Արդեն հայտնի են Մադրիդում մեկնարկած DocumentaMadrid վավերագրական կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Ամփոփված արդյունքների համաձայն՝ գլխավոր մրցանակին է արժանացել բրիտանացի ռեժիսորներ Սաիդա Թաջի Ֆարուքիի և Մայքլ Մակէվոյի «Ասա գարնանը` այս տարի չգա» (Tell spring not to come this year) ֆիլմը, որը պատմում է Աֆղանստանի պատերազմի մասին:
Երկրորդ մրցանակը ստացել է դանիացի ռեժիսոր Հաննա Պոլլակի «Հանուն լավագույնի» (Something Better To Come) ֆիլմը, որի նկարահանումները տեւել են շուրջ 13 տարի: Ֆիլմը Մոսկվայից 20 կմ հեռավորության վրա գտնվող «աղբահանքերի» բնակիչների մասին է, էկրանին Յուլյա անունով մի աղջկա ճակատագիրն է, որին մի կերպ հաջողվում է դուրս պրծնել «աղբահանքերից»:
DocumentaMadrid-ի հատուկ մրցանակ է ստացել Վլադիմիր Տոմիչի «Flotel Europa» ֆիլմը, հանդիսատեսի համակրանքին է արժանացել Դանիայի, Ֆինլանդիայի, Ինդոնեզիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության, Ջոշուա Օպենհեյմերի «Նայիր լռությանը» (The Look of Silence) ֆիլմը: Այն Ինդոնեզիայի ցեղասպանությունը վերապրած ընտանիքի մասին է:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգին է արժանացել կոլումբիացի ռեժիսոր Ալդեմար Մատիասի «Թշնամին» ֆիլմը, այս անվանակարգում երկրորդ մրցանակը տրվել է հոլանդացի Մարթա Յուրկևիչի «10» ֆիլմին, իսկ ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել ռուս ռեժիսոր Անաստասիա Նովիկովայի «Խոսակցություն» կարճամետրաժ ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանը՝ լեհ ռեժիսոր Միխայիլ Շչեսնյակի «Ելման կետը» (Starting Point), որը պատմում է տատին սպանած մի կալանավորի մասին: Այս անվանակարգում հանդիսատեսի համակրանքը շնորհվել է ռեժիսորներ Միշա Լեյնկոֆի, Լուտց Հենկեի և Մաթիաս Վերմկեի «Խորհրդանշական սպառնալիքներ» գերմանական արտադրության ֆիլմին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ կինոփառատոնի կայքի՝ DocumentaMadrid-ը մեկնարկել էր ապրիլի 30-ին եւ ավարտվել՝ մայիսի 10-ին:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.05. 2015 թ.