեւ, մենք իրավունք ունե՞նք ՌԴ-ից պահանջել, որ մեր ռեզիդենտից ստացված եկամտահարկը փոխանցի ՀՀ համապատասխան տարածքային բյուջե: ԵՏՄ մտնելուց հետո, ասենք, մեր Ալեքսանյանը կամ Պողոսյանն աշխատում են ՌԴ-ում, չե՞նք գնալու ասենք՝ եղբա՛յր, բա սրանց եկամտահարկը ո՞նց եք հաշվարկելու: Բնական է, որ պիտի անենք, չէ՞: Դուք պատասխանում եք, որ այդպիսի պրակտիկա չկա: Այն ժամանակ ԵՏՄ էլ չկար, հիմա կա»,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեռեւս ամիսներ առաջ՝ 2014-ի հոկտեմբերի 21-ին, ԱԺ նիստում՝ «Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալու մասին օրենքների փաթեթի» քննարկման ժամանակ այսպես հարցախեղդ էր արել ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին՝ պահանջելով ռուսների առաջ այդ հարցը դնել: Այն ժամանակ Միրումյանն ասաց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել եւ նման պրակտիկա, նման նորմ չկա:
Իսկ մայիսի 5-ի նիստում, երբ կառավարությունը ներկայացրեց «Եկամտահարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հայտնի նախագիծը, որը «Խոպանչիների մասին» օրենք էր որակվել՝ Հրանտ Բագրատյանն արդեն բարձրացրեց «Պուտինին քցելու» հարցը. «Պարզ չի՞, որ եթե դուք լինեիք ՌԴ նախագահը, կասեիք՝ ուզում են հայերը մեզ քցե՞ն: Ա՛յ մարդ, ես չեմ քվեարկել ԵՏՄ-ին, բայց եթե մտել եք, ձեզ կարգին պահեք»:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանումներ ներկայացրեց օրենքի տարընթերցումների մասին. «Այդ օրենքը բացարձակ կապ չուներ խոպանչիների հետ: Դիլետանտի մակարդակ պետք է ունենալ, խեղաթյուրման լրջագույն մասնագետ պետք է լինել, որ նման ձեւով խեղաթյուրեն օրենքը: Խոսքը վերաբերում է միայն ՀՀ-ի ռեզիդենտներին՝ այն իրավաբանական անձանց, որոնք գրանցված են ՀՀ-ում: Ո՞նց կարող է արտագնա աշխատողների հետ կապ ունենա: Արտագնա աշխատողը գնում է ՌԴ, ընդունվում է աշխատելու մեկի մոտ, որը գրանցված է ՌԴ-ում, ուրեմն ինքը ի՞նչ կապ ունի սրա հետ»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ պետք է ուզենան վճարել ՀՀ պետբյուջե: Երբ մարդիկ գնում են երկրից եւ բիզնես են ծավալում օտար երկրում, ոչ թե ուղղակի գնում են, այլ փախչում են երկրից, դժգոհում են, որ այստեղ չկա ներդրումային միջավայր, բիզնես-միջավայր, որ տնտեսությունը մենաշնորհացված է, անարդարությունները շատ են: Ուրեմն ինչո՞ւ պետք է նա ՌԴ-ում բիզնես անելով՝ ուզենա կապ ստեղծել ՀՀ-ի հետ ու վճարել այստեղ, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ճիշտ է, եկամտահարկն ամեն մեկի անձնական հարկն է, բայց վճարվում է հարկային գործակալից, իսկ հարկային գործակալն իրավաբանական անձն է՝ գործատուն: Հիմա գործատուն եթե ՌԴ-ում է գրանցված, ինքը կապ չունի ՀՀ-ի հետ: Եթե դու այստեղ ես գրանցված ու այնտեղ ես աշխատում, էլի դու կորոշես՝ կվճարես՝ լավ, չես վճարի՝ քո գործն է: Կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի: Բայց սա հնարավորություն է, կարող է եւ լինի: Մենք կարծում ենք, որ այստեղ կգործի հայկական գենոֆոնդը, հայի մտածելակերպը»:
Մեր դիտարկմանը՝ ԵՏՄ-ն թույլ կտա՞, Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ՝ այո, համաձայնեցված է. «Երբ ասում են՝ կհակասի ԵՏՄ-ին, մենք էլ ասում ենք՝ կհակասի, սիրելիս, դա միջազգային պայմանագիր է, իսկ միջազգային պայմանագիրն ավելի բարձր է: Երկրորդ օրը Ռուսաստանը կմտնի, պիտի տանք: Եթե ես այսօր մի բան եմ անելու, վաղը ռուսը ինձ ասելու է՝ սպասիր, սա չի լինի, չէ՞ որ ԵՏՄ համաձայնագիրը վավերացված է: Որ օրը հակասեց, ինքը կգա, կվերցնի, կտանի իմ ձեռքից: Մենք հո հիմա՞ր չենք նման բան անենք: Իրականում օրենքը պարզապես մեզ համար մի հնարավորություն է, անհասկանալի պատճառներով խեղաթյուրվեց: Երբ դիլետանտի մակարդակով բացատրում են, քննարկումը տանում են ուրիշ ուղղությամբ, դա չուզելու խնդիր է»:
Մեր հարցին՝ Պուտինին հարցրե՞լ եք, որ այսպիսի օրենք եք բերել, նման հարցադրում հնչեց նաեւ խորհրդարանում, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ի՛նչ, երեւի Բրեժնեւին հարցնեինք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2015