Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Վաշինգտոնի ազդակները Սերժ Սարգսյանին

Մայիս 14,2015 16:00

Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանի այցը Միացյալ Նահանգներ թեեւ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության մասնակցությամբ նշանավորվեց, սակայն արժե գնահատել որպես տարածաշրջանային առումով իրադարձություն:

ԱՄՆ նախագահի հետ հանդիպում չկայացավ, ինչը, թերեւս, մեկ անգամ եւս փաստեց Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունները չլարելու Օբամայի որդեգրած քաղաքականությունը: Սակայն Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմաններում հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից Սերժ Սարգսյանի այցի ընթացքում արձանագրված որոշ իրադարձություններ, նույնիսկ դետալներ արժանի են ուշադրության:

Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ տարիներ շարունակ բանակցված «Առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիրը: Սա այն դեպքում, երբ Հայաստանը ԵՏՄ-ին է անդամակցում, իսկ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների պայմաններում մեր երկիրը ֆինանսատնտեսական կորուստներն ուղղակիորեն է զգում: Այս իրավիճակում առեւտրի եւ ներդրումների պայմանագրի ստորագրումը լուրջ ազդակ է այն մասին, որ Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրումների իրականացումն առաջնահերթություն է համարում:

Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցի նախօրեին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նկատել էր. «Համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների գործարարներին համագործակցելու։ Կառավարությունն ու բիզնես-շրջանակները միասին կպարզեն, թե որոնք են առեւտրի ճանապարհին առկա խոչընդոտները: Համաձայնագրով երկու կողմերը պարտավորվելու են վերացնել դրանք, որպեսզի առեւտրի եւ գործարարության համար ավելի շատ հնարավորություններ լինեն»։

Խոսելով Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններից՝ դեսպանը շեշտել էր, որ դրանք բարձր մակարդակի վրա են։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները շատ ամուր են։ Նախագահ Օբաման շատ կարեւորում է այդ հարաբերությունները, եւ որպես ապացույց՝ կարող եմ նշել այն, որ ապրիլքսանչորսյան շատ կարեւոր միջոցառմանը ԱՄՆ-ից Հայաստան ժամանեց կառավարության ներկայացուցիչ։ Առեւտրի եւ ներդրումների մասին համաձայնագրի ստորագրումն էլ վկայում է, թե որքան կարեւոր են այդ հարաբերությունները երկու կողմերի համար»,- հայտարարել էր Ռիչարդ Միլսը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում կայացած միջկրոնական աղոթքին Սերժ Սարգսյանի հետ մասնակցեց Միացյալ Նահանգների երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան` փոխնախագահ Ջո Բայդենը, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը (միջոցառմանը Բայդենն ու Փաուերը կրում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշաններ) եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Վերջինս կարեւորել էր փոխնախագահի՝ ներկա գտնվելու որոշումը. «Կարծում եմ՝ բոլորին հաճելի է, որ փոխնախագահ Բայդենն այստեղ է՝ անցյալի իրադարձությունների նկատմամբ հարգանք մատուցելու: Չափազանց կարեւոր է հիշել անցյալը»:

ԱՄՆ մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված` իր մասշտաբայնությամբ աննախադեպ միջոցառմանը ամերիկացի պաշտոնյաների մասնակցությունը լրացուցիչ արձանագրում էր, որ ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չառնելով` հայերի հետ սգում է 100-ամյա տարելիցը:

Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում ուշագրավ գնահատական էր տվել. նա բարձր էր գնահատել ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման գործում, այդ թվում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Սա ասվել էր ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի, Սենատի հանրապետական եւ դեմոկրատ մյուս անդամների հետ հանդիպմանը, որոնց թվում էր նաեւ ԱՄՆ սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Մաքքեյնը, մի գործիչ, որը Ռուսաստանի նախագահի նկատմամբ ամենակոշտ քննադատությամբ է հանդես գալիս եւ անընդունելի համարում ՌԴ-ի հետ բանակցելու հնարավորությունը` ՌԴ-Արեւմուտք առճակատման ֆոնին:

Միացյալ Նահանգներ-Ադրբեջան հարաբերություններում բավական խորը լարվածության, ինչու չէ՝ նաեւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ջերմության մակարդակի նկատելի նվազման պայմաններում Վաշինգտոնը, կարծես, ձգտում է կարեւորել մեր տարածաշրջանում Հայաստանի դերակատարումը: Ընդ որում, Վաշինգտոնի կողմից Հայաստանի ուղղությամբ ազդակները եղան Սերժ Սարգսյանի` մոսկովյան այցից եւ մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ:

Դեռ վաղ է ասել, թե պաշտոնական Վաշինգտոնի ազդակներից ու ընձեռած հնարավորություններից ինչպես կօգտվի Հայաստանը, իսկ ավելի ճիշտ` Հայաստանի իշխանություններին որքան ազատություն կտա Արեւմուտքի հետ փոխհարաբերություններում Մոսկվան:

Սակայն նաեւ փաստ է, որ ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի հետաքրքրությունը չի նվազել, ավելին` վերջին շրջանում, կարծես, էական քայլեր են արվում Արեւմուտքի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Մնում է հուսալ, որ իշխանություններին կհաջողվի Միացյալ Նահանգների կողմից դրական ազդակներն իսկապես կյանքի կոչել ի շահ Հայաստանի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031