Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքային էներգիային անցնելու համար որոշ շահեր պիտի զոհաբերվեն»

Մայիս 14,2015 15:00

Ամեն անգամ, երբ Հայաստանում հայտարարվում է էներգիայի թանկացման մասին, հանրությունը ցնցում է ապրում, որովհետեւ թե՛ գազի եւ թե՛ էլեկտրաէներգիայի թանկացմանը հետեւում է համատարած գնաճը:

Օրերս էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնել է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման եւ հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ ՀԷՑ-ի արած հայտարարության համաձայն էլ՝ առաջարկվում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 17.8 դրամով բարձրացնել: Ի՞նչ կորոշի հանձնաժողովը. ըստ տարբեր փորձագետների՝ ՀԷՑ-ի առաջարկած 17 դրամի փոխարեն հանձնաժողովը հնարավոր է ավելի քիչ թանկացնի, իբր լավություն է անում հանրությանը: Իսկ մինչ այդ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 14-ին հանրային քննարկում է կազմակերպելու՝ թանկացումը կանխելու եւ հետագա գործողությունների ծրագիր մշակելու համար:

Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը այլընտրանքային էներգիայի վերաբերյալ որեւէ լուրջ ռազմավարական քայլեր չի ձեռնարկում՝ խուսափելու գազի եւ էլեկտրաէներգիայի պարբերաբար թանկացումների հետեւանքով առաջացող խնդիրներից եւ այս էներգակիրներից տնտեսությունն ու հասարակությունը կախման մեջ չպահելու համար:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը կարծում է, որ այլընտրանքային էներգետիկայի աղբյուրները քննարկելիս պետք է հաշվի առնել, որ կա երկարաժամկետ եւ կարճաժամկետ շահերի բախում, իսկ մեր քաղաքական գործիչներն ու քաղաքական իշխանությունը նախընտրում են կարճաժամկետ շահի հետեւից գնալ, որովհետեւ այլընտրանքային էներգիան անկախ է: Աշոտ Խուրշուդյանն ասում է. «Այստեղ գերապատվությունը պետք է տրվի անկախությանը, ինչը երկարաժամկետ եւ շատ դրական կազդի տնտեսության եւ երկրի զարգացման վրա: Բայց կարճաժամկետի դեպքում կլինեն գնային ճնշումներ. սրան կառավարությունը պատրաստ չէ: Ժամանակին փոքր բաներ արել են, բայց այդքանով կանգ են առել»: Տնտեսագետը նաեւ նշում է այլ խնդիր՝ Հայաստանում յուրաքանչյուր էներգիա արտադրող միավոր իր շահն ունի եւ փորձում է այն առաջ տանել, իսկ վերջում, Խուրշուդյանի խոսքերով, բավական հաջողությամբ մենք՝ սպառողներս ենք տուժում: Ըստ տնտեսագետի՝ այս կառույցների դեմ կտրուկ քաղաքականություն իրականացնելու համար իշխանությունը պատրաստ չէ, որովհետեւ կտրուկ քաղաքականության գնալով՝ նշանակում է որոշ շահեր ընդհանրապես հաշվի չառնել. «Սա Հայաստանը չի անում, որովհետեւ, ասենք՝ ատոմակայանի նոր էներգաբլոկը եթե կառուցվի, եւ նոր էներգիայի արտադրության մեթոդները ներդրվեն, չափից շատ ենք արտադրելու էլեկտրաէներգիա: Այ, սրա լուծումը չկա, գինը բարձրացնելու են: Որոշ շահեր պետք է զոհաբերվեն, ինչը մեր երկրում տեղի չի ունենում: Ամեն մի օղակ էներգետիկ շղթայում պայքարում է, սակագնում լումայի փոփոխությունն ազդում է նրանց վրա, սա մենք չենք տեսնում, սա տեղի է ունենում փակ սենյակում, ինչը սխալ է»:

Նելլի Բաբայան

«Առավոտ» օրաթերթ

13.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031