Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օպերայի պրեմիերա՝ Փարիզում

Մայիս 14,2015 13:00

Փարիզաբնակ բաս Սուրեն Շահիջանյանը ներկայացավ իր «Պարտեզի տերը» օպերայով

Փարիզում գործում է օպերային մի թատրոն, որը տեղավորվել է Փարիզի ջրանցքներից մեկի վրա կանգնած մի տափանավի մեջ, և այդպես էլ կոչվում է՝ «Պենիշ-օպերա» («Տափանավ-օպերա»): Այս հաճելի անկյունն արդեն տարիներ ի վեր ունի իր յուրահատուկ երկացանկը եւ մշտապես գրավում է օպերային արվեստի սիրահարներին: Ահա այս թատրոնի ղեկավարության պատվերով էր, որ Սուրեն Շահիջանյանը գրեց իր առաջին օպերան:

Ասում են՝ տաղանդավոր մարդն ամեն բանում է տաղանդավոր: Մենք գիտենք Սուրեն Շահիջանյան հրաշալի երգչին, Սուրեն Շահիջանյան փայլուն դիրիժորին, այսօր ճանաչում ենք նաև շնորհալի կոմպոզիտորին: Մի քանի տարի առաջ էր, երբ Սուրեն Շահիջանյանը հանրությանը ներկայացավ իր առաջին կոմպոզիտորական աշխատանքով՝ Հ. Թումանյանի քառյակների հիման վրա գրած երգաշարով, բարիտոնի և դաշնամուրի համար, որի առաջին կատարման պատիվն ունեցա ես:

Զարմանալի հայտնություն էր ունկնդրի համար. երաժշտական ժամանակակից մտածողությամբ գրված, միաժամանակ մեղեդային և, որ ամենակարևորն է, Թումանյանի բարձր պոեզիային հոգեհարազատ: Հաջողությունն այնքան մեծ էր, որ թվում էր, թե անմիջապես պետք է ծնունդ առնեն մեկը մյուսին հաջորդող նոր ստեղծագործություններ: Սակայն այդ գործին հաջորդողն եղավ տարիների լռությունից հետո ծնունդ առած մի ամբողջ օպերա, լռություն, որը գալիս է վկայելու ստեղծագործողի անբռնազբոս, ոչ պարտադրական ներքին մղումի մասին:

Այսպիսով, Փարիզի «Պենիշ-օպերայում» Սուրեն Շահիջանյանի «Պարտեզի տերը» օպերայի պրեմիերան էր: Լիբրետոյի հեղինակ Դանիելլա Դալլոզը հիացած էր անմահական վարդի մասին հայկական միջնադարյան հեքիաթի փիլիսոփայությամբ եւ գեղեցկությամբ: Թագավորը, որ տիրում է պարտեզին, անմահություն է փնտրում, անմահություն, որը նրան կտրվի, եթե միայն անմահական վարդը ծաղկի: Համոզված իր տիրակալ ուժի մեջ, նա հրամայում է վարդին բացվել: Սակայն վարդը մնում է լուռ ու անտարբեր: Թագավորի կողմից կանչված տասներկու պարտիզպանների ջանքերը նույնպես զուր են անցնում, և նրանք հերթով պատժվում են: Վերջապես գալիս է տասներեքերորդ պարտիզպանը՝ Սամվելը, որի սիրո ջերմության շնորհիվ բացվում է անմահական վարդը: Եվ այդ պահին հայտնվում է մահը ու տանում թագավորին:

Լիբրետոն գրված է ֆրանսերենով, գործող անձինք են վարդը (սոպրանո), տասներկուերորդ պարտիզպանը (տենոր), տասներեքերորդ պարտիզպանը՝ Սամվելը (տենոր), մահը (մեցո-սոպրանո): Թագավորի դերը հանձնարարված է դերասանի: Գործողության ընթացքը ներկայացվում է պատմիչի կողմից (բաս): Տասնվեց հոգուց բաղկացած երգչախումբն իր մասնակցությունն է բերում անտիկ պիեսներում գործող ժողովրդի կերպարի նմանությամբ՝ մեկ որպես ունկնդիր, մեկ որպես գործող անձ: Նվագակցությունը գրված է մինիմալիստական սկզբունքով: Հարմարվելով թատրոնի պայմաններին, հեղինակի նախնական մտահղացման մի քանի երաժշտական գործիքներին փոխարինել է դաշնամուրը: Պահպանվել է միայն հարվածային գործիքների նվագակցությունը: Ներկայացումը սկսվում է վարդի վոկալիզով:

IMG_2619

Սոպրանո Մալիա Բենդի-Մերադը իր ձայնի թեթևությամբ ու ճկունությամբ կարողացավ անմիջապես ստեղծել այն հեքիաթային մթնոլորտը, որը պետք է շարունակվեր ողջ ներկայացման ընթացքում: Նրա երգեցողությանը զարմանալի գույներ էր հաղորդում չելեստայի նվագակցությունը՝ Բենժամեն Սիկի վարպետ կատարմամբ: Պատմիչի դերակատար Վենսան Պավեզին իր գեղեցիկ թավ բասով ներկայացմանը հաղորդեց անհրաժեշտ հանդիսավորությունն ու իմաստությունը: Թագավորի դերակատար Քրիստիան Տերմիսի ստեղծած կերպարը շատ համահունչ էր երգիչների կատարումներին: Անմահ լինելու անհագ ցանկության մերթ կատաղի, մերթ հուսահատական իր խաղով, ինտոնացիաների մեծ ձայնածավալ ունեցող իր խոսքով նա ստեղծում էր մի իրավիճակ, որ ունկնդիրն իրեն հարց էր տալիս, երգեցողությո՞ւն է սա, թե՞ խոսք:

Երկու պարտիզպանների դերերգերը Սուրեն Շահիջանյանը գրել է երկու տենորների համար, դրանով ընդգծելով եւ նրանց աշխատանքի ու նպատակի ընդհանրությունը, եւ այդ նպատակին հասնելու գործելակերպի տարբերությունը, որ բխում է նրանց ներքին էությունից: Իսկ օպերայում այդ տարբերությունն արտահայտվում է երկու երգիչների ձայների միանգամայն տարբեր տեմբրերով: Նրանցից առաջինի (տասներկուերորդ պարտիզպանի) դերակատարն էր Քրիստոֆ Շուվեն: Եվ վերջապես Սամվելը՝ գլխավոր դերը օպերայում: Այս դերում իր գեղեցիկ ձայնով եւ անթերի վոկալով ունկնդրին հիացրեց Ռոմեն Շամպիոնը: Անսպասելի հայտնություն էր մահվան կերպարը, որն իր ձայնի խորությամբ ու թավությամբ հրաշալի ստեղծեց կոնտրալտո Սանդրին Բուկարը: Երգչախումբը «Պենիշ-օպերայում» մշտապես գործող «Սե Պոպ» երգչախումբն էր: Ներկայացման ողջ նվագակցությունն ապահովեց տաղանդավոր դաշնակահար Անտուան Տերնին: Ներկայացումը ղեկավարում էր հեղինակը՝ Սուրեն Շահիջանյանը:

Բեմադրիչ Իվ Կուդրեյի հրաշալի մտահղացման և դեկորատոր Դամիան Շովերտ-Բրոսոի աշխատանքի շնորհիվ բեմի կենտրոնում դրված էր օպերայի բովանդակությունը պատկերող հսկա գիրք, որը դերակատարները թերթում էին ողջ ներկայացման ընթացքում՝ հանդիսատեսին մշտապես պահելով կենդանի հեքիաթի մեջ: Շուրջ մեկ ու կես ժամ տեւող, իր կառուցվածքով և մտածողությամբ յուրօրինակ այս օպերայի լեզուն ֆրանսերենն է: Երաժշտությունը, ինչպես եւ Սուրեն Շահիջանյանի առաջին երգաշարը, գրված է ժամանակակից մտածողությամբ, միաժամանակ մեղեդիական մեծ հոսքով: Հատկապես տպավորիչ են խմբերգային հատվածները և անսամբլները՝ մերթ երգիչների միջև, մերթ երգչախմբի ֆոնի վրա: Հայկական երաժշտությանը քաջատեղյակ ունկնդիրը հեշտությամբ կարող է նկատել այն աղերսները, որ այս օպերան ունի մեր ազգային և հոգևոր երաժշտության հետ: Սուրեն Շահիջանյանը հավատարիմ է մնացել իր հայի էությանը, թեև չկա նրա կողմից օգտագործած հայկական երաժշտության որևէ կոնկրետ թեմա:

Ինչպես ֆրանսիացի երաժիշտներն էին ասում, սա ինքնատիպ մի ստեղծագործություն է, որը միաձուլում է երկու հարուստ մշակույթներ: Ներկայումս երաժշտական շատ գործեր են գրվում, բայց քչերն են թողնում նորից լսելու ցանկություն…Ապրիլյան օրերին, երբ հայ ժողովուրդը, եւ նրա հետ միասին առաջադեմ մարդկությունն աշխարհում ոգեկոչում էին Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը, Սուրեն Շահիջանյանի այս օպերայի ստեղծումը, առանց այդ մասին ցուցադրական որևէ խոսքի, ևս մի ապացույց է հայ ժողովրդի արարչական ոգու անմահության եւ, ինչպես օպերայի հիմնական գաղափարն է, աշխարհը սիրով ծաղկեցնելու և վերափոխելու մեր մշտական ձգտման: Բնականորեն մի հարց է առաջանում. իսկ օպերան կներկայացվի՞ հայ հանդիսատեսին, կկատարվի՞ հայերեն թարգմանությամբ: Չի բացառվում, եթե Հայաստանի համապատասխան մարմինների կողմից հետաքրքրություն և աջակցություն ցուցաբերվի: Իհարկե, ո՛չ հայերեն թարգմանությամբ, այլ գուցե հայերեն արված նոր տեքստային տարբերակով: Հուսա՛նք:

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ

երգիչ, խմբավար, Փարիզ

«Առավոտ» օրաթերթ

13.05.2015 թ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031