Ասում է օպերային երգիչ Գեորգի Առաքելովը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գեորգի Առաքելովին ընթացիկ թատերաշրջանում գլխավոր դերերգերի կատարմամբ հաճախ ենք հանդիպում տարբեր օպերային ներկայացումներում: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգիչն ասաց, որ ինքը զբաղված է բարիտոնի համար գրված գլխավոր դերերգերում՝ խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում, այդ թվում՝ Արշակ Երկրորդ՝ Չուխաջյանի համանուն օպերայում, Թաթուլ իշխան՝ Սպենդիարյանի «Ալմաստում», Մոսի՝ Տիգրանյանի «Անուշում», Վերդիի «Տրուբադուր», «Աիդա», «Տրավիատա» ներկայացումներում, համապատասխանաբար՝ կոմս Դի Լունա, Ամոնասրո, Ժերմոն եւ այլն:
Գուցե ընթացիկ թատերաշրջանում երգչի զբաղվածությունը ինչ-որ չափով պայմանավորված է թատրոնի նոր տնօրեն ունենալու հանգամանքո՞վ: «Իմ աշխատանքը ե՛ս պետք է լավ կատարեմ, իսկ տնօրինությունը պետք է պայմաններ ստեղծի իմ ու կոլեգաներիս արդյունավետ աշխատանքի համար: Անշուշտ, դրական տեղաշարժեր կան: Այս օրերին էլ ընթանում են Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրական աշխատանքները: Ինձ վստահված է Էսկամիլիոյի դերերգը»,-ասաց երգիչը:
Գեորգի Առաքելովի բեմական-ստեղծագործական գործունեությունը շուրջ 5 տարվա պատմություն ունի: Արվեստագետը հիշում է, որ առաջին դերերգը «Ալմաստ» օպերայում էր, երկրորդական մի փոքր պարտիա, իսկ մեծը Մոսին էր: Հետաքրքրությանը, թե իրեն ո՞վ նկատեց եւ վստահեց մեծ դերերգեր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Նա հավանաբար իմ մեջ տեսավ այն պոտենցիալը, ինչն անհրաժեշտ է օպերային երգչին»: Հետո էլ ժպտալով հավելեց. «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ ինքս ինձ ու անկասկած պրոֆեսորիս՝ Սերգեյ Դանիելյանին: Իմիջիայլոց, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Սերգեյ Դանիելյանի դասարան են ավարտել այնպիսի օպերային երգիչներ, ինչպիսիք են Գեղամ Գրիգորյանը, Գեւորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Լիանա Ալեքսանյանը եւ այլն»: Դիտարկմանը, թե պրոֆեսոր Դանիելյանի դպրոց անցած հիշյալ երգիչները հենց իրենց կարիերայի սկզբից ցանկալի հյուր են եղել արտերկրյա թատրոններում, Գեորգի Առաքելովը նշեց, որ իր դեպքում էլ Հոլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի թատրոններից եղել են ունկնդրման մասնակցելու հրավերներ. «Ես ինձ վրա վստահ էի, բայց մյուս կողմից, հնարավոր էր՝ լսումներից հետո հրավեր չստանայի… Իսկ իմ տրամադրության տակ այդքան գումար չկար…»: Հետո էլ կատակեց. «Համապատասխան գումար լինելու դեպքում հաջորդ հրավերին անմիջապես կդիմեմ ռիսկի»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ օպերային երգչից պահանջվում է ոչ միայն բարձրակարգ վոկալ, այլեւ խաղ, այնպես որ, միայն հիանալի վոկալ դպրոց անցնելը բավարար չէ, արվեստագետը կրկին անդրադարձավ իր պրոֆեսորին. «Առանց լուրջ վոկալ դպրոց անցնելու՝ օպերային արվեստի մասին խոսելը զուր է: Իմ պրոֆեսորն, օրինակ, ուսանել է Ալեքսանդր Միլովանովի մոտ, այնուհետեւ Թբիլիսիի կոնսերվատորիայում՝ իտալացի մասնագետի դասարանում: Նա ինձ փոխանցել է դեռեւս 17-րդ դարի կեսերին առաջացած իտալական բելկանտոյի (գեղեցիկ երգեցողություն) ողջ գաղտնիքները: Կարծում եմ՝ վոկալիստին հարկավոր է շուրջ տասը տարի, որ նա լիովին ընկալի բելկանտոյի թեթեւությունը, ազատությունը, կատարման նրբագեղությունը: Ինչ վերաբերում է օպերային երգչի խաղին, իմ դեպքում, Սերգեյ Դանիելյանը վոկալին զուգահեռ, դերասանի վարպետության դասեր էր տալիս, ինչն անհրաժեշտ է թեկուզ մեկ արիա ներկայացնելիս… Ուզում եմ հիշատակել մեր կոնսերվատորիային կից Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան, որտեղ ուսանող վոկալիստները հնարավորություն ունեն դերասանական վարպետություն ձեռք բերել: Իհարկե, երգչին անհրաժեշտ են այլ հատկանիշներ եւս՝ ճաշակ, համբերություն, բարոյական բարձր արժեքներ… Կարճ ասած՝ ինձ համար օպերան սկսվում է վոկալի դասատուից»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կոլաժը՝ Գեորգի Առաքելովի մասնակցությամբ օպերաներից:
«Առավոտ» օրաթերթ
13.05.2015 թ